Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Այսօր Սումգայիթի ոճրագործության տարելիցն է․ 37 տարի անց Ադրբեջանն ավելի հայատյաց է»․ Տաթևիկ Հայրապետյան

«Այսօր Սումգայիթի ոճրագործության տարելիցն է․ 37 տարի անց Ադրբեջանն ավելի հայատյաց է»․ Տաթևիկ Հայրապետյան
168
Այսօր, 10:48

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 37-րդ տարելիցը:
Սումգայիթի ողբերգական դեպքերի վերբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ, հայկական կոտորածների ականատես ադրբեջանցի Նաթիգ Ջավադլըն 2013թ. BBC-ին տված հարցազրույցում նշել էր. «27-ին, 28-ին եղել եմ հրապարակում, հետաքրքիր էր, թե ինչ է լինելու: Այդ անգամ ևս չափազանց շատ մարդ կար, մեկն ասում է, որ գիտի, թե որ տներում են հայեր ապրում, և մարդիկ զանգվածաբար լցվում են թաղամասերը: Այդ թաղամասը, ուր մենք գնացինք… այդտեղ՝ բակի կողմից առաջին բնակելի շենքի մոտ, մարդկանց ձեռքում փայտե և երկաթե մահակների նման բաներ կային: Այդտեղ երեխաներին կոտորեցին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից: Այդ էլ որ տեսա, դուրս եկա բնակարանից: Մի քանի թաղամասերում նման վայրագություններ են եղել... Այդտեղ շատերի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, շատերը հետաքրքրասիրությամբ նայում էին, ես ինքս էի ապշած նայում, թե ինչ է տեղի ունենում. ինչո՞ւ բողոք, դժգոհություն չկա, չէ՞ որ մենք պետք է բողոքեինք՝ տեսնելով այդ ամենը»:
Սումգայիթը Խորհրդային Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունների սկիզբն էր: 37 տարի անց Ադրբեջանի քաղաքականությունը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի հայատյաց ու ագրեսիվ է դարձել։ Ցավոք, մենք շարունակում ենք հետևություններ չանել պարզ ու ակնհայտ իրողություններից»։