Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Թույլ է տրվել Սահմանադրության և Քրեական օրենսգրքի հոդվածներով պատժելի արարք»․ Նաիրի Հոխիկյան

«Թույլ է տրվել Սահմանադրության և Քրեական օրենսգրքի հոդվածներով պատժելի արարք»․ Նաիրի Հոխիկյան
196
Երեկ, 13:42

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետի հոր արարքը մարդիկ սահուն կերպով տեղավորեցին բարոյական հարթության մեջ, այնինչ թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության և Քրեական օրենսգրքի հոդվածներով պատժելի արարք։
Ես ընդհանրապես արհամարհում եմ ՔՊ-ի չինովնիկների հիմարությունները, բայց ինձ շատ հարազատ մարդու առաջարկով հրապարակում եմ այս փաստերը, որոնցով կարող է ուղղորդվել նաև մեր իրավաբանական համայնքը։
ՀՀ Սահմանադրության հոդված 29-ը սահմանում է խտրականության արգելքը.
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
(Գեղացի համբալներ և Օպել քշողներ)
ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 329-ը սահմանում է. Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը
1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը՝
(Գեղացի համբալներ և Օպել քշողներ)
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
(Ավինյանի հայրը Երևանի քաղաքապետի ընտանիքի անդամ է, մերձավոր շրջապատ)
3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝
(Խտրականություն և ատելություն պարունակող խոսքը հնչել է ԶԼՄ-ով)
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
Այսպիսով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր հրապարակային վիրավորական հայտարարությունը' ուղղված գյուղում ապրող (գեղացի անվանվող) և Օպել մակնիշի մեքենա քշող մարդկանց, կոնկրետ տեղավորվում է ինչպես ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի, այնպես էլ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին, 2.1, 2.2 կետերով։ Մասնավորապես, սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսքը... իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
Ուշադրություն դարձրեք, որ Երևանի քաղաքապետ Ավինյանի ներողությունը ուղղված էր միայն Երևանցիներին, իսկ նրա հոր խոսքը՝ գյուղացիներին ու Օպել քշողներին (իր խոսքով՝ գեղցի համբալներին)։
Սկսել դատական գործընթաց ու օրենքի տառին համապատասխան պատժել հանցագործին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան