Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

««Վեոլիա ջուրը» մեր գլխին պատուհաս է դարձել»․ հրազդանցիներ

««Վեոլիա ջուրը» մեր գլխին պատուհաս է դարձել»․ հրազդանցիներ
252
Երեկ, 11:54

Արդեն մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հրազդան քաղաքում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժողովրդին հայտնի Չերեմուշկա թաղամասի բազմաբնակարանային շենքի բնակիչները 5 օրից ավելի է՝ չեն կարողանում դրական պատասխան ստանալ «Վեոլիա ջուր» ընկերությունից, որը, ինչպես բնակիչներն են նշում, իսկական պատուհաս է դարձել իրենց գլխին։ Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «4-5 օր է՝ թվով 28 շենքեր, որոնց մեծ մասը՝ 9-հարկանի, բնակիչներով դարձել են «Վեոլիա ջրի» գերին։ 5 օր է՝ զանգում ենք, նրանց տեղեկացնում, որ կեղտաջրերը դիտահորերից դուրս են գալիս, ողողում փողոցներն ու լցվում շենքերի նկուղային հարկերը ու խնդրում ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկեն, սակայն ոչ մի դրական պատասխան։ Արդեն եկել ենք էն եզրահանգման, որ «Վեոլիա ջուրը» մեր գլխին մի իսկական պատուհաս է դարձել, էն որ ասում են՝ 7-գլխանի հրեշը նստում է ջրի պռունկին ու ասում՝ մինչեւ աղջիկն չբերեք, ջուրը չեմ տա, հիմա լրիվ էս մեր Կոտայքի «Վեոլիա ջուրն» է։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում կեղտաջրերն անխնա հոսեն ու տարածքում տիրի գարշահոտ վիճակ, իսկ պատասխանատուները, տվյալ դեպքում՝ «Վեոլիա ջուրը», զբաղվի միայն վարձավճարներ հավաքելով։ Մի օր եթե վճարումն ուշացնենք, դրանց հսկիչը բայղուշի նման սաղիս դռների գլազոկներից կկախվի։ Բա հիմա ինչ անենք, 5 օր ա՝ էս անտանելի վիճակն ա, էլ չենք ասում, որ էդ կեղտաջրերը երբ լցվում են նկուղներ, շենքերի հիմքերի հերն անիծում են։ Քաղաքապետ Սևակ Միքայելյանին էլ ենք դիմել, վերջինը ինչ հնարավոր է, արել է, թեպետ իր գործառույթների մեջ չի մտնում։ Հիմա հարգելի «Վեոլիա ջուր», կամ մեզ որակյալ սպասարկում արա, կամ էլ ամբողջ էս 28 շենքի բնակիչներով կհրաժարվենք վճարումները կատարել ու չփորձես մեզ հետ խոսել Տեր Թոդիկի օրինակով կամ էլ վախեցնել, թե ջուրը կկտրեք, դատի կտաք։ Եթե քաղաքակիրթ երկրում ապրեինք, հիմա մենք էինք քեզ դատի տալու ու հաստատ դատը կշահեինք»։