Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ալիևը շարունակում է թիրախավորել արևմտյան որոշ երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգին»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ալիևը շարունակում է թիրախավորել արևմտյան որոշ երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգին»․ Տաթևիկ Հայրապետյան
266
Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 18:48

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ալիևի ամանորյա ուղերձի մեկ այլ հատված վերաբերվում էր COP29-ին։ Իր խոսքում, ըստ իս, Բաքվի բռնապետ ղեկավարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այդ համաժողովն իրականում քննադատությունների մեծ ալիք է բերել իր վարչակարգի դեմ։ Դրա հետ մեկտեղ Ալիևը շարունակում է թիրախավորել արևմտյան որոշ երկրների, հատկապես ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգին՝ իբրև խուսափելով անուններ տալուց, բայց շատ հստակ հուշումներ տալով իր խոսքում։

Նա, մասնավորապես, ասել է․ «Այս տարի Ադրբեջանում անցկացվել է COP29 կլիմայական համաժողովը։ Կարող եմ ասել, որ սա մեր անկախության պատմության մեջ ամենախոշոր միջազգային միջոցառումն է, և կարծում եմ, որ այն աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր միջազգային համաժողովն է։ Մենք հաջողությամբ կազմակերպեցինք այս խոշոր միջոցառումը տասնմեկ ամսվա ընթացքում։ Գրանցված 76000 մասնակիցները անմիջականորեն ականատես են եղել Ադրբեջանի պոտենցիալին: Համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել է 197 երկիր, 80 պետությունների և կառավարությունների ղեկավարներ և փոխնախագահներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արևմտյան որոշ երկրների, այսպես կոչված, իրենց վերահսկողության տակ գտնվող ոչ կառավարական կազմակերպությունների և կեղծ լրատվամիջոցների բոլոր ջանքերը, որոնք տասնմեկ ամիս շարունակ ցանկանում էին օգտագործել COP29-ը Ադրբեջանի դեմ, ապարդյուն անցան։ Նրանց քարոզարշավը դեռ շարունակվում է։ COP-ից հետո արդեն մոտ երկու ամիս է, ինչ մեր դեմ չարության, զրպարտության, ստի ու հերյուրանքի արշավ է ընթանում։ Այն նպատակ ունի զրպարտելու Ադրբեջանին և վնասելու հեղինակությունը։ Ես նույնիսկ չեմ ուզում նշել այն երկրների անունները, որոնք կանգնած են այդ արշավի հետևում։ Ադրբեջանական ժողովուրդը հիանալի գիտի այդ երկրները։ Ադրբեջանական ժողովուրդը լավ գիտի, թե հասարակական կազմակերպությունները որ աղբյուրից են միջոցներ ստանում և որ մայրաքաղաքից են հրահանգներ ստանում։ Հուսով եմ, որ հաջորդ տարվա հունվարի վերջից Ադրբեջանի նկատմամբ խտրականության, չարության ու զրպարտության այս քաղաքականությունը կդադարեցվի։ Ամեն դեպքում, մեր հույսերը մեծ են»»։