Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ապագա ընտրություններում հաղթող ուժերը». Վահե Հովհաննիսյան

«Ապագա ընտրություններում հաղթող ուժերը». Վահե Հովհաննիսյան
240
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 17:54

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապագա ընտրություններում հաղթող ուժերը
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա գալիք ընտրությունների սուր առանձնահատկությունն է լինելու։
Հաջողության են հասնելու այն ուժերը, միավորները, ովքեր հայ ժողովրդին ասելիք կունենան։ Ոչ թե բարձրագոչ խոստումներ ու գեղեցիկ լոզունգներ, այլ ասելիք, որն արագ կարող է վերածվել անելիքի՝ այսօրվա մեր իրավիճակին համարժեք։ Հաջողության բանաձևն է՝ ճիշտ բովանդակություն և ճիշտ դեմքեր։ Ապագան նրանցն է, ովքեր կգան Հայաստանի հետպատերազմյան վերականգնման իրատեսական փաթեթով։
Նրանք, ովքեր կունենան ռացիոնալ ասելիք և հասարակության հետ աշխատելու մտածված ստրատեգիա, ունենալու են հաջողություն։ Եվ ականատեսն ենք լինելու ամենատարբեր կոալիցիաների, համագործակցության ձևաչափերի, որովհետև լինելու է «ասելիքների», մտավոր պոտենցիալի կենտրոնացման անհրաժեշտություն։
Պետք է դուրս գալ. «Ժողովուրդը լիդեր է սպասում, որ հետևից գնա» թակարդից։ Դա ոչ միայն խաբկանք է, այլև այսօր ժողովուրդը կարող է (և պատրաստ է) հոշոտել ցանկացած պոտենցիալ լիդերի։ Ժողովուրդը բովանդակություն և իրական ապագա է սպասում։
Միֆական լիդերը, մինչև վերջ գնալը, «մահապարտ լինելը», անձնազոհության խոստումը հարաբերական հասկացություններ են։ Ամեն ինչ տեսել ենք։
Հասարակության այս վիճակը «ընտրում» է Նիկոլ կամ անտարբերություն։ Իշխանություն փոխելու համար պետք է հասնել հասարակական տրամադրությունների փոփոխության։ Սա հնարավոր է միայն նոր բան առաջարկելով ու մարդկանց հետ ճիշտ հաղորդակցություն կառուցելով։ Կոտրված, պարտված ժողովուրդներին պետք է ցույց տալ ապահովության, արժանապատվության, հանդարտության օդը։ Իսկ սրան հասնելու համար պետք է.
ա. Ապահովել ճիշտ բովանդակություն և ճիշտ դեմքեր
բ. Կազմակերպել համակարգված աշխատանք, թիմեր
գ. Ներդնել անհրաժեշտ ռեսուրս
դ. Գտնել իշխանության ընտրական թեզերի հակաթույնը։ Դա ունիվերսալ լուծում չէ, և ամեն ոչ իշխանական միավոր դա պետք է անի իր հիմնական բովանդակությանը՝ դիրքավորմանը համահունչ։
Այս ընտրությունները նաև առանձնահատուկ են լինելու նրանով, որ քաղաքական դաշտում կա իրական քաղաքական և որակական սերնդափոխության հնարավորություն։ Վերջին տարիներին հանրային դաշտում հայտնվել են բազմաթիվ նոր դեմքեր, որոնք վաստակել են նոր քաղաքական ուժեր, միավորներ ձևավորելու և պայքարին մասնակցելու, իրական սերնդափոխություն իրականացնելու իրավունքը։ Նրանք կարող են հաջողություն ունենալ, քանի որ հասցրել են թրծվել նոր իրականության մեջ, տիրապետում են հանրային իրական տրամադրություններին և ունեն առողջ մղումներ։
Այս ամենը կարող է իրոք փոխել հասարակական տրամադրությունները։ Այս պրոցեսի համար պետք են մոդերատորներ, ոչ թե՝ մեկ լիդեր։ Պետք են մոդերատորներ, ովքեր կփորձեն միավորել թիմեր և գաղափարներ։ Լիդերներ փնտրելու, հորինելու, վերակենդանացնելու փոխարեն պետք է գործել այս ուղղությամբ։ Եվ այս ճանապարհին համայնքային ընտրություններում (օրինակ՝ Գյումրիում և այլուր) կարելի է ձգտել նոր համատեղ ֆորմատների։ Փորձարկել համատեղ աշխատանքի մշակույթը։
Եվ վերջապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենալու են վտանգավոր առանձնահատկություն. արտաքին գործոնը։ Սա մեր այսօրվա «թափանցիկ պետության» ողբերգությունն է, բայց սա փաստ է։ Սա հիմնական ուժերից պահանջելու է բարձր վերկուսակցական գիտակցում՝ համատեղ մեծ ջանքի գործադրմամբ հնարավորինս մեղմել օտար ուժերի և պետությունների ազդեցությունը մեր ներքին գործերին։ Իսկ որ դա լինելու է, հատկապես՝ ոչ բարեկամ պետությունների կողմից, ցավոք, կասկած չի հարուցում»: