«Որևէ մեկը նո՞ր է բացահայտել, որ ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ գործիք է». Հակոբ Բադալյան
88
Այսօր, 15:42
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ոչ թե ցեղասպանության ուրացում կամ ժխտում են՝ դա անհնար բան է, այլ այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումների վերանայում: Դրա ներքո հասկացվոում է հետեւյալը՝ ԽՍՀՄ-ը, ռուսները, ցեղասպանության հարցը դարձրել են գործիք Թուրքիայի դեմ, եւ օգտագործում են մեր էմոցիաները: Իսկ ի՞նչն է այստեղ նորություն: Որեւէ մեկը նո՞ր է բացահայտել, որ ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ գործիք է, ընդ որում ոչ միայն ռուսների կամ ԽՍՀՄ ձեռքին: Այն գործիք է եղել եւ գործիք է լինելու բոլոր ուժային կենտրոնների ձեռքին: Խիստ միամիտ է մտածել, թե Ֆրանսիան օրինակ ճանաչման հարցում եղել է առաջամարտիկ երկրներից մեկը, որովհետեւ շատ շատ է սիրել հայ ժողովրդին կամ ստիպված է եղել զիջել հայ համայնքի ակնկալիքներին կամ պահանջներին: Կամ, ԱՄՆ նախագահները պարզապես նախընտրական նպատակով են ամեն նախագահի ընտրության խաղարկել խոստումները: Բոլոր ուժային կենտրոններն էլ հակված են միմյանց դեմ օգտագործել խոցելիության ցանկացած առիթ կամ պատճառ: Սա որեւէ մեկի համար երբեւէ եղել է նորությու՞ն, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու համակիրները հենց որպես լուսավորչական հայտնագործություն են ներկայացնում այն, երբեմն ուղղակի, երբեմն անուղղակկի, բայց շատ թափանցիկ մեղադրելով «չհասկացողներին»: Եթե այդ ամենը չի եղել հայ հանրության հասարակական-քաղաքական խոսույթի, «դիսկուրսի» առանցքային հարց, ապա դա ոչ թե չհասկանալու պատճառով, այլ որովհետեւ այդտեղ չկա որեւէ «ափ», որտեղ մենք կարող ենք հանգրվանել «ոչ գործիքի» կարգավիճակում: Այդպիսի միակ ափը հենց Թուրքիան է, բայց այդ պարագայում էլ մենք դադարում ենք լինել գործիք Թուրքիայի հետ այս կամ այն հաշիվը կամ խնդիրը ունեցող որեւէ ուժային կենտրոնի համար եւ դառնում ենք գործիք Թուրքիայի ձեռքին: Մանեւրի լավագույն տարբերակը՝ լռությունն է, առավել եւս պետական մակարդակով, բայց նաեւ՝ հասարակական-քաղաքական գերակա խոսույթի: Խոսքը հենց կոնկրետ հարցի մասին լռությունն է, այլ ոչ թե, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերության: Որովհետեւ հարեւանների հետ հարաբերության կարգավորման մասին խոսել պետք է: Բայց, Հայաստանն այս ընթացքում գտել է թերեւս ամենաօպտիմալ եւ թերեւս անխոցելի բանաձեւը՝ խոսել առանց նախապայմանների: Երբ պետական մակարդակով «քննարկում» է բացվում մի հարցի շուրջ, որին ձեռք տալը այլ բան չէ, քան բացել «Պանդորայի արկղ», բացարձակ չունենալով դրա պարունակության հանդեպ որեւէ ազդեցություն, ապա խոցելի դառնում է միայն ու միայն Հայաստանի մանեւրի հնարավորությունն ու այս տարիների պետական դիրքորոշումը՝ «առանց նախապայմանների»: Կառաջանա հարց, ինչպե՞ս առանց նախապայմանների, եթե Հայաստանը հայտարարի, որ իր արտաքին քաղաքական օրակարգում է ցեղասպանության ճանաչման հարցը: Այո, այդ հարցը տեղին կլիներ, եթե Հայաստանն այդ պահանջը ներկայացներ Թոււրքիային: Բայց, Հայաստանը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իր պետական դիրքորոշման հիմքում դրել է ոչ թե Թուրքիայի հանդեպ որեւէ պահանջ, այլ՝ ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային առաքելությունը: Այլ կերպ ասած, հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանը դիտարկել է ցեղասպանությունների կանխարգելման, ոչ թե Թուրքիայի հանդեպ պահանջների տրամաբանության մեջ: Ավելին, Հայաստանի ղեկավարներն այդ ընթացքում բազմիցս նշել են, որ Հայաստանը պարզապես իրավասու էլ չէ Թուրքիայի հանդեպ ունենալ այդ առնչությամբ տարածքային կամ փոխհատուցման պահանջներ: Այդ ամենով հանդերձ, այո, բուն հարցը՝ շեշտադրե՞լ ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, թե՞ ձեռնպահ մնալ շեշտադրումից կամ արձանագրումից, իմ գնահատմամբ՝ կարող է լինել քննարկելի հարց: Բայց, ոչ միայն բարոյական եւ արժեհամակարգային, այլ տվյալ պարագայում նաեւ պետական քաղաքականության առումով անթույլատրելի է հռչակել կամ ազդարարել ցեղասպանության փաստի՝ թեկուզ պատմական «ասպետկային» քնննարկում: Որովհետեւ, դա արդեն Հայաստանի հանրապետությանը դիրքավորում է ոչ թե ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային իրավա-քաղաքական եւ քաղաքակրթական դիրքում, այլ ըստ էության «ցեղասպանությունների արադարացման», ուղղակի, թե անուղղակի: Ինչ խոսք, «կանխարգելման» դիրքում գտնվելը ամենեւին չի կարող դիտվել անվտանգության հուսալի երաշխիք: Բայց, այդ դիրքից դուրս գալը եւ «արդարացման»՝ կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի դիրքում հայտնվելը ոչ թե անվտանգության, այլ հենց վտանգի երաշխիք է: Որովհետեւ, պատասխանատվությունը տեղափոխում է մեզ վրա, քանի որ միշտ հնարավոր է լինելու ասել, թե մենք «ճիշտ հետեւություն չենք արել», «ճիշտ դաս չենք քաղել»: Նաեւ դրա համար է, որ պարբերաբար խոսել եմ նաեւ պատերազմի առնչությամբ, որ անթույլատրելի է պատերազմի պատասխանատվությունն Ադրբեջանից «բերել» Հայաստան: Պարտության պատասխանատվությունը, Արցախի կորստի պատասխաննատվությունը՝ այո, եւ պետք է լինի միայն ու միայն Հայաստանում, բայց պատերազմի, ագրեսիայի պատասխանատվությունը Հայաստան «բերելը»՝ լինի բերել «նախկինի», թե «ներկայի» վրա, նույնիսկ անթույլատրելի եւ վտանգավոր սխալ է, ինչպիսին ցեղասպանության ասպեկտների քննարկում հռչակելը»: