«Խորանալու է առկա սոցիալ-հոգեբանական անջրպետը»․ Ծաղիկ Վարդանյան
119
Այսօր, 09:24
«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կփոխարինվի՞ «մաղարիչով» հիվանդության պատճառով բանակից ազատվելը «1 ամիս ժամկետով ծառայություն + 20 մլն. դրամ» մոդելով «ծառայած» լինելուն։ ՀՀ կառավարության ընթացիկ տարվա մայիսի 22-ի նիստում Պաշտպանության նախարարությունը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է Հայաստանում գումարի դիմաց կարճ պարտադիր զինվորական ծառայություն ներդնել: Առաջարկում են 1 ամիս ժամկետով ծառայություն + 24մլն. դրամ, և 6 ամիս ժամկետով ծառայություն + 18 միլիոն դրամ: ՀԻՇԵՆՔ. Ըստ գործող օրենսդրության «Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է»: Վերոնշյալ նախագիծը շատ կարևոր և բազմաշերտ հարցեր է առաջացնում: Զինվորական ծառայության փոխարեն առաջարկվում է կարճաժամկետ՝ 1 ամսանոց ծառայություն և 24 միլիոն դրամ վճարում և սույն քաղաքացին համարվելու է «ծառայած»: Ներկայացնեմ «գումար ծառայելու փոխարեն» մոդելի սոցիալհոգեբանական հետևանքները: Դրանք բազմաբնույթ են՝ անհատական, հասարակական և ինստիտուցիոնալ մակարդակներում։
1. Անհատական մակարդակ Անհատները, ովքեր չեն կարող վճարել 24 մլն դրամ, կզգան անարդարություն և անզորություն, ինչը խորացնելու է արդեն իսկ առկա սոցիալ-հոգեբանական անջրպետը միջին/ցածր և բարձր եկամուտ ունեցող երիտասարդների, ընտանիքերի միջև: Զորակոչիկի ինքնագնահատականը ընկնելու է կարծելով, որ իրենց ծառայությունը «արժեզրկված» է և այս ամենը «սևերի» և «սպիտակների» Հայաստանում: 2. Հասարակական մակարդակ Սոցիալական անարդարության խորացում Մեծաթիվ մարդիկ մտածելու են, որ բանակը դարձել է միայն «աղքատների գործը», ինչը հղի է վստահության անկումով պետության նկատմամբ։ Ուժեղանալու է սոցիալական պառակտվածությունը՝ «ծառայածներ» և «փող տվածներ» խմբերի միջև։ Զորացրվածների և վճարողների միջև հնարավոր է թշնամանք, վիրավորանք, փոխադարձ չհասկացվածություն։ Կանխատեսվում է նաև բանակի՝ որպես հասարակական ինստիտուտի նկատմամբ վստահության անկում: 3. Ինստիտուցիոնալ մակարդակ Ծառայության արժեքը կորցնում է իր համընդհանուր նշանակությունը՝ որպես քաղաքացիական պարտք, սահմանադրական պարտականություն։ Բանակը այլևս չի ընկալվելու որպես բոլորի հավասար մասնակցության ոլորտ։ Հայաստանում մտածողության վերջնական փոփոխություն է սպասվում՝ «փողը լուծում է ամեն ինչ»: Երիտասարդների մոտ կձևավորվի համոզմունք, որ պետության օրենքները հնարավոր է շրջանցել փողի միջոցով, ինչը խորացնում է կոռուպցիոն մշակույթը։ Այո՛, մի քանի երկրներում գոյություն ունեն պարտադիր զինվորական ծառայության փոխարեն փողային այլընտրանքներ կամ ազատման ձևեր, սակայն «1 ամսով ծառայություն + բարձր գումար» մոդելը շատ հազվադեպ է ու այն խնդիրներ է հարուցում հանրային, սոցիալական արդարության տեսանկյունից։ Ստորև ինֆոգրաֆիկայի ձևով ներկայացրել եմ մի քանի պետություններում գործող զինվորական ծառայության մոդելների համեմատականը: ՀՀ-ում նախատեսվող «գումար ծառայելու փոխարեն» մոդելը ներկայում գործում է Թուրքիայում, այն կոչվում է «Վճարովի ծառայություն» ծրագիր՝ «bedelli askerlik»։ Պետությունը թույլ է տալիս կրճատել ծառայության տևողությունը և ֆիզիկապես չմասնակցել, վճարելով մեծ գումար (2024-ին՝ ~182,000 թուրքական լիրա կամ մոտ $6,000): Ծառայությունը փաստացի տևում է միայն 21 օր՝ հիմնավոր պրակտիկ դասընթացներով, մնացած ժամանակահատվածը համարվում է «ծառայված»։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանում նախատեսվող մոդելը աննշան շեղումներով կրկնում է Թուրքիայում գործող մոդելին, պարզապես ՀՀ-ում $60 000 են պահանջում չծառայելու համար, Թուրքիայում՝ $6,000: Երկուսն էլ առաջարկում են կարճատև ծառայություն + բարձր վճար, բայց առանց այլընտրանքային ծառայության և առանց սոցիալական հավասարության ապահովման մեխանիզմների։ Փոխարենը Իսրայելում պարտադիր ծառայություն՝ տղամարդկանց համար 2.5 տարի, կանանց՝ 2 տարի։ Ազատում՝ առողջական, կրոնական կամ այլ հիմնավոր պատճառներով։Վճարով ծառայությունից ազատում՝ չկա։ Ծառայությունից խուսափելու փորձերն իրավական պատասխանատվություն են առաջացնում։ Եվրոպայում գրեթե ոչ մի երկիր չունի թուրքական կամ նախատեսվող հայկական մոդելի նման համակարգ, որտեղ վճարով կարելի է ծառայությունից ազատվել կամ «ծառայած» համարվել։ Եվրոպական պետություններում գերակշռում է սոցիալական արդարության գաղափարը։ Ծառայությունից ազատումը թույլատրվում է միայն առողջական պատճառներով, կրոնական/բարոյական համոզմունքներով՝ որպես այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։Այն երկրներում, որտեղ պարտադիր ծառայությունը պահպանվել է (օրինակ՝ Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ավստրիա), այն հաճախ ընկալվում է որպես քաղաքացիական պարտք և կրթություն, ոչ թե միայն ռազմական պարտականություն։ Իսկ հայրենի Հայաստանում ստացվում է, որ եթե մինչև 2025 թվականը տարաբնույթ հիվանդություններով էին «տառապում» հարուստ ընտանիքների տղա երեխաները և ստիպված շիզոֆրենիա, պարբերական հիավանդություն, ողնաշարի ճողվածք, կարճատեսություն և այլ «հիվանդություններ» ունեին, հիմա կվճարեն և «կապերն ուրախ և բախտավոր» ՝ վերևից նայելով և հեգնելով ծառայողներին: Բայց մի փոքիրկ նրբություն կա՝ կվճարեն մոտ 4 անգամ ավել քան նախկինում: Հ.Գ. Այս փոփոխությունով «Ծառայած» կոչվելու իրավունքը կորցնելու է իրական բովանդակությունը։ Ստեղծվելու է պատկեր, թե Հայրենիքի նկատմամաբ պարտքը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականությունը հնարավոր է «գնել»։ Հ.Գ.Հ.Գ. Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակում պետք է ծառայենք բոլորս, անընդհատ և ամենուր՝ բանակում, տանը, աշխատատեղում, արտերկուրում... Դա փողով չի»։