«Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել` գնահատեք մեզ». Հայկուհի Հովհաննիսյան

Ուսուցչուհի Հայկուհի Հովհաննիսյանը գրել է. «Ուսուցիչը ոչ թե պետք է խնդրի իր տեղը հասարակության մեջ, այլ այնքան լավ ճանաչի իր արժեքը, որ այդ տեղն այլևս ոչ ոք չկարողանա փոքրացնել։
Այս՝ Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել․ «Գնահատեք մեզ»։
Շատ ենք ասել, որ ուսուցչին չեն գնահատում պետությունը, ծնողը, հասարակությունը։ Չեն տեսնում այն ժամերը, որ մնում ենք դպրոցում, այն աշխատանքը, որ տուն ենք տանում, այն հոգնածությունը, որ անտեսվում է։ Այո՛, ուսուցչի աշխատանքը պետք է արժանապատիվ վարձատրվի, պաշտպանված լինի և ունենա պետական իրական աջակցություն։ Բայց կա մի անհարմար հարց․ իսկ մենք ինքներս գիտե՞նք մեր արժեքը։
Երբեմն մենք մեր մասնագիտությունը ներկայացնում ենք՝ որպես անվերջ հոգնածություն, զոհաբերություն և «երեխայի համար ամեն ինչ անելու» պատրաստակամություն։ Այնքան ենք սովորել տալ, որ մոռացել ենք արժեքավորել մեր տվածը։ Հատկապես մենք՝ կանայք․ սովոր ենք հոգ տանել բոլորի մասին, բայց երբ գալիս է սեփական մասնագիտական սահմանները պաշտպանելու հերթը, տեղի ենք տալիս։ Մինչդեռ մեր ժամանակը, գիտելիքն ու փորձը հստակ արժեք ունեն։
Ուսուցիչը պետք է հասանելի լինի երեխային, բայց ոչ՝ անսահման հասանելի բոլորին։ Երեխայի կողքին լինելը չի նշանակում հանդուրժել անպատշաճ խոսք, բամբասանք կամ մասնագիտական միջամտություն։ Ուսուցիչը կարող է լինել երեխայի ամենամոտ մենթորը, բայց միաժամանակ պետք է պահի այն ներքին բարձրությունը, որը պահանջում է հարգալից հեռավորություն։ Հարգանքը ճիշտ սահմանն է։
Հատկապես ուզում եմ ասել ուսուցչուհիներին․ բարությունը մի՛ շփոթեք ինքնազոհաբերման հետ, համեստությունը՝ սեփական արժեքը թաքցնելու, իսկ իրավունքները պաշտպանելը՝ կոնֆլիկտի հետ։ Ձեր ձեռքբերումները ներկայացնելը ինքնագովազդ չէ, այլ թույլ չտալը, որ մեր մասնագիտությունը ուրիշները ներկայացնեն մեզնից ցածր գնով։ Մենք իրավունք ունենք չհամաձայնելու, պահանջելու և հարցեր բարձրացնելու։ Հասուն մասնագետի ձայնը գոռալու կարիք չունի․ ուժեղ խոսքը բարձր ձայնի կարիք չունի։
Մենք պարզապես գիտելիք փոխանցողներ չենք․ մենք սերունդների միջև այն անտեսանելի սոսինձն ենք, որով երեխան կապվում է իր հողի, լեզվի ու մշակույթի հետ։ Այսօր մեր դիմաց նստած աշակերտը վաղը որոշումներ կայացնող է դառնալու։ Նա գուցե մոռանա դասի մի մասը, բայց իր հետ տանելու է զգացողությունը՝ իրեն հավատացի՞ն, լսեցի՞ն, սովորեցրի՞ն մտածել, թե՞ պարզապես պահանջեցին ենթարկվել։
Այդ պատճառով ես այլևս չեմ ուզում ասել՝ «գնահատեք ուսուցչին»։ Ուզում եմ, որ ուսուցիչն ինքը հասկանա՝ ինչի կրողն է։ Որ իմանա իր պատասխանատվությունը, կարողանա ասել «ոչ» կամ «համաձայն չեմ»՝ առանց մեղավոր զգալու, և պաշտպանի իր արժանապատվությունը՝ առանց որևէ մեկին վիրավորելու։ Հասարակությունը մեզ վերաբերվելու է ոչ միայն այնպես, ինչպես պահանջում ենք, այլև այնպես, ինչպես մենք ենք մեզ պահում։
Այս Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել․ «Գնահատեք մեզ»։
Գուցե պետք է պարզապես կանգնել մեր տեղում, ուղղել մեջքներս ու ասել․
Մենք գիտենք՝ ինչ արժեք ենք ստեղծում։
Մենք գիտենք՝ ինչ պատասխանատվություն ենք կրում։
Մենք գիտենք մեր սահմանները։
Եվ այլևս չենք պատրաստվում ինքներս մեզ փոքրացնել, որպեսզի ուրիշների համար ավելի հարմար լինենք։
Թող այսուհետ ուսուցչի արժանիքը չլինի այն, թե որքան բան կարողացավ լուռ տանել, այլ այն, թե որքան լույս, արժանապատվություն և ազատ մտածողություն կարողացավ փոխանցել՝ առանց ինքն իրեն կորցնելու։
Ուսուցիչը ոչ թե պետք է խնդրի իր տեղը, այլ այնքան լավ ճանաչի իր արժեքը, որ այդ տեղն այլևս ոչ ոք չկարողանա փոքրացնել։
Ամենայն հարգանքով կոլեգաններիս՝ երջանիկ եղեք, որ կարողանաք այս ծանր պատասխանատու միսիան պատվով տանել»։

«Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել՝ գնահատեք մեզ». Հայկուհի Հովհաննիսյան
3122:42
«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան
7219:00
«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
46630.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
50030.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
55030.09.2026, 00:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
54529.09.2026, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
45128.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
81624.09.2026, 20:42