Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ընտանիք, որի կյանքի գլխավոր ձեռքբերումը եղել է միլիոնավոր մարդկանց խաղամոլության մեջ ներքաշելը». Վաչիկ Գրիգորյան

«Ընտանիք, որի կյանքի գլխավոր ձեռքբերումը եղել է միլիոնավոր մարդկանց խաղամոլության մեջ ներքաշելը». Վաչիկ Գրիգորյան
285
Երեկ, 02:06

Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեն դադարում հրապարակումները «Վիվարո»-ի սեփականատերերի կազմակերպած հարսանիքի վերաբերյալ:
Եկեք այս նախանձի ու չտեսության շղթան կտրեմ ավելի արժեհամակարգային նկատառումով:
Ամբողջ ազգը տեսավ իր «կրվածի» վրա կամ հաշվին ուրախացող մի հոծ բազմության, և կոնկրետ մի ընտանիքի, որի կյանքի գլխավոր ձեռքբերումը եղել է միլիոնավոր մարդկանց խաղամոլության մեջ ներքաշելը:
Սրանք գրազը, ղումարը գովազդած, եթերներ հանած այլ կերպ ասած «հասարակայնացրած» մարդիկ են, որոնց թիրախը միջինից ցածր կրթական ցենզ ունեցող ու հիմնականում ֆիզիկական աշխատանքով գումար վաստակող խավն է, այսինքն, ազգի առնվազն 70%-ը:
Բայց, եթե մինչ այս «վարակի» ի հայտ գալը, ղումարը կամ գրազը ունեին հստակ կանոններ, սրանց ի հայտ գալուց հետո ամեն ինչ փոխվեց: Իրենք մարժայի հաշվին մի՛շտ սկսեցին հաղթել՝ շեղվելով գրազի և ղումարի՝ քիչ թե շատ ընդունելի կանոններից:
Հետևաբար, սրանք սկսեցին հնարավորինս շատ մեծացնել մարժան, այսինքն, հնարավորինս շատ մարդու մոլորեցնելով ներքաշել խաղամոլության մեջ՝ առանց նշույլ անգամ խղճի այս միամիտ ժողովրդի նկատմամբ, որն արդեն իսկ ճկռում էր վարկերի, սոցիալական անարդարության և պետական տեռորի տակ:
Չէ՛, բնավ ես այնքան միամիտ չեմ՝ զարմանալու համար մարդկային ագահության և հանուն փողի ամեն ինչ ուրանալու վրա, բայց էստեղ մի նոր խնդրի հետ ենք բախվել:
Գողացված, թալանված կամ ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ձեռք բերված մի խոսքով «կեղտոտ» փողերը մարդիկ միշտ թաքցրել են, կամ փորձել են դրանք «լվանալ», հետո նոր հանրության աչքը մտցնել: Եթե չի էլ ստացվել, ապա գոնե թաքցրել են դրանց ծագումնաբանությունը, իսկ, եթե դա էլ չի ստացվել, ապա փորձել են թաքցնել դրանց գոյությունը:
Հիմա պարզվում է մեր ազգը այնքան է խեղաթյուրվել, այնքան է հեռացել իր պատմությունից, մշակույթից, Հայ Առաքելական Եկեղեցուց, որ մեզանում հայտնվում են մարդիկ, ովքեր կարծում են, թե կարելի է իրենց այդ խաբեությամբ, մոլորեցնելով, մանիպուլացնելով, խաղամոլությամբ ձեռքբերված գումարներով նման միջոցառում կազմակերպել ու դա էլ բավական չէ, հանրայնացնել, հրավիրել պետական պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր և այլն և այլն, դե մնացածը տեսել եք:
Զույգը թող երջանիկ լինի, լավ ընտանիք կազմեն ու թող երբեք չթիրախավորվեն այն մեղքերի համար, որոնք անձնապես իրենք չեն գործել, բայց այն, ինչի ականատեսը եղանք մենք հերթական շքեղ հարսանիքը չէ։ Դա հայ ազգի արժեքային ընկալումների խորքային խեղաթյուրում է, որտեղ փողը՝ լինի խաբեությամբ, մոլորեցմամբ թե խաղամոլությամբ կուտակված, դարձել է փառքի ու հասարակական հեղինակության չափանիշ։ Երբ մի ժողովրդի ցուցադրվում է իր իսկ ցավի, կորուստների և հազարավոր ընտանիքների փլուզման հաշվին հարստացածների նման հանդիսությունը, այստեղ արդեն հանգում ենք արժեհամակարգային կործանման»։

Աղբյուրը`   Վաչիկ Գրիգորյան