Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Խաղամոլությունն ու թմրամոլությունը հատկապես վառ արտահայտվեցին այս իշխանությունների օրոք»․ Արամայիս Աղաբեկյան

«Խաղամոլությունն ու թմրամոլությունը հատկապես վառ արտահայտվեցին այս իշխանությունների օրոք»․ Արամայիս Աղաբեկյան
188
Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 14:18

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգային անվտանգության սպառնալիքների մեջ ոչ պակաս քայքայիչ են խաղամոլությունն ու թմրամոլությունը: Առաջինի դեմն առնելու իրական քայլերից խուսափելու համար հորինվել է «իր փողն է, ինչ ուզում է՝ անում է» հիմարությունը։ Սա մոտավորապես նույնն է, թե մայրը վնասի իր երեխային, իսկ պետությունը ասի՝ «իր երեխան է, ինչ ուզում է՝ անում է»։ Միգուցե անտեղի համեմատություն թվա, բայց իրականում՝ ոչ, քանի որ խաղամոլը իր «հիվանդությամբ» առաջին հերթին վնասում է իր ընտանիքի անդամներին, սակայն դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում։
Հաշվի առնելով խնդրի խորությունը՝ լուծումները պետք է լինեն ծայրահեղ. օնլայն խաղատների տոտալ արգելքն ու VPN-ով մուտք գործելու դեպքում սահմանված պատասխանատվությունը, ընդհուպ մինչև քրեական պատիժ։ Միաժամանակ, անհրաժեշտ են կրթական ու հոգեբանական միջոցառումներ,մարդկանց «բուժումը» այս աղետից պարտադիր է։
Թմրամոլության հարցում նույնպես պետք են ծայրահեղ լուծումներ։ Նախօրոք նշեմ, որ ես կողմնակից եմ մարիխուանայի օրինականացմանը՝ խիստ պետական վերահսկողությամբ և հստակ սահմանված ընթացակարգերով։ Այս թեման մի օր կցանկանամ ավելի մանրամասն բացել և լսել տարբեր տեսակետներ։
Ինչ վերաբերում է քիմիական ծագում ունեցող թմրամիջոցների շրջանառությանը, ապա դրա դեմ պետք է պայքարել ծայրահեղ միջոցներով՝ սահմանելով ցմահ ազատազրկման պատիժ և դրա հետևում կանգնածների դեմ իրականացնելով հատուկ գործողություններ ԱԱԾ-ի միջոցով։
Այս երկու խնդիրները հատկապես վառ արտահայտվեցին այս իշխանությունների օրոք և հիմա էլ շարունակում են նոր թափ հավաքել։ Նրանց սպառնալիք լինելը միայն տարածքների զիջմամբ չի արտահայտվում, այլ ունի որակապես և քանակապես բոլորովին այլ մակարդակի մասշտաբներ»։