«Տարածաշրջանում կրոնական հանդուրժողականությունն ավելի իրատեսական է դարձնում կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում»․ Նիկոլ Փաշինյան
![]() 239 Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 01:00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգթոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով և պատասխանել հարցերին: Իր ելույթում նա մասնավորապես նշել է. «Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ է այս շատ կարևոր թեմայի շուրջ կարծիքներով կիսվելու այս հնարավորությունն ունենալը։ Իմ տեսանկյունից կրոնի ազատությունը ժողովրդավարության մասին է: Չի կարող լինել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության, քանի որ ազատ լինելը նշանակում է ազատ լինել Աստծո ընկալման և կրոնի ընկալման մեջ: Բայց լինել ազատ, մյուս կողմից, նշանակում է հանդուրժողականություն ուրիշների կրոնական հայացքների նկատմամբ, և մեկն առանց մյուսի կարող է հանգեցնել կրոնական մոլեռանդության և ծայրահեղականության։ Աստծուն հավատալը կամ չհավատալն անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է: Ինչպե՞ս հավատալ Աստծուն, ո՞ր կրոնի միջոցով՝ դա անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է: Իհարկե, ԱՄՆ-ն օրինակելի և առաջատար երկիր է բոլորի և բոլոր կրոնների համար՝ կրոնական ազատություն ապահովելու գործում: Այս ըմբռնումով էր, որ Հայաստանը միացավ ԱՄՆ-ի ոգեշնչմամբ ստեղծված Կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքին 2020 թվականի փետրվարին՝ նախագահ Թրամփի առաջին նախագահության օրոք։ Տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և դա բնական է, որովհետև Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և դա արվել է դեռևս 301 թվականին Հայոց թագավոր Տրդատ 3-րդի կողմից։ Այդ պահից Հայ Առաքելական եկեղեցին էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար։ Հայաստանում ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցին, ունենք նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, որոնք գործում են ազատորեն և մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ։ Կան նաև այլ կրոնական կազմակերպություններ՝ հիմնված քրիստոնեության վրա, և նրանք գործում են ազատ։ Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը, և վերջերս Հայաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։ Հայաստանում ունենք Ռուս Ուղղափառ եկեղեցու, ասորական եկեղեցու, ռուս մոլոկանների, հեթանոսների ներկայությունը։ Հայաստանի հրեական համայնքը թեև փոքր է, բայց կարևոր դեր է խաղում մեր բազմազան հասարակության մեջ՝ իր հոգևոր կյանքով, որը կենտրոնացած է Երևանի Սինագոգի շուրջ: Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք գործող մահմեդական մզկիթ ունենք, որը մեր մշակութային ժառանգության շատ կարևոր մասն է։ Տիկնայք և պարոնայք, Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է: Տարածաշրջանային հարաբերությունների առումով չորս հարևան երկրներից երեքը՝ Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, հիմնականում մահմեդական բնակչություն ունեն։ Մեր մյուս հարևան Վրաստանը հիմնականում քրիստոնյա բնակչություն ունի՝ մեծ մահմեդական համայնքով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրոնական հանդուրժողականությունը մեր տարածաշրջանի կայունության համար։ Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում, և դա ավելի իրատեսական է դարձնում կայուն խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: Եվ մենք հույս ունենք, որ մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել»: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
