Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Եթե «ներողություն» խնդրելը նշանակում է պաշտոնավարման շարունակություն, սխալվում եք». Կարեն Հեքիմյան

«Եթե «ներողություն» խնդրելը նշանակում է պաշտոնավարման շարունակություն, սխալվում եք». Կարեն Հեքիմյան
196
Այսօր, 04:12

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020թ հուլիսի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգսյան Հայկը (Շիշ բռնող) դիմակ չկրելու համար ներողություն խնդրեց «հայրենակիցներից և պարետատնից»:
2023թ. ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենը «ՀՀ բոլոր քաղաքացիներից» ներողություն խնդրեց քաղաքացու դեմքին թքելու համար:
2024թ. դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Ավինյան Տիգրանը ներողություն խնդրեց «հոր կոպիտ պահվածքի համար»:
2025թ. ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Գաբրիելյան Վիլենը (Նավակ Ճոճող) «բոլորից հրապարակային» ներողություն հայցեց:
2025թ. մայիսի 5-ին Նոր Նորքի թաղապետ Տեր-Մարգարյան Տիգրանն «քաղաքապետ Ավինյան Տիգրանից և հանրությունից ներողամտություն հայցեց»:
Այսպիսի «ներողություններ» էլի կան (թող ներեն ինձ նրանք, ում «ներողությունները» չեմ հիշատակում): Եվ ընդհանրապես՝ 2018թ. սկսած պաշտոնյաները և վերջիններիս փոխկապակցված անձինք իրենց պահելաձևի համար հաճախ են ներողություն խնդրում: Սակայն, ներողությունից հետո ոչինչ չի հետևում՝ չկա իրավական կամ բարոյական պատիժ:
Այս ամենը սկսում է մանկապարտեզ հիշեցնել: Վստահ եմ՝ «ներողություն» խնդրածներից և ոչ մեկը (այնպես, ինչպես մանկապարտեզում) չի գիտակցել իր մեղքը, իսկ «ներողությունը» խնդրել է ստիպողաբար: Դա նշանակում է, որ անպայման ռեցիդիվ է լինելու: Եվ, եթե այդպես է, ապա ավելի լավ չէ՞ որևէ ներողություն չխնդրել: Փոխարենը հայտարարել՝ «լավ եմ անում, որ թքում եմ, ծեծում եմ, համբալ եմ անվանում»: Եթե «ներողություն» խնդրելը նշանակում է պաշտոնավարման շարունակություն, ապա սխալվում եք: Առանց որևէ ներողության կարելի է պաշտոնավարել առանց ժամկետի սահմանափակման: Ապացույց՝ Մուամմար Քադդաֆի, Սադդամ Հուսեյն, Իոսիֆ Ստալին, Կիմ Չեն Ին, Ալեքսանդր Լուկաշենկո և այլն: Վերջիններս երբեք ներողություն չեն (չէին) խնդրում և իշխանավարում են (էին) առանց ժամկետի սահմանափակման: Միգուցե նրանք ավելի ազնիվ են (էին)»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան