Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ֆրանսիայի դեսպանը ստում է»․ Սուրեն Սուրենյանց

«Ֆրանսիայի դեսպանը ստում է»․ Սուրեն Սուրենյանց
132
Այսօր, 08:54

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին»:
Ի թիվս այլ հարցերի, նա հպանցիկ անդրադարձել է նաև ԼՂ խնդրի կարգավորմանը՝ անելով խիստ վիճահարույց մի հայտարարություն:
«... Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,- ասել է դեսպանը:
Ստում է կամ խնդրից անտեղյակ է հենց դեսպանը ու այս փաստը տարակուսելի է հատկապես այն պատճառով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներից մեկն է:
Եթե ԼՂ կարգավիճակը 1991-ից կանխորոշված է եղել, ապա ո՞րն է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի իմաստը, մանավանդ, որ միջնորդների ներկայացրած շուրջ մեկ տասնյակ տարբերակներից ընդամենը մեկն է (Ընդհանուր պետության տարբերակը) կանխորոշել ԼՂ կարգավիճակը, մնացած բոլոր տարբերակներում այդ խնդիրը թողնվում էր ապագային (էլ չասեմ այն մասին, որ Մեղրիի տարբերակով անգամ քննարկվել է ԼՂ-ի Հայաստանին միացման հնարավորությունը):
Անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ԼՂ կարգավիճակը կանխորոշված չի եղել ու, այո, այն ունիտար Ադրբեջանի մաս է ճանաչվել հենց Պրահայում՝ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ փաստացի Ադրբեջանը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ հայտարարելով, թե այդ հարցում կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ:
Երբ Փաշինյանը նենգափոխում է պատմությունն՝ ամեն ինչ բարդելով Ալմա-Աթայի հռչակագրի կամ 1994-ի վրա, հասկանալի է. նա գիտակցված գնացել է Արցախի կործանմանը ու հիմա «մեղավորներ» է նշանակում՝ պատասխանատվությունից խուսափելու համար:
Իրականության դեմ կռիվ տալու լուրջ մոտիվներ կամ շարժառիթ ունի նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որի նախագահ Մակրոնը Պրահայի քառակողմ հայտարարության «կնքահայրերից» մեկն էր:
Պարագան ճանապարհ էր բացում Արցախի կործանման համար:
Փարիզն ու Բրյուսելը հայ ժողովրդի թշնամիները չեն, սակայն նրանք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք թելադրում էին ռուսական ազդեցության թուլացում մեր տարածաշրջանում:
Հենց Մակրոնն ու Միշելը քաջալերեցին Փաշինյանը «ստրատեգիական ռեվերսը», ինչի հետևանքը դարձավ Արցախի կործանումը:
Հիմա հարգարժան դեսպանը փրկում է իր նախագահի ռեպուտացիան...»։