Կիրակի, 09 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Գործող իշխանությունը թույլ է տվել, որ Ալիևն այսպես խոսի մեզ հետ»․ Նորիկ Նորիկյան

«Գործող իշխանությունը թույլ է տվել, որ Ալիևն այսպես խոսի մեզ հետ»․ Նորիկ Նորիկյան
338
Այսօր, 12:54

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկո՛լ, պետք չէր թույլ տալ, որ Ադրբեջանը մեզ հետ խոսեր այսքան սանձարձակ ու այս աստիճան լկտիացած․ Պարտությունն էլ պետք է արժանապատվորեն հաղթահարել․․․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ցույց տա իր խաղաղ մտադրությունները՝ հանձնելով ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում։
Սա այն է, ինչի մասին անընդհատ խոսում ենք, որ Ադրբեջանը մեզ հետ խաղաղություն հաստատելու որևէ իրական մտադրություն չունի։
Ամեն օր մի նոր պահանջ ներկայացնելով՝ իրենք ընդամենը Հայաստանի վզին փաթաթած պարանը սեղմում են՝ փորձելով մինչև վերջ ստորացնել ու նվաստացնել մեր ազգային արժանապատվությունը։
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ալիևի հերթական պահանջը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին և մի քանի գեներալների, որոնց անունները հիշատակվում է Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում։
Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող իր քաղաքացիներին հանձնել այլ պետությանը, դա նույնիսկ արգելված է ՀՀ օրենսդրությամբ, այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից նման պահանջ ներկայացնելը մեկ անգամ ևս վկայում է, որ այդ երկիրը ինչպես ցանկանում, այնպես էլ խոսում է մեզ հետ, ու գործող իշխանությունը թույլ է տվել, որ Ալիևն այսպես խոսի մեզ հետ։
Բոլորը գիտեն իմ վերաբերմունքն ու դիրքորոշումը Ռ․ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ, մեղմ ասած, նրանք աչքիս լույսը չեն, բայց նրանց անվանել պատերազմի հանցագործներ, նշանակում է թքել արցախյան նվիրական շարժման վրա, մեր ժողովրդի տասնամյակներ շարունակ կրած կորուստների ու տառապանքների վրա, մեր փառահեղ հաղթանակի ու մեր բանակի վրա, մեր պատմության վրա։
Չի՛ կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն այս աստիճան լկտիանա ու մինչև վերջ փորձի ստորացնել մեր ինքնասիրությունը,
Չի՛ կարելի թույլ տալ, որ Ալիևը ներհայաստանյան օրակարգ ձևավորի ու թելադրի,
Չի՛ կարելի թույլ տալ, որ նրանք փորձեն նենգափոխել ու սրբագրել Արցախյան հիմնախնդրի էությունն ու պատմությունը,
Չի՛ կարելի թույլ տալ, որ նրանք փորձեն իրենց ոտքերը մաքրել մեր վրա, չի՛ կարելի ու վե՛րջ։
Եվ այս համատեքստում, կրկնո՛ւմ եմ, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեմ Ռ․ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ, ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ որևէ քաղաքացու հագած կոշիկը չեմ փոխի իրենց ոչ պակաս կոռումպացված ու վերից վար թալանի ու արյան մեջ թաթախված Ալիևի հետ»։

Աղբյուրը`   Նորիկ Նորիկյան