Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին»․ Էրիկ Բեգլարյան

«Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին»․ Էրիկ Բեգլարյան
764
Կիրակի, 23 մարտի, 2025 թ., 13:18

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Պարոն Փաշինյան, դիմում եմ Ձեզ այն ակնկալիքով, որ կհետևեք իմ կողմից բարձրացված հարցերին և կրքերը հանգստացնելու համար համապատասխան միջոցներ կձեռնարկեք։
Արցախցիների անվտանգությունն ու ՀՀ պարտավորությունները
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն հանդիսացել և հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Արցախի ժողովրդի անվտանգությունը եղել է և մնում է ՀՀ-ի քաղաքական և բարոյական պատասխանատվության շրջանակում։ Արցախի դեմ պատերազմում կրած պարտությունը ոչ միայն արցախահայության, այլ ամբողջ հայության պարտությունն է։ Հետևաբար, այդ պարտության ծանր հետևանքները չպետք է միայն արցախցիների ուսերին մնան. դա ողջ հայ ժողովրդի կոլեկտիվ ցավն ու պատասխանատվությունն է։
Սակայն մենք ինչ իրավիճակ ունենք այսօր։ Արցախցիները, ովքեր կորցրել են իրենց տունը, եկեղեցիները, պատմական ժառանգությունը, գերեզմանները, ստիպված են եղել բռնի կերպով տեղափոխվել Հայաստան, որը ինքնին հանդիսանում էր նրանց անվտանգության երաշխավորը։ Բայց փոխանակ այստեղ անվտանգություն ու կայունություն գտնեն, նրանք բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք վերաբերում են ինչպես կենցաղային, այնպես էլ պետական մակարդակի որոշումների արդարացիությանը։
Արցախցիների աշխատանքային իրավունքները
Անհասկանալի է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չի ընդունվում արցախցի դատախազների,դատավորների աշխատանքային ինչմես նաև մյուս հանրային ծառայողների ստաժը, ինչի հետևանքով նրանք զրկված են իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Այս մարդիկ տարիներ շարունակ պաշտպանել են օրինականությունը, աշխատել պետական կառույցներում, իսկ այժմ չեն կարողանում նույն կարգավիճակով աշխատել ՀՀ-ում։
Ինչու՞։ Ինչի՞ց եք խուսափում։ Մի՞թե սա արցախցիներին լրացուցիչ ճնշելու միտումնավոր քաղաքականություն է, որպեսզի նրանք իրենց անպաշտպան զգան։ Մի՞թե մտավախություն կա, որ նրանք Հայաստանի դատաիրավական համակարգ մտնելու դեպքում կարող են բացահայտել անցանկալի տեղեկություններ կամ ազդեցություն ունենալ համակարգի վրա։
Սոցիալական աջակցության խնդիրները
Բացի դրանից, արցախցիները դեռևս չունեն լուծված բնակարանային խնդիրներ, մինչդեռ կառավարությունը որոշում է կայացրել մասնակի իսկ 2026 թվականից ամբողջությամբ դադարեցնել 40+10 սոցիալական աջակցությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ արցախցիները գոյատևեն առանց բավարար սոցիալական աջակցության, երբ նրանցից շատերը դեռևս չեն կարողացել ապահովել իրենց ընտանիքների տարրական կարիքները։
Ավելին, նույնիսկ պետական աջակցության ծրագրերում նախատեսված գումարները ակնհայտորեն քիչ են բնակարան ձեռք բերելու համար։ Ինչո՞ւ է այդպես։ Հնարավո՞ր է, որ կառավարությունը չի ցանկանում, որ արցախահայությունը հաստատվի Հայաստանում։
Խտրականության և ոստիկանական կամայականությունների մասին
Վերջին շրջանում հատկապես անհանգստացնող են այն դեպքերը, երբ արցախցիները Հայաստանում բախվում են խտրական վերաբերմունքի տարբեր պետական կառույցների կողմից։ Օրինակ, մինչ օրս չեն պատժվել այն ոստիկանները, ովքեր խոշտանգել են ծնողազուրկ արցախցուն՝ ոստիկանության բաժանմունքում։ Եվ միայն ամիսներ անց, հանկարծ «հիշեցին», որ Տիգրանի պաշտպանը, որը նույնպես արցախցի է, իբր կատարել է օրենքով չթույլատրված արարք։
Այս ամենը խորացնում է անվստահությունը Հայաստանի պետական համակարգի նկատմամբ։ Եթե Հայաստանի իշխանությունները չեն կարողանում պաշտպանել իրենց իսկ հայրենակիցներին, որոնք հարկադրաբար լքել են իրենց պատմական բնակավայրը, ապա ի՞նչ վստահություն կարող է լինել, որ վաղը մյուս օր ցանկացած այլ խոցելի խումբ չի դառնա նույն ճնշումների թիրախը։
ՀՀ իշխանությունների անտարբերությունը Արցախի ներկայացուցիչների նկատմամբ
Ամենից ցավալին այն է, որ մինչ այժմ դուք որևէ շփում չունեք ո՛չ Արցախի կառավարության, ո՛չ արցախցի պատգամավորների հետ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ եք խուսափում նրանց հետ երկխոսությունից։ Չէ՞ որ հենց նրանք են ներկայացնում Արցախի ժողովրդի շահերը, հենց նրանք կարող են ամենաօբյեկտիվ ու լիարժեք պատկերացումը տալ արցախցիների խնդիրների մասին։
Այս իրավիճակն այլևս չի կարող շարունակվել։ Այն տպավորությունն է, որ դուք պարզապես դրսևորում եք անտարբերություն ու միտումնավոր խուսափում նրանց հետ շփումից, որպեսզի ստիպված չլինեք լսել նրանց պահանջները։ Սակայն այս քաղաքականությունը երկար կյանք չունի։
Վերջաբան
Հավաստիացնում եմ Ձեզ, որ այս քաղաքականությունը անկայուն է և տևական հեռանկարում դատապարտված է ձախողման։ Եթե դուք չփոխեք ձեր մոտեցումը արցախահայության նկատմամբ, վաղ թե ուշ այս անարդարությունից զայրացած արցախցիները դուրս կգան հրապարակ՝ պահանջելու իրենց իրավունքները, ընդ որում՝ առանց նույնիսկ տան, որին կարողանան վերադառնալ։
Արցախցիները նույնքան հայ են, որքան Հայաստանի մնացած քաղաքացիները։ Ընդ որում, նրանք առավել շատ են տուժել, առավել շատ են կրել պատերազմի հետևանքները։ Մենք մեղավոր չենք, որ դուք չեք կարողանում լեզու գտնել նախկին իշխանությունների հետ։
Կատարեք ձեր պարտավորությունները Հայաստանի՝ որպես արցախահայության անվտանգության երաշխավորի, հակառակ դեպքում մեր ապագան քաղաքական նոր ցնցումների առջև է կանգնելու»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան