Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ալիևին հզորացնողը միշտ մեր գավառամիտ ղեկավարներն են եղել»․ Վահրամ Մարտիրոսյան

«Ալիևին հզորացնողը միշտ մեր գավառամիտ ղեկավարներն են եղել»․ Վահրամ Մարտիրոսյան
192
Երեկ, 12:18

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր մոտ, ինչպես նաև վերջերս ուկրաինացիների մոտ, մի երևույթ եմ նկատել՝ իբր Ադրբեջանը շատ հմուտ քաղաքականություն է վարել ու վարում, և պետք է իրենցից օրինակ վերցնենք։
Նախ սկսեմ Ադրբեջանի մասին, որպես երկիր, հետո կխոսեմ իրենց տարած հաղթանակների մասին։
Ադրբեջանը դասական ռազմական դիկտատուրա է, որտեղ ռազմական ծախսերը երբեք չեն համապատասխանել իրական ՀՆԱ-ին, ու հիմա էլ չեն համապատասխանում։ Ժողովրդին սուխոյ պայոկի վրա նստացնելու հաշվին կարողացել են ստանալ հարաբերականորեն հզոր բանակ։ Ուղղակի նայեք Ադրբեջանի հետ նավթի արդյունահանում-բնակչություն համադրելի կատեգորիայով երկրներին, օրինակ Ղաղախստանին։
Այս նույնը անում է Կիմ Չեն Ընը, անում էր Սովետական Միությունը։ Եթե հիմա Հարավային Կորեայում իշխանության գա մի տգետ մոլագար, իսկ Ընը օգտվի առիթից, հարձակվի Հարավի վրա և հաղթի, հետաքրքիր է՝ նույն Ալիևին մեծարողները արդյո՞ք Ընին էլ նույն կերպ կգովերգեն և կպատմեն, թե Հյուսիսային Կորեան ինչ հրաշալի երկիր է։
Նույն կերպ, եթե Ադրբեջանում հեղափոխություն լիներ (որի պատճառները ավելի շատ են, քան Հայաստանում), և իշխանության գար մերի նման մի տգետ մոլագար, ով իր առաջին քայլով բանակից հեռացներ կարող հրամանատարներին, ապա պատերազմի ամենաթեժ պահին զորքերի համալրումը դադարեցներ և միաժամանակ բանակի կեսին մարտի մեջ չմտցներ։ Արդյունքում բոլորը կասեի՞ն, թե Հայաստանի առաջնորդները ինչ իմաստուն են, իսկ երկիրն էլ՝ օրինակելի։
Մինչ պատերազմն էլ Ալիևին հզորացնողը միշտ մեր գավառամիտ ղեկավարներն են եղել։ Հիշում եք, ով Հայաստան էր գալիս, պարտադիր պետք է Ադրբեջան էլ այցելեր։ Ասենք Հռոմի Պապը կամ երկրների ղեկավարները ինչի պետք է Հայաստանից հետո անպայման այցելեին Ադրբեջան։ Այս երևույթի դեմը նույնիսկ չեն էլ փորձել առնեն, իսկ հիմա իրենց «հզոր» դիվանագիտությունից են պատմում։ Նիկոլի ֆոնին բոլորն էլ ահավոր խելացի ու ուժեղ են երևում։
Ադրբեջանի դիրքը մեր հաշվին էր, ու հիմա էլ իր այդ երևացող հզորությունը մեր հաշվին է։
Մեր ներկայի ու ապագայի համար կենսական նշանակություն ունի մեր պարտության և թշնամու հաղթանակի իրական պատճառների վերհանումը»։