«ՀՀ իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը». Ռուբեն Մելքոնյան
187
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 20:24
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է Հայաստանին դեռ 1990-ականների սկզբին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների «առաջին տասնյակում» առկա են՝ - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը և դրան առնչվող «անցյալի հիշողությունների հիման վրա Թուրքիայի դեմ թշնամանքի դադարեցումը», - Արարատ լեռը՝ որպես սիմվոլ, հեռացնելը, - Կարսի պայմանագրի ճանաչումը, - Անկախության հռչակագրի փոփոխությունը և այլն։ Կապիտուլիացիան թերևս ունի տեսական և գործնական հարթություններ․ եթե դու ընդունում ես թշնամի-հակառակորդի պահանջներն ու նախապայմանները տեսական հարթությունում, ապա դրանց գործնական կիրառումը, ինչպես ասում են՝ տեխնիկայի և ժամանակի հարց է։ Թուրքիայի ներկայացրած նախապայմանները և Հայաստանի այս պահի իշխանությունների իրականացրած որոշակի քայլեր տառացիորեն համընկնում են։ Ուստի, Հայաստանի գործող իշխանության այն քայլերը, հայտարարությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ժամանակ առ ժամանակ փոթորկում են հայության գիտակից հատվածի զգացումները, ընդամենը տեսական կապիտուլիացիայի՝ Թուրքիայի նախապայմանների ընդունման, գործնական կիրառումներն են։ Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը, իսկ իշխանական թեզերը՝ ինքնիշխանության, պրագմատիզմի, իրական ու պատմական Հայաստանների, Արարատի ու Արագածի հակադրության և այլն, ոչ այլ ինչ են, քան չստացված քաղաքական խուսանավումների փորձեր։ Եվ զարմանալ կամ անակնկալի գալ Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան, Անկախության հռչակագրի, պատմական հիշողության, ազգային ինքության և այլ հարցերի հանդեպ իշխանության քայլերից, վաղուց արդեն պետք չէ, անգամ անհույս լավատեսների պարագայում դա արդարացված չէ։ Սակայն զարմանալ կարելի է հայաստանյան հասարակության մի մասի և հատկապես՝ գիտական շատ որոշակի շրջանակների՝ ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, «խորը ակադեմիական» լռության, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգի տակ պախկված վախվորած պահվածքի, ինչպես նաև Սփյուռքի որոշ շրջանակների անհասկանալի «պետականամետ պահվածքի» վրա։ Իսկ իշխանությունների քայլերը՝ իբրև թե քննադատող, սակայն հավասարության գծեր տանող, կեղծ օբյեկտիվության պատրանք ստեղծող, որպես անկողմնակալ մտածողներ ներկայացող երեսպաշտների զանգվածի հանդեպ ոչ թե զարմանք, այլ օբյեկտիվ արգահատանք կարելի է տածել միայն։ Հ․Գ․ Ի դեպ, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգն իրեն լիովին սպառել է, քանի որ մինչ որոշ գիտնականներ, մտավորականներ իրենց վախը և հարմարվողականությունը քողարկում են այդ տխրահռչակ ու կեղծ լոզունգի ներքո, իշխանությունները և նրանց ղեկավարն ինքն է մտել «գիտության» ասպարեզ և ակտիվորեն զբաղվում է պատմագիտությամբ, ցեղասպանագիտությամբ, ազգագրությամբ, սոցիոլոգիայով, մշակութաբանությամբ, հոգեբանությամբ և էթնոլեզվաբանությամբ»: