«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող լինել ուրացման և ինքնությունից հրաժարման ճանապարհով»․ Իշխան Սաղաթելյան
73 Այսօր, 12:36 «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» միջազգային գիտաժողովին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներակայցուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը․ «Նախ և առաջ պետք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում 2020թ․ պատերազմից հետո։ 2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հասցրեց Արցախին և Հայաստանին, այլև խաթարեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիորեն է գործում ողջ տարածաշրջանում, և դրա վկայությունն են վերջին զարգացումները։ Կարծում եմ, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ հայկական Արցախը զրահաբաճկոնի դեր էր կատարում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար՝ պահպանելով ուժային հավասարակշռություն և տարածաշրջանային կայունություն։ Ի վերջո՝ պետք է գիտակցենք, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն։ Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան։ Պատերազմի արդյունքներն անդրադարձան նաև տասնամյակներ տևած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող բանակցային գործընթացի և տարածաշրջանում նրանց դերակատարության վրա։ Բավական արագ և առաջին հերթին Հայաստանի գործող իշխանության համաձայնությամբ ու թույլտվությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ըստ էության փոխարինեց Թուրքիան։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջև։ Եվ հենց այս համատեքստում մենք արձանագրում ենք իրողություններ, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու՝ այդ բանակցություններին քննարկվում և իրականում մեր նկատմամբ գործադրվում է դենացոնալիզացիայի ծրագիր։ Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը: Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով՝ ● լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ, ● մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ, ● պատմական փաստերի կեղծումով, ● բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ, ● ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով: Հենց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում որպես ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ որպես խաղաղարար։ Այս շղթայի մաս են կազմում Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունները, հայկական բանակի վրա հարձակումները։ Այս երևույթի դրսևորումներն են ՀՀ պետական խորհրդանիշերի, զինանշանի և օրհներգի դեմ հարձակումները, դրանք փոփոխելու առաջին հայացքից անտրամաբանական ցանկությունները, բայց խորքում հայկականության դեմ պայքարը։ Այս գործընթացի դրսևորումն է նաև իշխանության կողմից դաշտ նետվող՝ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստան, Արագա՞ծ, թե՞ Արարարտ արհեստական քննարկումները։ Այս համատեքստում է նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությունից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը։ Այսպիսով միակ իրական առաջարկը, որն արվում է մեզ, հետևյալն է. հրաժարվել հնարավոր բոլոր գործիքակազմերով սեփական իրավունքների պաշտպանությունից և ապավինել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեգթությանը։ Սա ոչ թե խաղաղության հասնելու բանաձև է, այլ ինքնաոչնչացման ուղի։ Մենք մերժո՛ւմ ենք այդ ճանապարհը։ ՀՅԴ-ին հաճախ մեղադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու մեջ։ Իրականում, սակայն, մենք երբեք հանդես չենք եկել նման դիրքորոշումներով, սակայն մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որևէ պայմանավորվածության դեպքում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող լինել ուրացման և ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պետք է ընդունի նաև Թուրքիան։ Հրաժարվելով մեր իրավունքներից՝ մենք հրաժարվում ենք մեր ապագայից։ Սա պարզ ընտրություն է՝ դառնալ ազգային պետություն, որոշել սեփական ճակատագի՞րը, թե՞ անվտանգություն մուրալ թշնամիներից։ Հայաստանի ապագան կարող է կառուցվել միայն ուժի, ազգային արժանապատվության և մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության վրա։ Լիահույս եմ, որ այսօր հրավիրված խորհրդաժողովի զեկուցողները կանդրադառնան բոլոր այս խնդիրներին՝ մեր հայրենակիցներին ներկայացնելով իրականությունը»։ |
Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահի իմպիչմենթին
5813:19«Այս պայմաններում Հայաստանը ջայլամի քաղաքականություն է վարում»․ Արթուր Խաչատրյան
5513:12«Թուրքիան Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում, ուզում է տիրանալ Հայաստանին»․ Մուրադ Փափազյան (տեսանյութ)
5913:00«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող լինել ուրացման և ինքնությունից հրաժարման ճանապարհով»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6812:36«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն»․ խորհրդաժողով՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8311:36Բագրատ Սրբազանի ուղերձը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8411:12«Վստահ չեմ, որ Սիրիայում իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է»․ Տիգրան Աբրահամյան
7111:00Վրաստանում նախագահ են ընտրում․ Զուրաբիշվիլին Ռուսթավելի պողոտայում է (լուսանկար, տեսանյութ)
14810:12