Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Եթե միջազգային հանրությունը շարունակի անտեսել Ադրբեջանի վարքը, տարածաշրջանը կբախվի զինված բախումների»․ Հենրիխ Դանիելյան

«Եթե միջազգային հանրությունը շարունակի անտեսել Ադրբեջանի վարքը, տարածաշրջանը կբախվի զինված բախումների»․ Հենրիխ Դանիելյան
112
Այսօր, 14:30

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կովկասյան տարածաշրջանը շարունակում է մնալ լարվածության և վտանգների կիզակետում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեռորիստական ու սադրիչ ելույթները ոչ միայն ներքին լսարանին ուղղված քարոզչական միջոց են, այլև իրական սպառնալիք տարածաշրջանային խաղաղության համար։ Նրա գործողությունները՝ Թուրքիայից և արևմտյան որոշ կենտրոններից ստացած աջակցությամբ, նպատակ ունեն խաթարել կայունությունն ու խորացնել ճգնաժամը տարածաշրջանում։
Նրա գործողությունները ուղղված են երկու հիմնական նպատակների հասնելուն․
1. Ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, ինչը համապատասխանում է Անկարայի երկարաժամկետ ընդլայնման ռազմավարությանը։
2. Ստեղծել լարվածություն, որը կարող է նրան տրամադրել լրացուցիչ լծակներ միջազգային կառույցների վրա ճնշում գործադրելու համար։
Ալիևի հայտարարությունները՝ կապված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հետ, նրա անօրինական պահանջները «Զանգեզուրյան միջանցքի» շուրջ և Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները միայն խոսքեր չեն։ Դրանք կազմում են հստակ մշակված ռազմավարություն՝ ուղղված տարածաշրջանային սահմանների վերանայմանը և քաղաքական ուժերի վերաբաշխմանը։
Եթե միջազգային հանրությունը շարունակի անտեսել Ադրբեջանի վարքը, ապա տարածաշրջանը կբախվի նոր զինված բախումների, որոնց հետևանքները անկանխատեսելի կլինեն։
Այս իրադրության մեջ առանցքային դեր ունի Թուրքիան։ Անկարան բացահայտորեն աջակցում է Բաքվին՝ օգտագործելով նրան որպես գործիք իր ռազմավարական ծրագրերի իրականացման համար։ «Թյուրքական միասնության» գաղափարը պարզապես քողարկում է ավելի խորը նպատակները, որոնք ներառում են նոր հաղորդակցական ուղիների ստեղծում դեպի Կենտրոնական Ասիա։
Բացի այդ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան նպատակ ունի թուլացնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի հետ համագործակցությունը ծառայում է նրա տնտեսական, քաղաքական ու ռազմավարական շահերին։
Արևմուտքը ևս շահագրգռված է աջակցել Թուրքիային և Ադրբեջանին՝ նրանց օգտագործելով որպես գործիք ընդդեմ Ռուսաստանի և Իրանի։ Այս իրավիճակում Ալիևը դարձել է օտար շահերի սպասարկու, որը պատրաստ է զոհաբերել իր ժողովրդի ապագան՝ հանուն այլոց նպատակների։
Հայաստանը ներկա պայմաններում բախվում է բազմակողմանի վտանգների։ Այս մարտահրավերները պահանջում են ոչ միայն պատասխանատու քայլեր, այլև հստակ ու երկարաժամկետ ռազմավարություն։ Սակայն, ցավոք, ներկայիս իշխանությունը չի ցուցաբերում իրավիճակի խորքային ըմբռնում կամ լուծումների մտածված մոտեցում։
Մենք պարտավոր ենք ամրապնդել մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և առանցքային գործընկերների՝ Իրանի և Չինաստանի հետ։ Արևմտյան գործընկերների հետ ևս պետք է վարել բալանսավորված և կանխատեսելի քաղաքականություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Միայն այդ կերպ Հայաստանը կկարողանա դիմակայել արտաքին ճնշումներին և պաշտպանել իր ինքնիշխանությունը։
Կովկասի տարածաշրջանը կանգնած է պատմական բեկման շեմին։ Հայաստանն այս պայմաններում պարտավոր է ցուցաբերել միասնականություն, հետևողականություն և ռազմավարական մտածողություն։ Մեր երկրի անվտանգությունը մեր սեփական ձեռքերում է, և դա հնարավոր է վերականգնել հայրենասեր, գրագետ և պատրաստակամ իշխանության ձևավորմամբ։ Մեր պարտքն է չհապաղել ու գործել այսօր՝ պաշտպանելով մեր երկրի ու ժողովրդի ապագան»։

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան