Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Դեղերի տրամադրման փորձարարական ծրագրի փորձանքը». Ծաղիկ Վարդանյան

«Դեղերի տրամադրման փորձարարական ծրագրի փորձանքը». Ծաղիկ Վարդանյան
278
Երեկ, 00:48

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրտ-անոթային, շաքարային դիաբետ հիվանդությունների համար դեղերի տրամադրման փորձարարական ծրագրի փորձանքը
Առողջապահության նախարարությունն ապրիլի 1-ից անվճար, արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման նոր, փորձարարական մեխանիզմ է մեկնարկելու:
Որոշել են, որ սիրտ-անոթային, շաքարային դիաբետով հիվանդների դեղերը այլևս պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները չտրամադրեն, նրանք ընդամենը դեղատոմս դուրս գրեն, իսկ դեղատները այդ էլեկտրոնային դեղատոմսի հիման վրա տրամադրեն և՛ համընդհանուր անվանման, և՛ առևտրային անվանման դեղերը: Գումարը առողջապահության նախարարությունը ուղիղ փոխհատուցելու է դեղատներին:
Որպեսզի ընկալելի լինի, թե ինչ փոփոխություն են փորձարկում խոցելի շահառուների խմբերի դեղերի տրամադրման գործընթացում, ըստ հերթականության կներկայացնեմ, թե ինչ դեղերի մասին է խոսքը և ուր է տանում այս փորձարարական ծրագիրը:

Այս ծրագիրը ունի 2 բաղադրիչ
1. Առաջին բաղադրիչով պիլոտ են իրականացնում բնակչության սոցիալական կամ հատուկ 13 խմբերի լրիվ փոխհատուցման, 6 խմբերի՝ մասնակի փոխհատուցման՝ 50% զեղչով և չաշխատող կենսաթոշակառուների՝ 30% զեղչով տրվող սիրտ-անոթային հիվանդությունների համար նախատեսված դեղերի տրամադրումը (ՀՀ կառավարության 2019թ. 30 մայիսի թիվ 642-Ն որոշման հավելված 1):
Ապրիլի մեկից վերոնշյալ շահառուները պոլիկլինիկայից հատկացվող իրենց հասանելիք դեղերը սիրտ-անոթային հիվանդությունների ամբուլատոր բուժման համար կստանան դեղատներից:
Դեղերի տրամադրումը խոցելի խմբերին ԱԱՊ օղակի կարևոր գործառույթներից է և այս փոփոխությունով «խաղից դուրս վիճակում» են լինելու պոլիկլինիկաները և ամբուլատորիաները, նրանք չեն կարողանալու կանխատեսել և կառավարել դեղերի տրամադրման ռիսկերը իրենց հավաքագրած բնակչության համար: Խաթարվում է ԱԱՊ օղակի ամենակարևոր ֆունկցիան՝ ֆոնդապահի, իր հավաքագրած բնակչի առողջության ռիսկերի կառավարողի ֆունկցիան: Պոլիկլինկաները դառնում են մեխանիկական դեղ դուրս գրող:
Առողջապահության նախարարությունը ինքն է ընտրում դեղերի ցանկը, ինքն է ընտրում դեղատներին՝ նրանց հետ պայմանագիր կնքում, ինքն է որոշում փոխհատուցվող դեղերի գինը և այլն:
Այս ամենի հիմնավորումը լիազոր մարմինը ներկայացնում է իբրև «օգնություն» հեռավոր, փոքր ամբուլատորիաների դեղերի գնումների մրցույթներին և ակնկալում է, որ ավելի էժան են լինելու դեղերի գները:
Սակայն իրականում գյուղի բնակիչը ԱՆ-ի կողմից ընտրած դեղատուն հասնելու համար կարող է ստիպված 20-40 կմ կտրի անցնի, որպեսզի դեղը ստանա, այն էլ եթե հաջողվի և դեղատանը այդ դեղը լինի, հոսանք, ինտերնետ լինի, որ նա ստիպված չլինի նորից գալ դեղ ստանալու: Փոխանակ ծառայությունը մոտեցնեն շահառուին, ընդհակառակը՝ տանում են դեպի իրենց ցանկալի դեղատները:
2. Երկրորդ բաղադրիչը դա շաքարային դիաբետով տառապաղ քաղաքացիներին կենտրոնացած եղանակով դեղեր տրամադրելն է, մինչև այս փոփոխությունը առողջապահության նախարարությունը որպես ռազնավարական գնորդ մի քանի տարվա համար շաքարային դիաբետի դեղեր էր գնում, ապա այն ըստ պոլիկլինիկաների հայտերի բաժանում նրանց միջև:
Ապրիլի 1-ից այլևս շաքարային դիաբետով հիվանդները դեղերը կստանան դեղատներից:
Այս պարագայում էլ փաստորեն ԱՆ-ն խոստովանում է, որ կենտրոնական գնումը ինքը «թանկ», ոչ արդյունավետ է իրականացրել, դրա համար էլ պատվիրակում է դեղատներին: Սա սեփական աշխատանքի անարդյունավետության վերաբերյալ խոստովանությո՞ւն է, թե՞ դեղագործական կազմակերպությունների բիզնես շահերի սպասարկում:
Ի՞նչ սպասել այս փորձարարական ծրագրից
Այս փոփոխությունով պետական պատվերով դեղերի տրամադրման հիմնական ակցենտը դրվում է դեղատնային ցանցի վրա: Հայաստանում դեղերի շուկան գտնվում է անմխիթար վիճակում, գրանցված մոտ 3000 դեղերից շրջանառաության մեջ է 1900-ի կարգի դեղատեսակ, արհեստական դժվարություններ և խոչընդոտներ են ստեղծվում դեղեր ներմուծվողների համար, սահմանված են զուգահեռ ներմուծման սահմանափակումներ, բարձր գներ, շուկայական ազատ մրցակցության բացակայություն, դեղերի գրանցման բարդացված կարգ:
Իսկ ըստ հետազոտությունների ՀՀ քաղաքացիները դեղերի և բժշկական պարագաների վրա ծախսում են տարեկան շուրջ 240 մլրդ. դրամ:
Այսօրինակ խալխլված վիճակում գտնվող մանրածախ դեղի առևտրի օբյեկտներում գումարվում է նոր վճարման տեսակ «փոխհատուցման գին»:
Առողջապահության նախարարությունը ինքն է որոշելու դեղի հենակետային գինը, փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը:
Առանց հստակեցնելու, հպանցիկ՝ ոչ բնորոշ նորմատիվ իրավական ակտին, փորձարարական ծրագրում կարմիր թելի պես խոսվում է բնակչի կողմից վճարվելիք «համավճարի» վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարություն, հիմա դուք «համավճա՞ր» եք համարել այն 6 շահառուների խմբերի մասնակի փոխհատուցմամբ՝ 50 % զեղչով և մեկ խմբի՝ 30% զեղջով քաղաքացու կողմից վճարվող գումարը: Այսինքն նույն իրավական ակտում «զեղչն» ու «համավճարը» նույնացրե՞լ եք՝ կիրառելով կրկնակի ստանդարտներ: Թե՞ համավճարը ձեր հրապարակած դեղի փոխհատուցման գնի և դեղատանը ամրագրված վաճառքի գնի և/կամ առևտրային անվանման, համընդհանուր անվանման դեղերի գնային տարբերությունն է:
Տպավորություն է, որ Առողջապահության նախարարությունը չի տեսնում, չի լսում դեղի ոլորտում տրիող անմխիթար իրավիճակը և փոխանակ քայլեր ձեռնարկի, այլ որոշել է ինքն իրեն գործառույթներ վերագրել, հիմա էլ մի ամբողջ ստորաբաժանում ԱՆ-ում կսկսի զբաղվել դեղերի համար դեղի հենակետային գին, փոխհատուցման գին և փոխհատուցման առավելագույն չափ, շահառուի կողմից վճարման ենթակա համավճարի չափ մտացածին ցուցանիշների հաշվարկմամաբ:
Այս փորձարկումը փորձանք է պետական պատվերի ծառայությունների ամենախոցելի, ամենաթույլ ուղղության՝ անվճար դեղի տրամադրման համար: Սրանով միայն առողջապահության կառավարիչների սեփական դեղատնային բիզնեսն է զարգանալու՝ նրանց համար հավելյալ եկամուտներ ապահովելով: Իսկ հեռավոր գյուղում բնակվող մեր համերկրացին այդպես էլ մնալու է անպաշտպան և առանց պետական հոգացության, դեղն էլ գնելու է իր գրպանի գումարով:
Նիկոլ Փաշինյան, գուցե ավելի պետականամետ կլիներ այս ծրագրի շահագրգիռ կառավարիչների դեղատնային բիզնեսներին հարկային կամ այլ արտոնություններ տալ, մի պայմանով, որ հանգիստ թողնեն տեղից էլ հազիվ գոյատևող առողջապաական համակարգին: Առաջարկում եմ նաև Ան-ին հանձնարարել, հստակեցել, ի՞նչ է նշանակում պետական պատվերով տրվող դեղի «համավճար», ի՞նչ գումար է վճարելու քաղաքացին պետպատվերով դեղ ստանալուց:
Մի նկատառում ևս, որպես կանոն, պիլոտային ծրագրերը ունենում են փորձարկման հստակ ժամանակահատված, ելքային ցուցանիշներ, ակնկալվող ցուցանիշներ և այլն:
Ե՞րբ է ավարտվելու այս ծրագիրը, ի՞նչ ցուցանիշներ են ամփոփվելու, որնց եք համոզելու հանրությանը, որ մանրածախ առևտրով և ձեր կողմից «գծագրած» շաքարային դիաբետի դեղը ավելի էժան, հասանելի, որակյալ է, քան պետության կողմից ձեռք բերածը:
Հ.Գ. Առողջապահության կառավարիչները մի հանգամանք ևս մոռացել են, ի տարբերության ԱՆ-ի, որտեղ տարին սկսում է մարտ-ապրիլ ամիսներին (պետական պատվերի, սոցփաթեթի շահառուների տարեկան պայմանագրերը դեռ կնքման ընթացքում է), Հայաստանում գործում են բժշկական կենտրոններ, որոնք իրենց տարեկան կանխատեսային, ռազմավարական, գործառնական ծրագրերը հունվարի մեկից են սկսում և հետևաբար արդեն գնումների պլան են նախատեսել, սիրտ-անոթային դեղերը գնել են, կիրառում են և այլն: Այս հանգամանքը հաշվի՞ առել են, որ տարվա կեսից նման ծրագիր են սկսում:
Հետաքրքիր է՝ քանի՞ «ոչ յուրային» դեղատուն է ակցեպտ ներկայացնելու այս ծրագրին միանալու համար»:

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան