Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դատապարտյալներից մեկը երգել է «Доля воровская», սպեցնազն ասել է՝ պետք է երգեք «Господа офицеры»-ն»․ Ժաննա Ալեքսանյան

«Դատապարտյալներից մեկը երգել է «Доля воровская», սպեցնազն ասել է՝ պետք է երգեք «Господа офицеры»-ն»․ Ժաննա Ալեքսանյան
168
Այսօր, 14:36

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսին մանրամասներ հայտնեց օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ բանտարկյալների հետ տեղի ունեցած միջադեպից։ Նրա խոսքով՝ հատուկջոկատայինները 30-40 հոգով դուբինկաներով խոշտանգել են ցմահ ազատազրկվածներին, կոտրել ոսկորները։
Հիշեցնենք, որ ՔԿԾ-ն, անդրադառնալով Ժաննա Ալեքսանյանի ահազանգին, հայտնել էր, որ օրինաչափ կերպով ճնշվել են բանտարկյալների կողմից բարձրացված անհնազանդության գործողությունները։
««Նուբարաշեն»-ը բռնությունների որջ է։ Մի քանի տարի առաջ էլ ռեժիմի պետի տեղեկությամբ բանտարկյալին դանակահարել էին։ Օրեր առաջ դատապարտյալները զբոսանքի ժամանակ երգել են տարբեր երգեր, ինչ-որ մեկը երգել է «доля воровская», որից հետո եղել է այդ ամենը։ Սպեցնազը, որ խփել է, ասել է՝ պետք է երգեք «господа офицеры» երգը։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ դա ասում, մի քանի հոգու հետ եմ խոսել։ Երբ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ»,- ասաց նա՝ հավելելով, որ բռնությունները շարունակվում են մեկ ամսից ավելի։ «Սպեցնազ կոչվածը, որ համարում եմ բանդիտական խումբ, իր արտոնյալ վիճակով առևանգել է դատապարտյալներից մեկին՝ Դավիթ Մինասյանին, երկրորդ օրը նա դեռ չկար տեղում։ Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, հիմա չգիտեմ էլ՝ նա որտեղ է»,- ասաց Ալեքսանյանը։ Իրավապաշտպանը հայտնեց նաև, որ ցմահ դատապարտյալների կենցաղային պայմանները, սնունդը շատ վատն են և որ փակ համակարգում, պետության պատասխանատվության ներքո գտնվող անձանց հետ չի կարելի նման կերպ վարվել։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ քննարկում