Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մյունխենի անվտանգության համաժողովը շրջադարձային է». Գայանե Աբրահամյան

«Մյունխենի անվտանգության համաժողովը շրջադարձային է». Գայանե Աբրահամյան
195
Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 18:18

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մյունխենի անվտանգության համաժողովը շրջադարձային է և, ինչպես միշտ, խիստ կարևոր՝ աշխարհաքաղաքական զարգացումները վերլուծելու համար։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթն ու ԵՄ ժողովրդավարության ծայրահեղացված մոտեցումների խիստ քննադատությունները, իհարկե, փոքր-ինչ չափազանցված էին, չնայած զարմացա անգամ, որ օրինակ չբերեց ՄԲ-ի ամենամեծ սկանդալը, որն իրապես ծայրահեղ դեպք է։
Այո՛, ԵՄ-ն հաճախ իրավունքի հարցերը ծայրահեղացրել է, ունի սարսափելի խնդիրներ միգրանտների առումով, բայց միգրացիայի հարցում մեղադրանքները, թե բա՝ դուք եք որոշել, չեք լսել ձեր ընտրողներին, սխալ օրենքների հիման վրա եք ներգաղթ արել և այլն, մեղմ ասած, տեղին չէ։
Ափսոս, որ Վենսի ելույթը քննադատած Գերմանիայի Պաշտպանության նախարարը խիստ դիվանագիտական լեզվով խոսեց ու ասենք չհիշեցրեց ԱՄՆ-ին, որ ԵՄ միգրացիայի մեծ հոսքերի հիմնական պատճառներից մեկն էլ հենց ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմներն են եղել՝ Իրաք և այլն... Անասելի ցավալի է էս երեսպաշտությունը՝ չտեսնել ու չգնահատել, որ հաճախ ԵՄ-ն ապաստան է տվել ամենածայրահեղ վիճակում հայտնված փախստականներին։
Բայց Վենսի ելույթը շատ կարևոր էր հասկանալու, որ դիկտատորների մանիպուլյացիոն գործիքների դեմ պայքար չի մղվելու այլևս, իսկ հանրային ընկալումների վրա դրանց ազդեցությունը կարող է ճակատագրական դառնալ...
Կոգնիտիվ պատերազմներն այլևս իրողություն են, մինչդեռ դրա դեմ պայքարը գերտերություն ԱՄՆ-ն համարում է ժողովրդավարության չարաշահում, իսկ այն, ինչ կարող է կատարվել հատկապես մեր պես կրթական մոդել ունեցող՝ վերլուծական, քննական միտք չձևավորող հասարակություններում, մեդիագրագիտության գրեթե զրոյական մակարդակ ունեցող հանրույթներում՝ պարզապես նշանակում է պետությունների ներսից պայթեցում՝ դանդաղ գործողության ռումբերով. սա նեո-տրոյական ձիու մարտավարություն է։
Հիբրիդային, կոգնիտիվ պատերազմները, որոնց հիմնական գործիք-զենքը հանրային հոգեսոցիալական վիճակի, ընկալումների, հանրային գիտակցության՝ վախերի և մանիպուլյացիաների միջոցով կառավարումն է, այլևս պատերազմելու հիմնական մեթոդն է, ասել է թե՝ 6-րդ սերնդի պատերազմը, իսկ դրա դեմ պայքարի մեխանիզմները ոչ թե պետք է դադարեցնել, ինչպես հորդորում էր Վենսը, այլ ավելի զարգացնել, մի խոսքով, դիկտատորների, այդ թվում՝ պուտին-ալիև-էրդողան խմբակի ձեռքերն է՛լ ավելի անկաշկանդ են բացվում, ու պետք է շատ զգոն լինենք»: