«Երբ Հայաստանը ղեկավար ուներ, և՛ դաշնակից ուներ, և՛ վստահելի գործընկերներ»․ Էդուարդ Շարմազանով
135
Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ., 09:42
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակարթությունների ֆորումի» մասնակցությունը, իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի։ Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել և անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։ Ավելին, Փաշինյանը հրաժարվեց պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահը՝ դառնալով ադրբեջանա-թուրքական տանդեմի կամակատար։ Հայ-ադրբեջանական «բանակցություններում» փաստացի ներկայացված էր միայն պանթուրքիզմի ու միջնորդների շահերը, բայց ոչ ՝ Հայաստանի Հանրապետության: Երբ Հայաստանը ղեկավար ուներ՝ և՛ դաշնակից ուներ, և՛ վստահելի գործընկերներ։ Իսկ ՀՀ դիրքորոշումն էլ ընկալելի էր միջնորդ երկների և, մասնավորապես, դաշնակից ՌԴ-ի համար։ Խոսեմ փաստերով… 2016-ի ապրիլին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Երևան։ Երևանում Ս. Լավրովը ՀՀ ԱԳՆ Է. Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։ Լավրովի խոսքով՝ «Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»: Այնուհետև Ս. Լավրովը նշեց, որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995թթ. զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։ Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն, քանի որ Ալիևի նպատակն էր 2016-ի հարձակման հետևանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ, որտեղ Արցախն այլևս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։ Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին նման հնարավորություն չտվեց։ Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Բայց սա ամենը չէ։ Նույն ասուլիսի ժամանակ հայ լրագրողների հարցերին ի պատասխան Լավրովը նշեց, որ «Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները անթույլատրելի են, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ՝ պատերազմի։ Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։ Այս հայտարարություններն արդյունք էին, նախ և առաջ, ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության՝ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ու նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության։ Բայց Լավրովը Երևանում նաև խոսեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։ Լրագրողի հարցին ի պատասխան նա նշեց. «Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից կարող եմ ասել, որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։ Սա հստակ ուղերձ էր, որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների, մասնավորապես, ՌԴ -ի կարծիքները համահունչ են, իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։ Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում, 2016-ի պատերազմից հետո ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայնալիք «Քաղաքակրթությունների ֆորումին»՝ հստակ նշելով՝ նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։ Այնպես որ, խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է»: