Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, հերթով կաներ այն ամենը, ինչ կատարվում է». Սևակ Հակոբյան

«Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, հերթով կաներ այն ամենը, ինչ կատարվում է». Սևակ Հակոբյան
225
Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 00:54

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատկերացրեք մի պահ, որ իրոք, Հայաստանի ղեկավար է ընտրվել ծպտված թուրք կամ թուրքերի կողմից ներդրված մարդ
Հաճախ եմ լսում տարբեր մարդկանցից, որ ասում են՝ Հայաստանում հաստատված է թուրքական իշխանություն։ Վերջերս ակցիայի ժամանակ նախկին վարչապետներից մեկն ասում էր՝ սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Հայաստանում։ Չենք կարող վերջնականորեն ասել, որ Նիկոլը թուրքերի պատրաստած-ներդրած գործիչ է կամ գործակալ է կամ հենց թուրքական իշխանության ներկայացուցիչ է, բայց որ մեր երկրում կայացվող բազմաթիվ խոսույթները ու հետո որոշումներ ձեռնտու են միմիայն թուրքերին, ակնհայտ է։
Երբ որևէ երկրում իշխանության են գալիս, այն ծրագրերը կամ էն, ինչ իր գլխում կա, հո միանգամից չի՞ իրականացնում։ Ոչ, իհարկե, սովորեցնելով, քայլ առ քայլ, կառավարման ժամկետի ընթացքում է արվում։ Պատկերացրեք մի պահ, որ իրոք, Հայաստանի ղեկավար է ընտրվել ծպտված թուրք, կամ թուրքերի կողմից ներդրված մարդ։ Աներևակայելի բան չէ, զարմանալու էլ չէ, պատմության մեջ կան այդպիսի օրինակներ։ Հիմա իրավիճակը պատկերացնում ենք, որ հասկանանք, իսկ ի՞նչ կլիներ, եթե այդպես լիներ։ Հայաստանի վերաբերյալ իր, կամ իրեն ուղորդողը իր ծրագրերը հո մի որոշմամբ ու կտրուկ չէ՞ր լուծելու, չէ՞։ Կսահմաներ հերթականություն, գիծ, պլան։
Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, Հայաստանի բոլոր անվանի գործիչներին, հերոսներին, գեներալներին հանրությունից կմեկուսացներ կամ կվարկաբեկեր։ Թեկուզ որ որևէ գեներալի, հերոսի կոչով որևէ մեկը զենք չվերցներ, օրինակ։
Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, հետևողական քայլերով իր փոքր եղբորը՝ Ադրբեջանին կհանձնե՞ր Արցախը, հետո դե երևի բոլորին կհամոզեր, որ վերջ, այդ էջը փակված է, մոռացե՛ք, Մինսկի խումբ-բան, սաղ լուծարել կտար, կարգելեր որ արտաբերեն Արցախ բառը ու հա, ամենակարևորը, կհամոզեր, որ այդ Արցախ, պայքար բանը, այդ բոլորը ռուսի սարքածն էր, որ մեզ իր ազդեցության տակ պահեր։
Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, ամեն ինչ կաներ Հայաստանը մեկուսացնելու, դաշնակիցներից զրկելու, զինվելուց զրկելու համար։ Պատկերացնո՞ւմ եք, որքան ջանք պետք կլիներ գործադրել, որ բերեր, հասցներ էն վիճակին, որ փողը մուծեինք՝ զենք չտային, զենք առնեինք՝ որևէ երկիր չթողներ իր տարածքով բերենք։
Մենք միշտ մեծ ազդեցություն ենք ունեցել այլ երկրներում, նաև մեր մեծաքանակ ու ազդեցիկ Սփյուռքի մեր հայրենակիցներով։ Շատ շատերը հարուստ են, ազդեցիկ, կապերով, տաղանդով, հայտնի են և այլ։ Բոլորս գիտենք, տեղյակ ենք, հպարտանում ենք։ Հիմա, իսկ ի՞նչ կաներ Հայաստանի մի ղեկավար, եթե լիներ թուրք․ հետևողականորեն կկտրեր կապերը այդ ազդեցիկ հայրենակիցների հետ․ քիչ-քիչ կկտրեր, չէ՞, սփյուռքահայերի ոտքը ստեղից, կհիասթափեցներ մայր հայրենիքից, այդպես չէ՞, դա չի եղե՞լ մեր հարևան Թուրքիայի երազանքը։
Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, ժողովրդին կճնշեր հարկերով, տուրքերով, տուգանքներով, որպեսզի լինեին ճմշման ու հսկողության տակ, որ հանկարծ չթպրտան, չհարստանան, սկսեն մի քիչ էլ մտածել այլ՝ ավելի արժեքավոր բաների մասին, քան միայն կենցաղն է։
Ի՞նչ կաներ Հայաստանի ղեկավարը, եթե լիներ թուրք․ իհարկե, առաջին հերթին, կկատարեր այն, ինչի մասին խոսում են բոլոր թուրքական իշխանությունները, արդեն 100 տարուց ավելի․ կասկածի տակ կդներ և մի օր կուրանար Հայոց ցեղասպանության փաստը և արդարության հաստատման ազգային ձգտումը։ Հետևողական, քայլ առ քայլ, հայտարարելով, թե պետք է լայն քննություն լինի՝ հասկանալու համար իրականում ինչ էր դա, հետո կասեր, որ հավասարաչափ մեղավոր են թե՛ հայերը, թե՛ թուրքերը, թե՛ էն կողքի մողքի ազգերը, օրինակ՝ ռուսները, որ թշնամացրել են երկու բարեկամ ժողովուրդներին։ Դա է միշտ եղել մեր հարևանի ձգտումը, դա են միշտ իրենք փորձել քարոզել մեր ազգին՝ հույս ունենալով, որ դե մի օր կմոռանան, կանցնի։
Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, հաջորդ քայլով կասեր՝ մոռանանք խնդիրները, քանդենք սահմանները ապրենք բարեկամների պես, նրանք գան մեր երկրում ապրեն, մենք գնանք իրենց երկրում ապրենք։ Ի միջի այլոց, այդ նույն խոսույթներով են կերակրել նախորդ դարի սկզբին հայերին՝ արևմտյան Հայաստանում, ու դե «բարեկամանալը» տեսել ենք։
Հայաստանի ղեկավարի ազգանունն ավարտվում է յանով, բայց մեր երկրում հերթականությամբ կատարվում է այն, ինչ թուրքերի, ադրբեջանցիների սրտով է։ Այս ամենը միանգամից չի արվել, չէ՞, էս ամենը, արվել ու արվում է հերթով, քայլ առ քայլ»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան