Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՀՀ արդարադատության համակարգը հիմնական հանցածին ու հանցավոր համակարգն է». Հայկ Դեմոյան

«ՀՀ արդարադատության համակարգը հիմնական հանցածին ու հանցավոր համակարգն է». Հայկ Դեմոյան
103
Երեկ, 17:18

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատարկ դատարաններ ու դատարկաբաններ
Առանց չափազանցության եմ ասում, որ եթե մի օր հայաստանյան դատավորներին հանձնարարեն, որ Ռամիլ Սաֆարովին արդարացնող վճիռ կայացնեն ու հատուցվի մարդասպան-հայասպանին հասցված բարոյական վնասը, ապա մեր դատավորները դա կանեն ու կանեն այդ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու գիտակցությամբ: Սա ասում եմ ամենայն լրջությամբ ու առանց հեգնանքի:
ՀՀ արդարադատության համակարգը մեր երկրում անխափան գործող համակարգային կոռուպցիայի հենասյունն ու ողնաշարն է: Այն հիմնական հանցածին ու հանցավոր համակարգն է, որն ապրում ու բարգավաճում է հենց հանցագործությունների ու դրանց աճի շնորհիվ: Այդպիսին եղել է միշտ: Չկա հանցագործություն, չի գործի այդ համակարգը ու հարյուրավոր մարդիկ կզրկվեն տարրական կենսապահովումից ու որակյալ կյանք ունենալու հնարավորությունից:
Սա մեր օրերի ամենաողբերգական բանաձևումն է:
Վերջին երկու տարիների ընթացքում առիթներ ունեցա մասնակցելու երեք տարբեր դատաքնությունների բազմաթիվ նիստերի: Դրանց մասնակցելն ինձ համար հետաքրքիր էր նաև հասկանալու, թե ներկա փուլում ՀՀ դատական համակարգն ու արդարադատությունը ի՞նչ մակարդակի ու հասունության վրա են և որքանով է նրանց աշխատանքը համատեղվում համակարգային կոռուպցիայի տրամաբանության հետ:
Եզրակացություններս նույնիսկ ինձ են սարսափեցնում. դատարանների համար փաստ, ապացույց, վկա, վկայի կարգավիճակով դատարան գործը հարուցողին հրավիրելը երկրորդական ու երրորդական նշանակություն ունեն: Կարևորը նիստին համակարգային կոռուպցիայից անհատույց ստացած խալաթով լուրջ-լուրջ ներկայանալն է, մի քանի օրենքների հղումներ տալն ու իրավաբանական եզրույթներով շաղակրատելն է: Վերջում էլ իրենց փեչատով էնպիսի վճիռ կարձակեն, որ հատուկ համարով զանգած անձին դուր գան, որ շառից ու խերից հեռու մնան: Արդարադատության հերն էլ անիծած, հո օրվա հացից չեն զրկվելու:
Թավշյա ենիչերների պարագլխին մեջբերենք. «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»: Մյուս կողմից էլ պետք է խղճալ դատավորներին, քանի որ չվնգստալու գլխավոր նախապայմանը պատանդի կարգավիճակում աշխատելն է:
Վերջում կառուցողական առաջարկով եմ ցանկանում հանդես գալ. առաջարկում եմ իրավաբանական ֆակուլտետներում հատուկ դասաժամ մտցնել՝ «դերասանական արվեստ» վերնագրով: Մեր դատավորների մոտ դեր խաղալը լավ չի ստացվում ու հեշտորեն մատնում են իրենց: Դատական նիստերի ժամանակ դատավորների չափից ավելի անբնական պահվածքն ու ոչ ադեկվատ արտահայտությունները մատնում էին այն հեռախոսահամարները, որոնք վազող տողով երևում էին վերջիններիս ճակատներին՝ զանգով արդարադատություն իրականացնելու կանոնների համաձայն:
Մեր դատավորների մեծագույն ողբերգությունն այն է, որ իրենք այս պահին չեն էլ գիտակցում, որ իրենց անուններն ու լուսանկարները պատմության համար հատուկ կրիչի վրա հավերժացնելով, տասնամյակներ շարունակ արժանանալու են հարազատների, բարեկամների ու ժառանգների պարսավանքին, ում կթողնեն միայն մի զգացում՝ ամոթ»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան