Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ալավիները միամտորեն հավատացին սուտ խոստումներին»․ Հայկ Մարտիրոսյան

«Ալավիները միամտորեն հավատացին սուտ խոստումներին»․ Հայկ Մարտիրոսյան
221
Երեկ, 14:48

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տասնյակներով գրառումներ եմ տեսնում, որոնցում պրոֆեսիոնալ մուննաթչիները՝ ընդհանուր մենթալիտետի համաձայն էլի մեղադրում են աշխարհին՝ թե իբր աշխարհն անտարբեր է հիմա էլ ալավիների ցեղասպանության հանդեպ։
Ու տգիտությունն ու անգրագիտությունն այնքան շատ է, իսկ մշտապես ուրիշի հպատակ ու հետևաբար ուրիշի կողմից պաշտպանության ենթակա հոգեբանությունն այնքան ամուր է, որ սրանք ուղղակի անընդունակ են հասկանալու թե ինչն ինչոց է։
Իսկ իրականում՝
Ա. Ցեղասպանվողը միշտ մենակ է։ Եվ չունի ու ողբերգականորեն չի կարող ունենալ ոչ մի պաշտպան։ Որովհետև ցեղասպանություն լինում է միայն արդեն իսկ անպաշտպանների հետ։ Այո՛ ցեղասպանվողը զոհ է։ Բայց աշխարհի իրականությունն այն է, որ նրա ցեղասպանության համար, եթե ինքն արդեն այն վիճակին է, որ իրեն ցեղասպանում են, որևէ մեկը պատերազմ, կամ այլ երկիր ներխուժում չի արել ու չի անելու։ Չկան դրա նախադեպերը պատմության մեջ, չկան դրա օրինակները։
Սրեբրենիցայում, այո՛ եղավ միջամտություն։ Բայց հետո։ Այն էլ՝ խորքում այլ դրդապատճառներով։
Բ. Սիրիայում ալավիները բազմաթիվ անգամներ են նախկինում ցեղասպանվել։ Եվ նրանց ոչ ոք չի օգնել։ Երբեմն օգնել են ֆրանսիացիները։ Հետո ալավիներն են եղել իշխանության։ Ու քանի որ երկիրը Հաֆիզ ալ Ասադը անհեռատեսորեն չպարտիցիանավորեց՝ այսինքն չտրոհեց՝ ստեղծելով անկախ ալավիստան, այսօր, երբ մեծամասնությունը եկավ իշխանության, կրոնական հազարամյա ատելությունը դարձյալ գլուխ բարձրացրեց և դարձյալ ցեղասպանություն սկսվեց։ Ո՞Ւմ ունեն այսօր ալավիները։ Ոչ ոքի։ Չունեն դաշնակիցներ։ Որովհետև որպես միջազգային գործոն իրենց առաջնորդներն ու իրենք դադարել էին խաղացող լինելուց։ Որովհետև միակ դաշնակիցը Ռուսաստանն էր, որն էլ հայերին ու Հայաստանի Արցախը վաճառելուց հետո՝ արագ վաճառեց և Սիրիան ու հատկապես՝ պայմանական Ալավիստանը։
Գ. Ալավիները հանձնեցին սեփական պետությունը՝ նախ, որովհետև Բաշար ալ Ասադը անհեռատես գտնվեց և մի շարք շարունակական անդառնալի սխալներ գործեց, և ապա, որովհետև իրենք իսկ արդեն բարոյալքված էին ու այլևս հրաժարվեցին կռվել։ Իսկ իրենց ասադյան բանակի հրամանատարությունն ուղղակի կաշառվեց փողով։
Դ. Ալավիները հավատացին Ալ Շարաայի սուտ խոստումներին և իրենց պահեցին ամենամիամիտ կերպով։ Նախ հանդուրժեցին իրենց դեմ նախապատրաստվող գործողությունների առաջին փուլը՝ իրենց նախկին առաջնորդների գերեզմանների բացառիկ պղծումը ու դա արեցին հանուն խաղաղության։ Հետո՝ չզինվեցին և էլի որևէ անկախ գործոն չփորձեցին դառնալ։
Արդյունքում չդիմացան ճնշմանն ու փոքրիկ հակազդեցություն կիրառելով՝ դարձան ցեղասպանության թիրախ։
Գ. Ալ Շարաայի ահաբեկչական բանակները ունեին և ունեն հզոր հովանավոր և հզոր դաշնակից։ Ալավիներն առնվազն կարող էին դրուզների պես իրենց դաշնակից գտնել ի դեմս Իսրայելի, որին ձեռնտու է Սիրիայի տրոհումը և երկրի ներսում հակաիսլամիստական դաշնակիցների առկայությունը, բայց դա էլ մեծ հաշվով չարեցին։ Ու այսօր անցնում են սարսափելի աղետի միջով։
Դ. Ոչ ոք, ոչ մի տերություն, ոչ մի պետություն, ոչ մի ուժ այսօր ոչ ունակ է մտնելու Սիրիա և նրանց պաշտպանելու և ոչ էլ ցանկություն ունի։ Որովհետև զոհը ոչ մի կարևորություն չունի ոչ մեկի համար, իսկ ի տարբերություն մեր հայրենի մանկամիտների՝ անկարևոր գործոնի համար ոչ ոք ոչ մի բան պատրաստ չէ զոհաբերել։ Զոհաբերվողն ինքնին արդեն իսկ զոհաբերվում է։
Բայց հետաքրքիրն այն է, որ տեղական մուննաթիստներն այդպես էլ անկարող են հասկանալ, որ մուննաթ գալու փոխարեն անհրաժեշտ է կարևոր դառնալ, իրական դաշնակիցներ ձեռք բերել և չընտրել այն երբեք չգալիք «խաղաղության դարաշրջան», որը նրանց անվճար վաճառում են «խաղաղության խաչմերուկի» մարգարեները։
Որովհետև վաղը իրենք միլիոներորդ անգամ մուննաթ են գալու աշխարհի վրա, որ հիմա էլ աշխարհն իրենց է հերթական անգամ «ուրացել» ու «ՈՒ՞ր ես /էիր/ Աստված» մեսչյանական հիմար երգի հիմար խոսքերով այլ տերությունների վրա մուննաթ գալուց անցնելու են Աստծո վրա մուննաթ գալուն։
Փոխանակ հասկանալու, որ անշեղ դեպի նույն վերջնակետը գնալու փոխարեն կարելի էր և կտրուկ փոխել ճանապարհը՝ հա՛մ գնում են, հա՛մ էլ մուննաթ են գալիս։
Ոչինչ չի փոխվել ու ոչինչ չի փոխվելու։
Եվ արդյունքն էլ անպայման նույնն է լինելու։
Ինչ էլ որ ձեզ վաճառեն ձեր մյուս ստախոս պրոֆեսիոնալ հույսավաճառները»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան