«Նիկոլի ջանքերը ք․..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են»․ Արմեն Աշոտյան
286
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 22:42
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Փաշինյանի՝ այսօրվա խաչմերուկային զեղումները որեւէ նոր սկզբունքային էլեմենտներ չէին պարունակում։ Ուստի դեռեւս անցյալ տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրված իմ որոշ գնահատականներ ամբողջությամբ պահպանել են իրենց արդիականությունը եւ ներկայացված են ստորեւ։
«Այն, որ «Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում: Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք: 1. Չինաստան- Ճանապարհ և գոտի նախագիծ: Նիկոլի ԽԽ-ն ոչ միայն չկա այդ փաթեթում, այլև չի կարող լինել, քանզի ներկայիս Հայաստանի գեոպոլիտիկ դիրքավորումը չի համապատասխանում Չինաստանի շահերին: 2. Ռուսաստան- Հյուսիս-Հարավ նախագիծ: ՌԴ-ն ոչ միայն ունի ռեգիոնում իր սեփական ծրագրերը, այլև նիկոլական Հայաստանի հետ գտնվում է խորացող ճգնաժամի մեջ: 3. Հնդկաստան- Այս երկիրն ունի լոգիստիկ դիվերսիֆիկացիայի խնդիր, որը հատկապես սրվում է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին: Սակայն միանձնյա չի մտնի նոր նախագծերի մեջ, հատկապես, երբ արդեն երևում է Հյուսիս-Հարավի ռեալ հեռանկարը: 4. եւ 5. ՝ G7 և Եվրոպական միություն։ Երկուսն էլ ունեն իրենց գլոբալ նախագծերը, համապատասխանաբար՝ PGI (Partnership for Global Infrastructure) և Global Geateway: Սակայն երկուսն էլ լինելով հավաքական Արևմուտքի նախագծեր, չեն ներառի այնպիսի շահառու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը: Շարադրվածից պարզ է դառնում, որ տակը մնալու է միայն Թուրքիան, այն էլ՝ խիստ հատվածական և սեփական գերակայություններով: Ուստի ակնհայտ է, որ նիկոլական ԽԽ-ն ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու գաղափար է, այլ մեզանից վերջնականորեն ռեգիոնալ պոլի շոր սարքելու առաջարկ: Փաշինյանի կողմից հորինված նոր խաղալիքը՝ «խաղաղության խաչմերուկը», արդեն արժանացել է բազմաթիվ բովանդակային և վերլուծական քննադատությունների։
Նիկոլական մտքի հերթական տոքսիկ արգասիքն արտաքին շուկաներում ի սկզբանե խոտանված «ապրանք» է, ուստի այդ ցնորքի հիմնական սպառումը իրականացվում է կրկին ներքին լսարանի շրջանակներում։
Ի հավելումն արդեն հնչած փաստերին և փաստարկներին, որոնք արտացոլում են փաշինյանական ԽԽ-ի ցնդաբանությունը, ներկայացնեմ ևս երկուսը։ 1. Հայտնի է, որ ճանապարհատրանսպորտային անվտանգության տեսակետից խաչմերուկները առավել վտանգավոր են։ Նույն օրինաչափությունը գործում է նաև գեոպոլիտիկայի մեջ։ Եթե, ըստ Նիկոլի, Հայաստանը պիտի «խաչմերուկ» դառնա, ապա ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական պատահարների, բախումների, զոհերի և կորուստների քանակը էլ ավելի է մեծանալու։ Սա առավել իրական սպառնալիք է մեր դեպքում, քանզի այլևս աքսիոմատիկ է, որ Փաշինյանը ոչ միայն ի վիճակի չէ կառավարել կամ նվազեցնել ռիսկերը, այլ, ընդհակառակը, նա միայն ավելացնում է դրանք։ Եթե չասենք, որ Նիկոլն ինքնին մեծ ռիսկ է, դրսից կառավարվող, աղետաբեր ռիսկ։ 2. Իհարկե, խաչմերուկներին անվտանգությունն ամրացնելու համար որոշակի կանոններ են սահմանվում, օրինակ, «սվետոֆորներ» տեղադրվում։ Հայաստան-խաչմերուկ կոնցեպտի դեպքում ցավալի փաստ է, որ մեր երկիրը ի վիճակի չէ սահմանել «երթևեկության կանոններ» Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, առավել ևս՝ հետևել այդ կանոնների պահպանմանը կամ պատժել օրինախախտներին։ Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել։ Եվ այստեղից առաջանում է հաջորդ կարևոր հարցը. եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»»։