Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Նիկոլը մերօրյա Հերոստրատն է». Արմեն Հովասափյան

«Նիկոլը մերօրյա Հերոստրատն է». Արմեն Հովասափյան
168
Այսօր, 03:06

ՀՀԿ Խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ դիտարկումներում բազմիցս անդրադարձել եմ այն մտքին, որ Նիկոլն իր քայլերով ու անտրամաբանական գործողություններով ոչնչով չի տարբերվում Հերոստրատից։ Ինչպես բոլոր ժամանակների հայտնի հակահերոսը, նա էլ ամեն ինչ անում է, որպեսզի ապագայում պատմության մեջ հիշեն իրեն։ Նիկոլը մերօրյա Հերոստրատն է, և սերունդները հիշելու են նրան ու նրա կողմից իրականացված հակազգային ու հակապետական բոլոր գործողությունները, ինչպես ինքն է հաճախ սիրում ասել՝ «հատիկ առ հատիկ»։
Փաշինյանի գործողությունները հետևում են նույն տրամաբանությանը՝ ոչ թե կառուցել, այլ քանդել, խարխլել և փոխել պատմության ընթացքը՝ ցանկացած գնով։ Թերևս շատերը չգիտեն, բայց գոյություն ունի «Հերոստրատի սինդրոմ» հասկացությունը։ Այն նկարագրում է այն առաջնորդներին, ովքեր, տարված լինելով իրենց անունը պատմության մեջ թողնելու մոլուցքով, նպատակային քանդում են ազգային և պետական հիմնասյուները։
Նիկոլը համակարգված կերպով քանդում է պետական ինստիտուտները։ 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն որևէ քայլ չձեռնարկեց բանակի վերականգնման ու հզորացման ուղղությամբ, այլև այն դարձրեց իր հիմնական թիրախը։ Կադրային կտրուկ փոփոխություններ, զինվորականների նկատմամբ քրեական հետապնդումներ, պարտության արդարացման քարոզչություն։ Դիվանագիտության ոլորտում Հայաստանը կորցրեց իր արտաքին քաղաքական կշիռը, իսկ ռազմավարական դաշնակիցների աջակցությունը թուլացավ՝ Հայաստանը վերածելով ճնշման տակ գտնվող կողմի։ Իրավական և սահմանադրական դաշտում Փաշինյանը վերացրեց հակակշիռները՝ դատարանները ենթարկելով գործադիր իշխանությանը, իսկ խորհրդարանը վերածելով ձևական հաստատության։
Փորձեմ անցկացնել որոշ զուգահեռներ Փաշինյանի որոշ քայլերի տրամաբանության մեջ. «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք է»՝ այս կերպ փորձելով ներկայացնել, որ դրա կորուստն իրականում կորուստ չէր։ Միակողմանի խաղաղության օրակարգի պարտադրումը, երբ Ադրբեջանը շարունակաբար սպառնալիքներ է հնչեցնում, ուժեղացնում իր դիրքերը, մինչդեռ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է առաջինը ստորագրի խաղաղության պայմանագիրը (արդեն՝ համաձայնագիրը), անկախ այն հանգամանքից, թե ինչ է ստանում դրա դիմաց։ Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանական զորքերի տեղակայումը ներկայացվում է՝ որպես բնական և անխուսափելի գործընթաց, որի դեմ իբր որևէ քայլ չի կարող ձեռնարկվել։ Նիկոլը հանրությանը համոզում է, որ Արցախը հանձնվեց ոչ թե որպես պարտության հետևանք, այլ քանի որ «նախկինում այն արդեն հանձնված էր»։ Սահմանազատման գործընթացը ներկայացվում է՝ որպես ռեալպոլիտիկի դրսևորում, որտեղ Հայաստանը ստիպված է ընդունել բոլոր պայմանները՝ միայն թե խուսափի նոր պատերազմից։
Ի դեպ՝ «Հերոստրատի սինդրոմի» պատմական օրինակներ կարելի է գտնել տարբեր ժամանակներում, երբ անհատները կամ քաղաքական առաջնորդները, պատմության մեջ իրենց անունը թողնելու մոլուցքով տարված, նպատակային վնասել կամ քանդել են պետական, մշակութային ու հասարակական հիմնասյուները՝ անկախ հետևանքներից։ Ներոնը հրահրեց Հռոմի մեծ հրդեհը, որն ավերեց քաղաքի մեծ մասը։ Մաո Ցզե-Դունի «Մշակութային հեղափոխությունը» (1966-1976) ոչնչացրեց հազարավոր պատմական հուշարձաններ, տաճարներ, գրքեր, իսկ ինտելեկտուալ ու մշակութային էլիտան ենթարկվեց հալածանքների։ Պոլ Պոտի վարչակարգը (1975-1979) Կամբոջայում ոչնչացրեց երկրի կրթական համակարգը, վերացրեց ինտելեկտուալ խավը, ավիրեց քաղաքային տնտեսությունը։ Յակոբինյան տեռորի շրջանում (1793-1794) Ֆրանսիայում տեղի ունեցան զանգվածային ռեպրեսիաներ և «հին կարգերի» ոչնչացում։ Սադամ Հուսեյնի Մերձավորարևելյան արկածախնդրությունը (1980-2003)՝ Իրանի և Քուվեյթի դեմ ագրեսիաները, հանգեցրին Իրաքի տնտեսական կործանման։ Ադոլֆ Հիտլերի «Ավերածության հրամանը» (Nero Decree, 1945) պատերազմի վերջին փուլում նախատեսում էր երկրի արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացում, որպեսզի դրանք չընկնեն թշնամու ձեռքը։
Այս օրինակները ցույց են տալիս, որ «Հերոստրատի սինդրոմով» առաջնորդվող գործիչները, որպես կանոն, ավերում են հանուն իրենց անձի հավերժացման։ Նրանց քաղաքականությունը հանգեցնում է կործանարար հետևանքների, իսկ իրենք պատմության մեջ մնում են ոչ թե որպես հերոսներ, այլ որպես պետությունների կամ մշակույթների կործանման խորհրդանիշներ»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան