«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան

Լրագրող Լիաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներելու մասին։ Ես միշտ մտածել եմ, որ ներումը շատ ավելի բարդ ակտ է, քան ընդունված է համարել։ Մարդիկ այն հաճախ միանշանակ են տեսնում, մինչդեռ այս գործողությունը, ինչպես և գրեթե ամեն ինչ, խորապես կապված է կոնտեքստի հետ։ Իմ դիտարկմամբ՝ կա ներման հիմնական չորս տեսակ։
1) Ներում-դեակտուալիզացիա
(Այո, տգեղ անունները ես եմ մտածել)
Սա ներկայից անցյալի ոչ ակտուալ լինելու ընդունումն է։ Երբ քեզ ինչ-որ մեկը նեղացրել է, բայց արդեն այնքան ժամանակ է անցել, համ դու, համ նեղացնողդ այնքան եք փոխվել, որ ձեր կոնֆլիկտն արդեն ակտուալ չի։ Հիշենք բակի ընկերների հետ կռիվները։ Հետագայում ոչ մի լուրջ ծեծ հաճախ էլ ակտուալ չի մնում, իսկ երբեմն անգամ ձևափոխվում և վատ փորձառությունից վերածվում է բարի հուշի։ Նույնկերպ նաև երբ քեզ մեկը վատություն է արել, բայց ասենք իր կյանքում մեկ էլ մեծ դժբախտություն է տեղի ունեցել։ Իր ցավն արդեն համեմատելի չէ քո վիրավորանքի հետ։ Քո նեղանալը կորցնում է իր ակտուալությունը, դու ներում ես։ Այսպես կարելի է բազում օրինակներ բերել։ Ի դեպ սա կարող է աշխատել նաև ինքդ քեզ ներելու դեպքում։
2) Ներում՝ պաշտպանական մեխանիզմ։
Օրինակ՝ ամուսինը նեղացնում է, վիրավորում, բայց կինը գնալու տեղ չունի, կամ վախենում է հանրային պարսավանքից։ Հոգեկան քիչ թե շատ հավասարակշռվածությունը պահպանելու համար առաջ է գալիս «ես նրան ներում եմ» միտքը։ Սա իրականում պաշտպանական մեխանիզմն է։ Մարդը չունի ռեսուրս իրավիճակը փոխելու, բայց և չունի ռեսուրս իրավիճակի հետ առնչվելու։ Նույնը կարող է լինել աշխատավայրում, տնեցիների հետ հարաբերություններում և այլն։ Այս դեպքում ներումը թույլ է տալիս ինքդ քեզ բացատրել, թե ինչու ես դու շարունակում մնալ այս վիճակում, առանց ինքդ քեզ ստորացնող պատասխանի։
3) Ներում՝ պասիվ ագրեսիա։
Հատկապես կանայք են սա շատ կիրառում։ Դե որովհետև մշակույթը հաճախ թույլ չի տալիս նրանց ակտիվ ագրեսիվ լինել։ Աղջիկներ, տեսած կլինեք, էն մի տեսակ սենց Վեհ հայացքով, որ ասում են «Ես նրան ներում եմ» (կապ չունի՝ ում): Որպես կանոն՝ դա նշանակում ա՝ ես նրանից լավն եմ։ Տեսեք, թե ես նրանից քանի գլուխ բարձր եմ։
Այս դեպքում ներումը ոչ թե հաշտության, այլ տեղափոխված ագրեսիայի, ինքնահաստատման ակտ է։
4) Եվ կա իհարկե չորրորդ ներումը։ Պարզապես ներում։
Սա հենց ինքն է։ Երբ դու էմպատիադ այնքան խորն ես միացնում, որ քեզ լիովին կարողանում ես դնել դիմացինի տեղը։ Ու հանկարծ կարողանում ես հասկանալ, թե նա ինչպես է վախենում, բարկանում, քեզնից լարվում կամ նեղվում։ Ու նման դեպքում իրոք ներում ես։ Չնայած այսքանը հասկանալը արդեն մարդուն բերում է առաջին կետին՝ իրավիճակի դեակտուալիզացիային։ Քանի որ եթե կարողանում ես իրավիճակին դիմացինի աչքերով նայել, արդեն իսկ իրավիճակի պատկերը քեզ համար փոխվում է։
Եվ վերջում, իհարկե, ամեն ինչ չէ, որ պետք է ներել։ Երբեք չի կարելի սեփական անձին ստիպել ներել։ «Զոռով ներածը» ձեզ չի ազատելու, անկախ նրանից, թե ձեր քոուչը, հոգեբանը, կամ կրոնական առաջնորդը ինչ է ասում։ Եթե դուք դա չեք ուզում, դա չի աշխատելու։
Նկարում՝ Հռոմի պապը ներում է իր դեմ մահափորձ կատարած թուրք ահաբեկչին

«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
3003:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
6502:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
7401:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
8300:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
8600:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
16200:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
6800:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
156Երեկ, 23:48