««Բանտային օրագրի» այս գլուխը գրել եմ «Բոլերոյի» հնչյունների ներքո»․ Նիկոլ Փաշինյան
100
Այսօր, 09:48
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «Մեր «Բոլերոն» 12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ շատ արագ՝ այսուհանդերձ գլխի ընկա, որ «Բոլերոն» հնչում է ոչ թե որևէ խցից կամ որևէ խցում, այլ իմ մեջ՝ գիտակցությանս մեջ։ Սկզբում դա ինձ զարմացրեց, դա ինձ անհասկանալի թվաց, հետո հասկացա, որ «Բոլերոն» ինձ ինչ-որ տեղ է հրավիրում, ինչ-որ ճանապարհորդության։ Ու երբ հասկացա՝ ամեն ինչ դասավորվեց մեկ շարքում. պարզ դարձավ, թե ինչու է հնչում «Բոլերոն», և որտեղից է գալիս նրա ձայնը։ 2007 թվականի փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած առաջին հանրահավաքը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 19-ամյակին։ Հրաշալի, պայծառ եղանակ էր, ու երբ տեխնիկան, բարձրախոսները պատրաստ էին գործարկման, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադիր-անդամ Սամսոն Ղազարյանը մոտեցավ ինձ և մի խտասկավառակ փոխանցեց. «Լավ երաժշտություն է, միացնենք հանրահավաքից առաջ»,– ասաց նա։ Նույնիսկ չհարցրեցի, թե ինչ է. ուղղակի միացրեցի, և Ազատության հրապարակում հնչեց Ռավելի «Բոլերոն». հետո միայն սկսվեց հանրահավաքը։ Դրանից առաջ Երևանում հանրահավաք մեկ էլ 2005-ի նոյեմբերին էր տեղի ունեցել՝ սահմանադրական կեղծված հանրաքվեի օրերին։ 2006-ը Հայաստանի համար քաղաքացիական հուսահատության տարի դարձավ, իսկ «Արմատ» կենտրոնի «պադվալում» քաղաքական նոր ուղեգիծ էր մշակվում, և այդ ուղեգծի հեղինակները կարծում էին, որ «հուսահատությունն էլ է ռեսուրս»։ Անկախ Հայաստանի առաջին սերնդի մի խումբ քաղաքական գործիչներ, որ կանգնած են Երրորդ Հանրապետության ակունքներում՝ անփորձ երիտասարդների հետ մի սեղանի շուրջ նստած, քաղաքացիական պայքարի հույս էին փնտրում հուսահատության մեջ։ Եվ գտան։ 2007-ի փետրվարի 3-ին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Այլընտրանքի» մեծ հիմնադիր ժողովը, որը անցավ տրիումֆի ոգով։ 700 տեղանոց դահլիճում մի քանի հարյուր մարդ էլ ոտքի վրա էր կանգնած։ Այդ օրը մենք մի ուղերձ հղեցինք ներկաներին և մի որոշման եկանք նրանց հետ՝ «Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրենքի իշխանություն, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն»։ 2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր. շատ մարդ չէր եկել հանրահավաքի. հազիվ 3-4 հազար։ Ազատության հրապարակում հնչում էր Ռավելի «Բոլերոն», իսկ հարթակում կանգնած էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Սամվել Գևորգյանը, ապագա քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթևոսյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, որ 2008-ի մարտի 1-ից հետո ավելի քան մեկ տարի անցկացրեց ընդհատակում։ Հարթակում էին նաև այժմ արդեն «Ազատության երգերի» հայտնի հեղինակ Մհեր Մանուկյանը, հայտնի հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Հայաստանի քաղաքացիների երեք սերունդ էր ներկայացված հարթակում, և հնչում էր «Բոլերոն»։ Հարթակից բարձր հնչեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր 11 անդամների անունները, և հրապարակը ծափահարեց նրանց։ Մհեր Մանուկյանը ելույթ ունեցավ մի փունջ մանուշակ կրծքին փակցրած. այդ տարի մանուշակները շուտ էին ծաղկել։ Հրանտ Տեր-Աբրահամյանը ելույթ ունեցավ ի պաշտպանություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի. հենց այդ օրերին էր, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հեռուստաեթերից Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, և մենք՝ Հրանտի շուրթերով, նրան ասում էինք՝ դու ո՞վ ես, որ մեր Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանես։ Բայց պարզվեց՝ իզուր էինք պաշտպանում Վազգեն Մանուկյանի արժանապատվությունը, պարզվեց՝ նա չունի դրանից։ 2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր, Ազատության հրապարակում հնչել էր Ռավելի «Բոլերոն», և մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, մի պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ հետևյալի մասին. «Բեսպրեդել կոչվող գազանը այլևս չպետք է տեսնի մեր թիկունքը. նա պետք է տեսնի մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ»։ Նվագարկիչից «Բոլերոն» այլևս չէր հնչում, բայց այն հնչում էր օդի մեջ։ Հանրահավաքից հետո երթ սկսեցինք. դուրս եկանք Սայաթ-Նովա փողոց։ Ոստիկանությունը գրոհեց մեզ վրա. նրանք ուզում էին մեր երթը մայթ տեղափոխել. մենք տեղի չտվեցինք. բեսպրեդելը չտեսավ մեր թիկունքը։ Նա տեսավ մեր աչքերը, նա իր վախճանը տեսավ մեր աչքերի մեջ, նա լսեց մեր «Բոլերոն»։ Երթը պսակվեց տրիումֆով, փոքր՝ բայց տրիումֆով։ Սայաթ-Նովա փողոցը մերն էր, այսինքն՝ քաղաքացունը. սա Հայաստանում առաջին երթն էր 2004-ի ապրիլից ի վեր։ 2007 թվականի փետրվարի 20-ին մանուշակը արդեն ծաղկել էր, փետրվարի 20-ին գարուն էր արդեն. այդ գարնանը Ազատության հրապարակում հնչեց «Բոլերոն», որը Ռավելինը չէր արդեն, արդեն մերն էր այդ «Բոլերոն»։ Մենք այլևս չունեինք խտասկավառակների, ձայնագրությունների կարիք. մենք շրջում էինք Երևանի փողոցներում և ինքներս, ինքներս հնչեցնում էինք մեր «Բոլերոն»։ Ոմանք ուզում էին հավատալ իրենց տեսածին ու լսածին, ոմանք չէին ուզում հավատալ իրենց տեսածին ու լսածին։ Անկախ սրանից, սակայն, «Բոլերոն» հնչում էր, և դա մեր «Բոլերոն» էր, Ռավելը մեզ համար էր գրել այդ «Բոլերոն»։ «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը»՝ ասում էինք մենք և հավատում էինք, որ մեր ձայնը հնչում է, ինչպես շեփորը «Բոլերոյի» մեջ։ Արձագանքը չուշացավ, և մեկին գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, և ակնհայտ դարձավ, որ հունձն առատ է լինելու, և ժամանակն էր մտածել հնձվորների մասին։ Սակավ էին հնձվորները... Մեր երթը հասավ 2007 թվականի Մայիսի 9-ին, և Բեսպրեդելը մեզ դարանակալել էր Նալբանդյան 104-ում՝ ԿԳԲի շենքի մոտ։ Բեսպրեդելը հարձակվեց մեզ վրա, բայց նա չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը լսեց մեր «Բոլերոն»։ Բեսպրեդելը մռնչում էր կատաղած, բայց չկարողացավ լռեցնել մեր «Բոլերոն», և Երևանի Ազատության հրապարակում հայտնվեց Ազատության առաջին վրանը։ Մեր «Բոլերոն» տարերային ու բազմաձայն դարձավ, բայց արդարացավ մեր հույսը. դիրիժորի վահանակը թափուր չէր այլևս, և մեր ձայնը դարձավ ավելի վստահ և անհամեմատ ուժգին։ Հանդարտ հզորություն ստացավ մեր ընթացքը։ Բեսպրեդելը անզոր կրճտացնում էր ատամները, բեսպրեդելը դարանակալել էր մեզ, այս անգամ՝ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում։ Բայց նա սխալվում էր, նա չտեսավ մեր թիկունքը, նա միայն մեր աչքերը տեսավ և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ... Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր էր հնչում, մեր «Բոլերոն» համակել էր ողջ Հայաստանը։ Բեսպրեդելը մռնչում էր խելագար, արյուն էր տենչում Բեսպրեդելը։ Նա ուզում էր տեսնել մեր թիկունքը, նա չէր ուզում տեսնել մեր աչքերը, որովհետև իր վախճանն էր տեսնում մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը դավեր էր նյութում մեր դեմ, Բեսպրեդելը բոլոր կողմերից հարձակվեց մեզ վրա 2008-ի մարտի 1-ին։ Բայց չտեսավ, նա կրկին չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ միայն մեր աչքերը, մեր պսպղուն աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։ Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր է հնչում, այլևս անլռելի է մեր «Բոլերոն», և տրիումֆով է պսակվելու մեր «Բոլերոն»։ Բեսպրեդելը չի տեսնելու մեր թիկունքը, Բեսպրեդելը տեսնելու է մեր աչքերը, և մենք տեսնելու ենք մեր Հաղթանակը՝ նրա աչքերի մեջ։ Նա տեսնելու է մեր Հաղթանակը՝ մեր աչքերի մեջ։ Նա տեսնելու է իր վախճանը՝ Հայաստանի մեջ, մենք տոնելու ենք քաղաքացու Հաղթանակը՝ Հայաստանի մեջ։ Անկասելի է մեր «Բոլերոն»։ Հ.Գ. «Բանտային օրագրի» այս գլուխը գրել եմ Մորիս Ռավելի «Բոլերոյի» հնչյունների ներքո։ Փորձեք ընթերցել «Բոլերոն» միացրած։ Լսեք «Բոլերոն» մինչև վերջ»։