Վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՍ-Ը ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
19-րդ դարի վերջերին տասնյակ հայ արվեստագետներ դարձել էին Սանկտ Պետերբուրգի, Կոստանդնուպոլսի, Փարիզի, Վենետիկի, Մյունխենի և այլ քաղաքների Արվեստի ակադեմիաների շրջանավարտներ։ Այդ նկարիչները և քանդակագործները գերազանց տիրապետում էին կերպարվեստի բոլոր ժանրերին ու միջոցներին: Այնուամենայնիվ, հայկական պահպանողական համայնքներում գեղարվեստական գործունեությամբ զբաղվելը դեռևս մարտահրավեր էր մնում: Արդյունքում, այս արվեստագետներից շատերը հաճախ ստիպված էին տեղափոխվել Մերձավոր Արևելքի և Արևմուտքի կենտրոններ աշխատանք և ճանաչում ձեռք բերելու նպատակով:
Միևնույն ժամանակ, արվեստի դպրոցների և կանոնավոր ցուցահանդեսների բացման շնորհիվ Կոստանդնուպոլիսը, Թիֆլիսը և նույնիսկ Նոր Նախիջևանը (Դոնի Ռոստով) հետզհետե ձևավորեցին արվեստի սեփական միջավայրերը։ Մինչ տեղային այս ջանքերը կոսմոպոլիտ էին և բազմամշակութային, հայերը կարևոր դեր էին խաղում որպես կազմակերպիչներ, մանկավարժներ և մասնակիցներ, նպատակ ունենալով իրենց հայրենի շրջաններում խրախուսել արդի ներկայացուցչական արվեստի ավելի լայն ըմբռնումն ու գնահատանքը:
Հենց այս շրջանում է, որ սկսում է ձևավորվել «հայկական» արդի արվեստի հստակ ուրվագիծը։ Չնայած հայ արվեստագետները ցրված էին և հիմնականում գործում էին իրենց պատմական հայրենիքից դուրս, նրանք կապված էին ազգի ճնշված քաղաքական վիճակի ընդհանուր գիտակցմամբ և իրենց մշակութային ինքնությունը փոխանցելու ցանկությամբ: Քաջատեղյակ լինելով եվրոպական արվեստի գերակշռող միտումներին և վերջին նորամուծություններին՝ նրանցից շատերը նախընտրեցին սոցիալական ուղղվածության ռեալիզմը որպես հայ ժողովրդի անցյալ ու ներկա փորձառությունները տեսանելի դարձնելու միջոց:
19-րդ դարի վերջին ռեալիզմն արդեն հնացած ուղղություն էր համարվում: Այնուամենայնիվ, այն դեռևս կենսական նշանակություն ուներ որպես վկայակոչման և հաղորդակցման գործիք այն ժամանակ, երբ ողջ հայությունը տոգորված էր ազգային ազատագրական և հզորացման գաղափարներով: Բազմաթիվ նշանավոր արվեստագետների, ինչպես օրինակ՝ Անդրեաս Տեր-Մարուքյանի, Երվանդ Ոսկանի, Կարապետ Նշանյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ստեփան Աղաջանյանի, Հմայակ Արծաթպանյանի, Արշակ Ֆեթվաճյանի և այլոց համար ռեալիզմի գեղագիտությունը լոկ տեսանելի իրականությունը վավերագրելու միջոց չէր։ Նրանց արվեստը նաև քննադատորեն վերհանում էր նահապետական հասարակության հիմնախնդիրները և արտացոլում նրա փոթորկուն անցումը դեպի արդիականություն: 20-րդ դարասկզբի հայկական արվեստի այդ առաջադեմ նկրտումների վառ ապացույցն է նաև հայ առաջին մասնագիտացված կին արվեստագետների՝ Զաբել Բոյաջյանի, Նոյեմի Գափամաջյանի, Արմինիա Բաբայանի և այլոց հայտնությունը։
Ռեալիստական ուղղության այս գեղանկարիչների և քանդակագործների հետաքրքրությունները չէին սահմանափակվում իրենց էթնոմշակութային պատկանելությամբ, այլ տարածվում էին դեպի ավելի լայն համատեքստեր, որոնցում նրանք ապրում և գործում էին: «Ուրիշին» հասկանալու խնդրով համակված՝ նրանք հետևողականորեն ուսումնասիրում էին տարածաշրջանային և օտար մշակույթները կարեկցող ու մարդասիրական դիրքերից։ Սա թույլ տվեց նրանց խուսափել արևմտյան արվեստում տարածված գաղութատիրական հռետորաբանությունից և, փոխարենը, փնտրել լայն աշխարհի հետ հարաբերվելու առավել հավասարական ուղիներ։
Հայ նոր և նորագույն արվեստի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Հակոբ Հովնաթանյանի, Ստեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և 18-ից 20-րդ դարասկզբի անվանի նկարիչների անկրկնելի ստեղծագործությունները»։

«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
130Երեկ, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
128Երեկ, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
130Երեկ, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
131Երեկ, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
53829.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
64528.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
269224.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
88923.09.2026, 23:24