Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»

Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
112
Այսօր, 08:54

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև հունվարի 10-ին՝ ուրբաթ օրը կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել:
«Մեզ պատմեցին, որ անհետ կորած զինվորների ծնողները շատ վրդովված են եղել ու խստորեն պահանջել են, որ իրենց որդիների ճակատագրի մասին հստակ տեղեկություններ վերջապես տրամադրեն: Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին ոգևորված ու բարձր տոնայնությամբ պատասխանել է ծնողներին, պահանջել՝ նախ իր հետ «այդպես» չխոսեն, ինչն իրավիճակն ավելի է լարել. հնչած բղավոցները միջանցքում են անգամ լսելի եղել: Հետո, սակայն, Անդրանիկ Քոչարյանը տեղի է տվել ծնողների ճնշումներին, հանդարտվել է ու խոստացել է ևս մեկ հանդիպում կազմակերպել ԱԺ-ում և հստակ պատասխաններ տալ ծնողներին:
Հիշեցնենք, որ տարեվերջին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բայց այդ օրը Քոչարյանը չընդունեց ծնողներին։ Ավելի ուշ նրանց ընդունել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոստանալով հանդիպում կազմակերպել: Հանդիպումը կազմակերպվեց, բայց անհետ կորած զինծառայողների հարազատները իրենց հուզող հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել:

Փորձեցինք այս հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ հանդիպման կողմերից: Սակայն Անդրանիկ Քոչարյանն ի սկզբանե հրաժարվել էր մեզ հետ զրուցելուց, իսկ ծնողները չցանկացան իրենց անուններով հանդես գալ՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում կվնասեն իրենց երեխաներին»:

Մանրամասները՝ թերթի համարում: