«Թրքամետ ուժերը հրճվելով ու զվարճանալով մասսայական սպանդ են իրականացնում». Դավիթ Կարապետյան
217
Երեկ, 17:53
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լաթաքիայում, Տարտուսում, Համայում ու Հոմսում ցեղասպանություն է… Սիրիայի արևմուտքում ցեղասպանություն է։ Երեկվանից մինչ այս պահը ընթանում է ալավիների, քրիստոնյաների ու շիաների ցեղասպանություն: Սպանվում են ինչպես անզեն տղամարդիկ, այնպես էլ կանայք և երեխաներ: Հենց այնպես՝ փողոցներում անմեղ քաղաքացիական անձանց ստորացնելով, մարդկային արժանապատվությունը նսեմացնելով տանջամահ են անում ու ճանապարհին առաջին իսկ պատահած մարդուն սպանելով պտտվում քաղաքի թաղամասերով։ Նրանք սպանվում են միայն նրա համար, որ ալավի են, որ «ասադական» են: Նրանցից վրեժ են լուծում այն բանի համար, որ առափնյա շրջանների բնակիչները չեն աջակցում նոր իշխանությունների ահաբեկչական ռեժիմին ու փորձում են ինքնիշխանություն ձեռք բերել: Վայրագությունների փաստը հավաստող տասնյակ ահասարսուռ տեսագրություններ, լուսանկարներ ու տեսարաններ կան համացանցում։ Ջուլանիի թրքամետ ուժերը, հրճվելով ու զվարճանալով մասսայական սպանդ են իրականացնում, սառնասրտորեն գլխատում են կանանց, երեխաների և հարյուրներով թաղում ալավիներին, ու այդ ամենը հատուկ տեսանկարահանում: Մարազմն էլ այն է, որ Սիրիայի պետական անվտանգությունն է սոցիալական ցանցերում հրապարակում անպաշտպան ու անզեն քաղաքացիների հանդեպ իրականացվող հաշվեհարդարների և դիակների նկատմամբ անարգանքի սարսափելի կադրերը: Ու դրանք ընդամենը մի փոքր մասն են այն ցեղասպանության, որը Սիրիայում իրականացնում են պրոթուրքական զինյալները։ 3 օրում սպանվել է 10 հազարից ավելի մարդ։ Սպանդի ենթարկվածների մեջ կա 2 հայ՝ հայր և որդի։ Քրիստոնեական համայնքի առաջնորդին կացնով սպանել են։ Իդլիբ նահանգի սուննի հոգևորական շեյխ Աբդուրահման Դալիան ևս սպանվել է Դամասկոսի փողոցներում ահաբեկչական զինյալների կողմից այն բանից հետո, երբ դատապարտել էր Սիրիայի առափնյա շրջաններում խաղաղ բնակիչների կոտորածը։ Շուրջ 8 հազար ալավի պատսպարվել են ռուսական ռազմաբազայի տարածքում, որպեսզի փրկվեն ցեղասպանվելուց։ Այս պահին գոնե նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պատկերը հիշեցնում է Արցախում ռուսական խաղաղապահ բազայում պատսպարված հայերին: Պարզապես, Արցախում, բարեբախտաբար, խաղաղ բնակչության մասսայական կոտորած տեղի չունեցավ, քանի որ կար կանոնավոր բանակ։ Սիրիայի նոր իշխանությունները (իրականում՝ թուրքական պրոքսիները), որոնք «Ասադի բռնապետությունից ազատագրման» համար իշխանության եկան միջազգային հանրության ծափահարությունների ներքո և ուժային կենտրոնների լեգիտիմացմամբ ու շնորհավորանքներով՝ հաշված օրերի ընթացքում կոտորեցին ու հիմա էլ շարունակաբար բնաջնջում են հազարավոր սիրիացի խաղաղ բնակիչների։ «Քաղաքակիրթ աշխարհը» կամ լուռ է, կամ ողջունում է Սիրիայի «դեմոկրատացումը»… «Քաղաքակիրթ» աշխարհի հանցավոր լռության ներքո՝ Թուրքիայի անմիջական հովանավարությունը վայելող և այնտեղից ղեկավարվող Սիրիայի իշխանական զինյալները (ՀԹՇ-ի, Ամշայի աշխարհազորայինները, Սուլթան Սուլեյման Շահի և Համզայի դիվիզիաները) բառի ամենաուղիղ իմաստով կոտորած են իրականացնում՝ սեփական տներում ու փողոցներում առանց խղճի խայթի գնդակահարելով կամ գլխատելով խաղաղ անզեն մարդկանց: Այն նույն Սիրիայում, որը թուրքերի հետ ոչ վաղ անցյալում, այսպես կոչված՝ «Խաղաղության դարաշրջան» էր կառուցում ու խոստանում խաղաղություն ու բարեկեցություն հաստատել ողջ Սիրիայում: Աքսիոմա է. որտեղ Թուրքիան, այնտեղ զանգվածային սպանություններ, կոտորած և ցեղասպանություն… Սա թուրքերն են՝ իրենց ողջ էությամբ և ձեռագրով։ Թուրքը, որը չի փոխվել և չի փոխվելու՝ ամենուրեք թողնելով իր արյունոտ հետքը: Կասեք՝ ովքե՞ր են մեղավոր… Ասադի արածի ու չարածի մասով՝ ամեն ինչ պարզ է: Նրա ականջը Մոսկվայում կանչի… Սակայն ահաբեկիչ այս եղեռնագործներին իշխանության են բերել Հավաքական Արևմուտքը, Թուրքիան ու Իսրայելը: Հետևաբար՝ նրանք էլ կրում են այս ամենի ողջ պատասխանատվությունը։ Չնայած՝ ի՞նչ պատասխանատվություն, ու՞մ առաջ, կամ ի՞նչ դատ, ի՞նչ դատաստան… Ի՞նչ ՄԱԿ, ի՞նչ ՄԱԿ անդամ պետություն, ի՞նչ ՄԱԿ խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայում, ի՞նչ վերպետական միջազգային կառույցներ, ի՞նչ մարդու իրավունքների միջազգային կառույցներ, ի՞նչ հումանիզմ ու ժողովրդավարություն, ի՞նչ ԱՄՆ ու ՌԴ: Ձայն բարբառո հանապատի… Նրանք լուռ ու մունջ են: Ոչ մեկը չի միջամտելու, ձեռքները չի բռնելու, չի կանխարգելելու, ոչ մեկը նրանց չի օգնելու: Մինչ այս պահը, աշխարհի ընդամենը մեկ-երկու երկրից է հնչել արձագանք (ոչ դատապարտում կամ միջամտելու, կանխարգելելու խոսք կամ հայտարարություն), այն էլ՝ ստանդարտ մարազմի ու աբսուրդի ժանրից. կոչ կողմերին սթափության ու խոհեմության… Եվրոպան ևս Սիրիայում տեղի ունեցող ցեղասպանության վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել։ Զավեշտն էլ այն է, որ դատապարտել են ցեղասպանվողներին՝ նրանց կարգելով մեղավոր։ Այս անբարոյական ու իմպոտենտ աշխարհն իր «ամպլուայի» մեջ է. ապատիան ու կեղծավորությունը ժամանակակից աշխարհի դեմքն է։ Այս ամենից մեր մասով հետևություններ անելու, ողբերգությունների, անդառնելի հետևանքների մասին խոսելն անօգուտ է, բարձրաձայնելը՝ անիմաստ ու վտանգավոր… Եվ հետո՝ հոգնեցնող է բացատրելն ու լուսաբանելը… Մեզ մոտ՝ «խաղաղության դարաշրջան է»… Այս կոտորածը վերստին փաստում է, որ աշխարհին հետաքրքրում են միայն ռազմաքաղաքական առումով գործոն հանդիսացող և պայքարելու պատրաստ ազգերն ու պետությունները։ Եթե դու թույլ, անկազմակերպ, անզեն ու պայքարելու անընդունակ ժողովուրդ ես, ուրեմն քեզ հանգիստ կարող են կոտորել նաև 21-րդ դարում և աշխարհը կլռի։ Համացանցում առկա են սահմռկեցուցիչ տեսարաններ: Էմոցիոնալ ու թույլ նյարդային մարդկանց խորհուրդ եմ տալիս չդիտել տեսանյութերը»: