Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ով ասում է՝ Ղարաբաղը բեռ էր, վաղը նույն կերպ կհիմնավորի, որ բեռ էին Շիրակն ու Վայոց ձորը». Միքայել Նահապետյան

«Ով ասում է՝ Ղարաբաղը բեռ էր, վաղը նույն կերպ կհիմնավորի, որ բեռ էին Շիրակն ու Վայոց ձորը». Միքայել Նահապետյան
220
Երեկ, 22:24

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհում չկա երկիր, որ չունենա ներքին պառակտումներ։ Ու եթե Աստված մեզ սիրել է պատի մի կողմում հավաքելով, օրինակ, գերմանացիքի բախտն էդքան չի բերել։ Փոխադարձ քամահրանքի սադիստական կծիկ է ներգերմանական հակասությունը։
Հարուստ Բավարիա ու աղքատ արևելք, «բարոյալքված» Բեռլին ու «ադաթավոր» ռեգիոններ, բանկիր Հեսսեն ու բանվոր Սաքսոնիա-Անհալթ... էս բոլորի սրտում կա թաքուն վիրավորանք, որ «ինչ-որ մեկը նստած է մեր վզին», որ «պահում ենք ծույլերին», որ «մեզ թալանում են հարուստները», որ «սաղ պետապարատը գրավել են էսինչացիք»... Ու այս ամենն՝ սկսած դեռ 1871-ից, երբ պրուսացի Բիսմարկը, օգտվելով պրուսացիքի՝ ռազմական և քաղաքական էլիտա լինելու հանգամանքից, միավորեց մինչ այդ ինքնուրույն ու կամակոր մի շարք գերմանական թագավորություններ, դքսություններ ու քաղաքներ՝ Պրուսիան, Բավարիան, Սաքսոնիան, Վյուրտենբերգը, Բադենը, Համբուրգը, Բրեմենը, Լյուբեկը, Շլեզվիգ-Հոլշտեյնը, Լուենբուրգը, Հեսսենը ու էլի մի ահագին մանր երկրներ:
Ու այդ միավորումն էր, որ չնայած ներսում եռացող ինտրիգների, թարախի ու նախանձի, թե՝ «ապե խի՞ պտի պրուսացիք վլաստը վերցեն, մեզ ասեն՝ որը որից հետո ա» շանս տվեց Գերմանիային դուրս պրծնել անվերջ ստորացման այն ցիկլից, երբ կամ ռուսներն էին մարշով մտնում գերմանական հրապարակներ, կամ ֆրանսիացիք։
Եթե ելնենք զուտ թվերից մինչև այդ միավորումը բոլորով միասին գերմանական երկրների մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ չէր անցնում 7 տոկոսը, որից մենակ 4 տոկոսը Պրուսիայի տնտեսությունն էր, իսկ վերամիավորումից ընդամենը 20-30 տարի անց Գերմանիան դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ իր վրա վերցնելով աշխարհի ամբողջ տնտեսության մինչև 15% մասնաբաժինը, զիջելով միայն պապեցպապ հարուստ Բրիտանական կայսրությանը։
Հետո ոչ մի տեղ չկորած հակասություններին ու բաժանումներին ավելացան պարտությունը Առաջին համաշխարհայինում, Հիտլերյան տարիները, պարտությունը Երկրորդ համաշխարհայինում ու արդեն ֆիզիկական պառակտումը՝ պատի միջոցով... Ահա այսքան բաժանումներ ու միավորումներ է տեսել Գերմանիան։
Այդ բոլոր հակասությունները ոչ մի տեղ չեն չքվել, դրանք կան ու պարբերաբար հնչում են հիմնականում շատ զգուշավոր ու նուրբ տոներով։ Վստահաբար միջինվիճակագրական գերմանացին հայհոյում է իր քաղաքական առաջնորդներին թուլակամության, մինչև վերջ չասելու, ճշմարտությունը ճակատներին չշպրտելու համար։ Հաստատ ամեն մարզում կան ջղայն մարդիկ, ովքեր կուզեին, որ իրենց ընտրած պատգամավորը ամբիոնից ասեր «հա ասում ենք ձեն չհանենք, բայց էլ սենց չի լինի՝ էսինչ ռեգիոնը կյանքներս կերավ», բայց հասարակությունը, մեդիան ու քաղաքական համակարգը ատամները սրած սպասում են մեկն էդպես բախտը փորձի, որ թաղեն քաղաքական կենսագրությունը։ Ու եթե Աստված չաներ Գերմանիային բաժին հասներ թեկուզ մի Նիկոլ, որ կգործեր այդքան անսանձ ու անպատիժ՝ համակարգված ու ինստիտուտներով, ապա գերմանական այդ կաթսան իր հրեղեն հյութով շուռ կգար եվրոպայի վրա՝ ավերելով այդ բոլոր ջղայն գերմանացիների տները, գործարանները ու ապագան։ Եվ գուցե կոնտեքստին տիրապետող մարդիկ ասեն «իսկ ի՞նչ է AfD-ն եթե ոչ նիկոլականություն», բայց AfD-ն դեռ չի անցել լայնամասշտաբ ներազգային թշնամանքի և արդեն իսկ հանդիպում է ուժեղ դիմադրության։
Էս ամեն ինչը պատմում եմ ինչի՞ համար։ Այսօր մենք ապրում ենք մեր պատմության ամենամութ էջերից մեկը, մենք անցնում ենք նվաստացման ու պարտության բոլոր շրջաններով և այս ահռելի մեքենան քամում է մեր մեջի մարդուն՝ փորձելով մեզ դարձնել արնախում սրիկաների ոհմակ։
Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը ձեզ համոզում է, որ Ղարաբաղը բեռ էր ու տզրուկ, հիշեք, որ մենք մեր հազարամյա պատմության մեջ սեփական ուժին ապավինելով շատ քիչ հաղթանակներ ենք ունեցել և դրանք բոլորը եղել են մեր միության պահին ու ոչ պառակտման, հիշեք, որ նա ով ասում է Ղարաբաղը բեռ էր ու վկայակոչում ինչ-որ ֆինանսական թվեր՝ վաղը ճիշտ նույն կերպ կհիմնավորի, որ բեռ էին Շիրակն ու Վայոց ձորը, հիշեք որ Ղարաբաղը ամենաբարձր ծնելիությամբ, օրինակելի կարգապահությամբ, ամենամարտունակ հատվածն էր, որ մեզ հույս էր տալիս, որ կարող ենք լինել ավելին, քան կանք, կարող ենք իրարով հպարտանալ ու առաջ գնալ, հիշեք որ Ղարաբաղը տալիս էր մեզ հացահատիկ, որ վիզներս մի քիչ քիչ ծռեինք ռուսների առաջ ու տալիս էր մետաղներ, որ ոչ թե ռուսների, այլ մեր մետաղի հույսով կանգնենք համաշխարհային բորսաների առաջ։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը կասի, որ ղարաբաղցիները «էսպես ու էնպես են»՝ հիշեք, թե այդ նույն մարդիկ ինչպես էին քծնվում ռուս փախստականներին, ամեն անգամ երբ կասեն «սկի չեն ուզում գրական հայերեն խոսան»՝ հիշեք, թե ինչպես այդ նույն մարդիկ մի գիշերում ռեստորանների մենյուները հարմարեցրին ռուս ռելոկանտներին... Ի՞նչ պատահեց մեզ։
Մենք նույն արյունն ենք, նույն խմորից, տարբեր ենք էնքան, ինչքան տավուշեցին ու արտաշատցին, բայց աշխարհում ավելի նման ոչ մեկի չունենք ու պիտի ամուր գրկենք իրար, տաքացնենք իրար էս ցուրտ աշխարհի մեզ բաժին հասած վերմակի տակ՝ որպես 90-ականներին մրսող երկու փոքր ախպերներ ու վերապրենք այդ ցուրտը մինչև գա լույսն ու հաղթանակը։ Իսկ այն կգա, եթե այս անկման պահին պահենք մեր մարդկային դեմքը, մեր միությունն ու եղբայրությունը, լռեցնենք սուտն ու ատելությունը և գալիքի բոլոր պլաններում հաշվի առնենք միմյանց գոյությունը ու երջանկության իրավունքը»: