Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ժողովո՞ւրդն ավելի համառ կգտնվի, թե՞ Նիկոլը»․ Սևակ Հակոբյան

«Ժողովո՞ւրդն ավելի համառ կգտնվի, թե՞ Նիկոլը»․ Սևակ Հակոբյան
165
Այսօր, 00:12

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ժողովո՞ւրդը ավելի համառ կգտնվի, թե՞ Նիկոլը․ «Կարճ ասած»

7 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 23-ին, հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը՝ հնարավորություն տալով Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ դառնալ և կառավարել բոլորիս ապագան․ նաև անցյալը, ինչպես ժամանակը ցույց տվեց։ Երկու շաբաթ անց, մեկ անհաջող փորձից հետո, Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ Հայաստանի այն ժամանակվա խորհրդարանի կողմից։ Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, կարճ ժամանակ անց արդեն, դատելով նրա կադրային քաղաքականությունից, նրա որոշ գործողություններից, ասում էինք, որ եկել է Արցախը հանձնելու, Ցեղասպանությունն ուրանալու, Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու և այլ՝ ազգային շահերին վտանգող քայլերի համար։ Սա այն դեպքերից է, որ կուզենայինք սխալված լինել։ Ցավոք, ընթացքը ցույց տվեց, որ չենք սխալվում։
Ուղիղ 7 տարի անց, պաշտոնապես ֆիքսում ենք, որ մեր մտահոգությունները կատարված են, մեր անհանգստությունները դարձել են իրականություն։ ՔՊ-ական պատգամավորներն այսօր խորհրդարանում մուննաթ էին գալիս լրագրողների վրա, թե՝ ուր ա, որ Հայոց ցեղասպանությունն ուրանում ենք, չկա մարդ, որ կարող է ուրանալ Ցեղասպանությունը։ Թուրքիան ասում է՝ պետք է պատմաբանների հանձնաժողովը քննի, տեսնեն՝ ինչ ողբերգություն է եղել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նիկոլն էլ իր հերթին ասում է՝ դեռ պետք է պարզենք՝ ինչ է տեղի ունեցել։ Թե՛ Նիկոլը, թե՛ Էրդողանը լրիվ նույն բանն են ասում, ուղղակի Նիկոլը պատմաբան բառը չի օգտագործում։ ՔՊ-ականները մեղադրում են Սերժ Սարգսյանին, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն անունը ստացած բանակցությունների փուլում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ մեր մարզիկների հգուստից հանվել էր Արարատի պատկերը։ Դա, իհարկե, քննադատելի քայլ էր, և բավականին աղմուկ բարձրացավ այդ ժամանակ։ Շատերս դա կարող ենք հիշեցնել, որովհետև քննադատել ենք նաև այն ժամանակ, բայց ՔՊ-ն իրավունք չունի գոնե մի տողով հիշել այդ մասին, որովհետև իրենց առաջնորդն է էս երկու տարի անընդհատ ասում՝ ի՞նչ եք կպել Արարատից, մոռացե՛ք, մեր լեռը Արագածն է։
ՔՊ-ականներն ասում են՝ ո՞ւր ա, որ Ցեղասպանությունը ուրանում ենք, Նիկոլի օրոք Բայդենը ասել է Ցեղասպանություն բառը։ Հա, պրիմիտիվ եք։ Որ Բայդենը ասել է Ցեղասպանություն, կարո՞ղ եք ասել, դրա մեջ քանի՞ լումա ներդրում ունի Նիկոլը, ՔՊ-ն։
Երեկ մասնակցում էի ֆիլմի ցուցադրության․ ֆիլմը կոչվում է «Ավետյաց լեռը»։ Մեր պատմության ողբերգական էջերի մասին չափազանց կարևոր վավերագրություն էր։ Ցեղասպանության մասին էր, Ցեղասպանությունից հետո անգամ Հայաստանը զավթելու թուրքական պլանների, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանության քաղաքականության, Արցախյան պատերազմի և դրանում Թուրքիայի ակտիվ դերակատարության՝ թե՛ զենքով, թե՛ հրամանատարությամբ, թե՛ դիվանագիտությամբ, Արցախի վրա 2023թ․ հարձակման, բռնագաղթի մասին էր։ Դու տեսնում ես, թե ինչպես Հայաստանի պաշտոնական քաղաքականության փոփոխության արդյունքում Թուրքիան հաջողացրեց անել այն, ինչը անգամ Ցեղասպանության ժամանակ չէր հաջողվում։ Նիկոլ Փաշինյանը, պարտության տանելով Հայաստանը, խառնեց ամբողջ տարածաշրջանը, մեզ զրկեց մեր երկրորդ հանրապետությունից, մեզ զրկեց զարգանալու հնարավորությունից, իրար մոտեցրեց թուրքական աշխարհը՝ Հայաստանը դարձնելով միջանցք։
Թուրքիայի հետ բարեկամություն անելու քարոզարշավի մասնակիցներին ֆիլմը ցույց է տալիս Սիրիայի օրինակը, թե ինչպես այն դարձավ թուրքական ազդեցության գոտի, հիմա իշխանությունը փաստացի Թուրքիայի ղեկավարման ներքո է։ Ու սա պետք է դաս լինի Հյաստանի իշխանության համար, որը չունենալով այս պահին Թուրքիայի հետ հարաբերություն կառուցելու որևէ նախապայման, որևէ երաշխիք, թռել է թուրքերի գիրկը։
Շնորհակալություն եմ հայտնում Alpha Media House-ին ֆիլմի համար և խորհուրդ եմ տալիս անայման դիտել, հղումը կդնեմ մեկնաբանությունների հատվածում, դիտե՛ք, որովհետև այնտեղ լիուլի փաստեր են, որից ինքներդ կարող եք վերլուծել, դասեր քաղել, շատ բան հասկանալ։ ՔՊ-ին էլ խորհուրդ եմ տալիս անպայման նայել, անգամ կուսակցական ժողովներում։ Ամեն անգամ, որ մի անկապ թեմա գտնում-քննարկում եք, էս անգամ էլ դիտեք, թե ձեր անկապ քննարկումները մեր երկիրը ուր են հասցրել ու ինչ պրոցեսների մասնակից եք դուք․․․ Իհարկե թշնամու կողմից, նկատի ունեմ։
Ուզեք-չուզեք, ձեզ ճղեք, հոխորտաք, ինչ էլ անեք, մեկ է՝ ձեր իշխանությունը ողբերգական ազդեցություն է ունեցել մեր պատմության վրա, ու դուք չնայած բարձր գոռում եք, թե մոռանանք անցյալը, Ցեղասպանության ճանաչում պահանջելը անցյալում է, Ղարաբաղի էջն էլ փակված է, բայց հակազդեցությունը այնքան մեծ է, որ ձեր ծրագրերը ձախողվում են ու ձեզ նաև դրա համար են արդեն բոլոր տեղերում իրար հետևից մերժում։
Ցանկացած միջավայրում երբ զրույցի ես բռնվում, տեսնում ես, որ մարդիկ նույն կարծիքն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը գործում է Ալիևի ու Էրդողանի թելադրանքով, պարտադրանքով։ Դրանում արդեն, շատերի մոտ կասկած չկա։ Նրանց հիմնական քննարկման թեման այն է՝ ստիպողաբար է անում, շանտաժով է անում, իր կամքով է անում, համոզմունքով է անում, գեները գուցե հայի չեն։ Քննարկումը այ սրա շուրջ է։
2018 թվականին Հանրապետության հրապարակում կոկորդ էր պատռում, թե՝ ես հլը չեմ բանակցել, բայց ասում են, թե եկել եմ Ղարաբաղը հանձնեմ։ Չեղա՞վ այդպես։ Ինչպես որ պատմական փաստ է Հայոց ցեղասպանությունը և Հայոց ցեղասպանություն իրականացնողների անունները՝ Թալեաթի գլխավորությամբ, էնպես էլ պատմական փաստ է Արցախի հանձնումը և հանձնողի անունը։ Փաստ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշման կտրուկ նահանջը՝ Նիկոլ գլխավորությամբ ու թիմի ձեռամբ։ Էսօր ՔՊ-ական պատգամավորներն ասում էին՝ մեզ հանկարծ չմեղադրեք Ցեղասպանություը ուրանալու, նահանջելու մեջ։ Թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասում է՝ շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Արարատ Միրզոյանը չի ասում՝ մենք չենք մոռանալու, պարտավոր եք հաշվի նստել փաստերի հետ, ստիպված եք լինելու մի օր ընդունել և այլն, այլ ասում է՝ շատ դժվար է մոռանալ, այսինքն՝ փորձում ենք, դժվար է, բայց կաշխատենք մոռանալ։ Այսինքն՝ դժվար գործ ենք անում թուրքեր ջան, դա թանկ գին ունի։ Հենա Արցախն էլ, տեսա՞ք, ինչքան դժվար էր ուրանալը, հանձնելը։
Կարճ ասած՝ այս իշխանության հետ վաղուց ամեն ինչ հասկանալի է․ թե ինչ քայլեր են անում, որը որից հետո են անում, ճշգրտորեն կանխատեսել ենք ու շեղում չեն տալիս։ Բայց հարցն այն է՝ ինչպես է այս ամենի դեմն առնվելու։ Այսօր մտահոգիչ հարց է, թե որ մեկս ավելի շուտ կհասնենք մեր նպատակին՝ իշխանությունը հայկական հարցն ամբողջությամբ փակելու, Հայաստանը քարտեզից ջնջելու և թշնամուն բանտիկով սիրուն հանձնելու իր ծրագրո՞ւմ, թե՞ ընդդիմությունն ու ժողովուրդը՝ այս ծրագիրը խափանելու գործում։
Մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ իշխանության դեմ պայքարի թեզերը, Փաշինյանի ու թիմի արածները որպես դավաճանություն որակելու թեզերը հանրության մեջ ընկալում ունեն, ուղղակի հարց է, թե որ կողմը ավելի համառ կգտնվի ու կհասնի վերջնական հաջողության»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան