Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հնարավոր է ուրանալ պետությունը, սակայն ոչ թե ղեկավարի, այլ Նաիրի Հունանյանի խցակցի կարգավիճակում»․ Սուրեն Սուրենյանց

«Հնարավոր է ուրանալ պետությունը, սակայն ոչ թե ղեկավարի, այլ Նաիրի Հունանյանի խցակցի կարգավիճակում»․ Սուրեն Սուրենյանց
107
Այսօր, 01:06

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգակործան պատուհասի «մտքի գոհարները»․
«Եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից, մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր, իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն: ՀՀ-ում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության ներքո: ՀՀՇ-ին թվացել է, որ իրենք ավելի լավ դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները: ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան՝ իսկական դաշնակցականները»,- ֆրանսահայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։
Պատահական չեմ համարում, որ Երրորդ հանրապետությունը պետք է ազգային ողբերգության առաջ կանգներ հենց նման մտածողություն ունեցող ղեկավարի պաշտոնավարման շրջանում:
Հնարավոր է ուրանալ սեփական պետությունը, սակայն ոչ թե պետության ղեկավարի, այլ Նաիրի Հունանյանի խցակցի կարգավիճակում:
Հնարավոր է լինել տգետ, բայց չի կարելի այնքան հանդուգն լինել՝ այդ «առաքինությունը» պետության առաջնորդի դիրքերից ցուցադրելու համար:
Մեր Հանրապետությունը 88-ի համազգային շարժման ծնունդ է, հայ քաղաքական նոր մտքի, որը հաջողությամբ ձեռնոց նետեց թե՛ համայնավարական տոտալիտար մտածողությանը և թե՛, այսպես կոչված, ավանդական հայդատականությանը:
Առանց նման պատմական բեկման՝ չէին լինի ո՛չ Հանրապետության քաղաքակրթական հենքը, ոչ էլ հաղթանակն արցախյան առաջին պատերազմում»։