Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Թրամփի պաշտոնական այցերը կանխորոշելու են տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների լուծումը». Արա Արայան

«Թրամփի պաշտոնական այցերը կանխորոշելու են տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների լուծումը». Արա Արայան
103
Այսօր, 01:24

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտակա օրերին Միջին արևելքում տեղի ունենալիք՝ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցերը կանխորոշելու են տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների լուծումը:
Այցը սկսվեց Սաուդյան Արաբիայից, շարունակվելու է Քուվեյթում և ԱՄԷ-ում:
Սրան զուգահեռ մայիսի 14-15-ին Ստամբուլում կայանալու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:
Սպասվում է Պուտին-Զելենսկի հանդիպում, չնայած ռուսական կողմը անում է ամեն ինչ, որպեսզի Պուտինի փոխարեն ավելի ցածր դասի պաշտոնյա հանդիպի Զելենսկու հետ:
Ռուսական կողմն առևտուր է առաջարկում իր պայմաններով:
Սակայն, Թրամփի այցը Միջին Արևելք կարող է ռուսական խաղաքարտերի հիմնական մասը զրոյացնել: Եթե Սաուդիան Արաբիան ամերիկացնիների հետ գա համաձայնության և իջեցնի նավթի գները, ռուսական կողմը կհայտնվի ծանր կացության մեջ: Սա ճնշում է նաև Իրանի վրա: Բացի դա, ԵՄ-ն արդեն իսկ Պուտինին ներկայացրել է վերջնաժամկետ 30-- օրյա զինադադար կնքելու վերաբերյալ՝ հակառակ դեպքում խոստանալով ռուսական ստվերային նավատորմի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառել:
Սաուդիան Արաբիայում հնարավոր է՝ տեղի ունենա հանդիպում Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաաի հետ: Թրամփը գործարքի պատրաստ պրագմատիկ բիզնեսմեն է: Ահմեդ ալ-Շարաան արդեն առաջարկել է Դամասկոսում Թրամփի երկնաքեր կառուցել: Սիրիան Սաուդյան Արաբիայի և մասամբ Թուրքիայի ազդեցության ներքո, բայց հիմնականում ԱՄՆ-ի հովանավորության տակ գտնվելով սկսելու է զարգանալ և վերածվել տարածաշրջանային բալանս ապահովող կարևոր գործոնի: Սաուդները ոչ մի կերպ չեն համաձայնվելու Սիրիան Թուրքիայի ու Իսրայելի քմահաճությանը թողնելու մտքին:
Սիրիան կարևոր դեր է ստանալու նաև ԱՄՆ-ի ու Կատարի միջև սկսվելիք բանակցություններում: Ամերիկացիները ամենայն հավանականությամբ կաջակցեն վաղուց սառեցված Կատար-Եվրոպա գազատար կառուցելու ծրագրին: Կատարը ահռելի գազի պաշարներ ունի: Տարանցիկ ճանապարհը կարող է անցնել միայն Սիրիայով: Սիրիական պատերազմի հրահրման պատճառներից մեկը դա էր: Ռուսներին ու պարսիկներին ձեռնտու էր Սիրիան ռազմական պոլիգոնի վերածելը և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Սիրիան վերածվի ավերակների՝ հանդես գալով՝ որպես Սիրիայի դաշնակից: Կատարից խողովակաշարով գազը դեպի ԵՄ հասնելու ծրագիրը վտանգավոր է, թե Ռուսաստանի, թե Իրանի համար: Առայժմ Կատարը իր հիմնական գազը արտահանում է հեղուկ տեսքով, սակայն խողովակաշարը ավելի կարևոր է: ԱՄՆ-ն հեղուկ գազի խոշոր արտահանող է, սակայն այժմ ամերիկացիները փորձում են իրենց ձեռքը վերցնել դեպի ԵՄ գործող բոլոր խոշոր գազատարերը, այդ թվում ռուսական Հյուսիսային հոսքը և Թուրքական հոսքը: Ահա ռուս-ամերիկյան առևտրի հիմնական ոլորտներից մեկը, ինչը կարող է չեզոքացվել Կատարում:
Այս մեծ խաղում Թուրքիան ունի իր հետաքրքրությունները: Թուրքերին՝ որպես բոնուս, լուծարվեց Քրդական բանվորական կուսակցությունը: Տասնամյակներ շարունակ քրդերին Թուրքիայի դեմ օգտագործել են թե ռուսները, թե Իսրայելն ու նույն ամերիկացիները: Բայց ժամանակները փոխվել են, ի՞նչ բանվորական կուսակցության մասին է խոսքը: Դա ԿԳԲ-ի ստեղծած տրոցկիստական հոսանքներից մեկն էր, որին նաև մշտապես փորձել են ներգրավել հայերին: Չնայած հայկական և քրդական շահերը տրամագծորեն իրարից տարբեր են եղել:
Հայաստանին ձեռնտու են վերը նշված էներգետիկ ծրագրերը: Եթե դրանք իրագործվեն, էժան նավթի ու գազի պարագայում Ադրբեջանը բոլորովին այլ երկիր կդառնա: Ադրբեջանական գազի ու նավթի արտահանման աշխարհագրությունը էականորեն կփոխվի, ամենագրավիչ շուկան կդառնան հարևան երկրները, այդ թվում՝ Հայաստանը...
Սրանք Միջին Արևելքի հետ կապված հարցերի փոքր մասն են: Կան Իսրայելի, Իրանի, Պաղեստինի և իհարկե, Չինաստանի հարցերը, որոնք փոխկապակցված են:
Պատահական չէ, որ Թրամփի արտասահմանյան առաջին պաշտոնական այցը հենց Սաուդյան Արաբիայից է սկսվում:
Թարմփի պարագայում մեկ կարևոր ԼԱՎ հանգամանք կա, բիզնեսմենը կռիվ չի սիրում, խույս է տալիս կռվից, լավ բիզնեսմենը փող աշխատելու բազմաթիվ ձևեր գիտե, պատերազմների շահավետության մասին թեզերը հորինվածք են, հորինվել են «քաղաքական գործիչ» կոչվող ձրիակեր ստահակների և նրանց տերերի կողմից:
Համաշխարհային օրակարգն արդեն իսկ փոխված է և փոխվում է օր օրի: Դիկտատորների ու խամաճիկ կառավարիչների ժամանակները կավարտվեն աննկատ: Խաղաղությունը նրանց հակացուցված է»:

Աղբյուրը`   Արա Արայան