Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Վնասները մեծ են, փրկված հատվածում պիտանի ոչինչ չի մնացել»․ Արամ Ղազարյան

«Վնասները մեծ են, փրկված հատվածում պիտանի ոչինչ չի մնացել»․ Արամ Ղազարյան
206
Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 15:42

«Հրշեջները երկար ժամանակ փորձել են կանխել հրդեհի տարածումը, հրդեհը բավականին ուժգին է եղել և որոշակի ժամերի ընթացքում հնարավոր եղավ մարել հրդեհը: Վնասները մեծ են և այդ փրկված հատվածում երևի թե պիտանի ոչինչ չի մնացել։ Հրշեջները կարողացել են կանխել հդրեհի տարածումը, որ հաջորդ շինությունը, որը 8 մետր է հեռու, չբռնկվի»,- «Նյուզ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում փայտե շենքի հրդեհին, ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
«Տուժածներից 29-ին տեղավորել ենք Ստեփանավանի երկու հյուրանոցներում, իսկ մյուս 13-ը ներկա պահին իրենց բարեկամների տանն են իրենց իսկ ցանկությամբ: Մարդկանց սնունդ ենք մատակարարել, հիմա էլ պայմանավորվածություն ունենք, որ երեքանգմայա սնունդով են ապահովելու: Այս պահին հագուստ ենք ձեռք բերում, դպրոցականներ ունենք, անհրաժեշտ հագուստով և գրենական պիտույքներով կապահովենք, որ վաղվանից հաճախեն դպրոց, ուսումնական պրոցեսը չխաթարվի»,-ասաց նա:

Մարզպետի խոսքով այնքան ժամանակ քաղաքացիներին կապահովեն նման պայմաններով, մինչև գույքագրում լինի և կարողանան վարձով բնակարաններ տեղափոխել նրանց։ «Նոր շենքեր կառուցելու և փայտե շենքերը ապամոնտաժելու ծրագիրը անցած տարի է հաստատվել։ Տվյալ թաղամասում երկրաշարժից հետո կառուցված են եղել 24 երկհարկանի փայտյա շինություններ, որոնք ամբողջովին ապամոնտաժվելու են և դրա փոխարեն եռահարկ 15 բազմաբնակարան շենքեր են կառուցվելու և բոլոր բնակիչները ապահովվելու են բնակարաններով նորակառույցներում: 5 նման շենքեր են ապամոնտաժվել, որի փոխարեն սկսվել են 8 շենքի շինարարական աշխատանքները։ Ծրագրի ժամկետը 4 տարի է, բայց որպեսզի 4 տարի բոլորը չսպասեն փուլ առ փուլ կբնակեցվեն»,- ասաց նա:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պատմում է հրդեհի հետևանքների մասին