«1918-ի արևմտահայերի նման հիմա էլ արցախցիները համառ պայքարով կփրկեն Հայաստանը»․ Նաիրի Հոխիկյան
236
Երեկ, 00:12
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց ցեղասպանության օրերին երբ թուրքերը կոտորում էին Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցներին, Արևելյան Հայաստանում քչերը օգնության հասան իրենց հայրենակիցներին։ Եղան քիչ թվով կամավորներ, բայց տեղական իշխանիկները ժողովրդին համոզեցին, թե դա մեր հայրենիքը չէ, թող Սասունցիներն ու Մշեցիները կռվեն իրենց հայրենիքի համար։ Շատ նման է մեր օրերին, չէ՞: Եղավ ցեղասպանությունը, և հարյուր հազարավոր փախստականներ մի կերպ հասան Արևելյան Հայաստան։ Մի քանի տարի անց թուրքերը հարձակվեցին նաև Արևելյան Հայաստանի վրա' փորձելով բնաջնջել ամբողջ հայությանը։ Այդ ժամանակ առաջին հերթին հենց արևմտահայերի' Անդրանիկի, Մախլուտոյի, Արամ Մանուկյանի և մյուսների շնորհիվ հնարավոր եղավ պահպանել Հայաստանի այս փոքրիկ հատվածը և փրկել Արևելահայությանը ցեղասպանությունից։ Վավերագիր Հայկ Ասատրյանը այդ ժամանակներից մի դրվագ է հիշում, որ տեղի է ունեցել 1920-ին Արթիկի Հոռոմ գյուղում։ Այդ տարածաշրջանում մարդկանց համոզել էին, թե Արևմտյան Հայաստանի հայերը չկռվեցին իրենց հայրենիքի համար ու հիմա ուզում են ոչնչացնել նաև Արևելյան Հայաստանը։ Շատ նման է մեր օրերին, չէ՞: Հայկ Ասատրյանը պատմում է, որ Հոռոմ գյուղում մարդկանց փորձել է բացատրել, որ հայերը միմյանց մեջ չպիտի տարբերություն դնեն, քանի որ հայրենիքը մեկն է։ «Գիշերվա ժամը 2-ն էր. կարծեցի, որ էլ թերահավատ չմնաց։ Խոսքս փակեցի: Բայց ահա՛ սենյակի աղոտ մի անկյունից բարձրացավ կարճահասակ մի մարդ և ասաց հետևյալը. «Երիտասա՛րդ, շա՛տ լավ ես խոսում: Լսի՛ր իմ պատմությունը: Երկու տարի առաջ (ակնարկում է 1918-ը) թուրքը մտավ մեր գյուղը: Ես ունեի երեք տղա և մի աղջիկ: Փոքր տղաս և աղջիկս փախան Երևանի կողմերը, ազատվեցին և հիմա վերադարձել են ու օջախս շենացրել: Գյուղացիները գիտեն, թե ինչ եղավ ամուսնացած երկու տղաներիս և նրանց հարսների ճակատագիրը: Տղաներիս մորթեցին աչքիս առաջ և նրանց հարսներին բռնաբարելով մեռցրին՝ դարձյալ աչքիս առաջ: Հիմա վերադարձած միակ տղաս ամուսնացած է և ունի մի սիրունիկ հարս: Աղջիկս էլ խոմ սիրուն է և հասած: Ուզում եմ, որ թուրքը կրկին գա, էս տղեն էլ աչքիս առաջ մորթի, հարսս ու աղջիկս աչքիս առաջ բռնաբարելով մեռցնի, միայն թե սասունցին չգա ու ինձ չասի՝ «բարև քեզ, աղբե՛ր ջան»: Շատ նման է մեր օրերին, չէ՞: Ցավոք, ժամանակների մեջ փոխվել են միայն ժամանակները, իսկ ազգուրացությունը շարունակվում է։ Հիմա էլ' 2020-ին, հետո' 2023-ին Արևելյան Հայաստանի պետությունը տեր չկանգնեց Արցախին, իսկ տեղական իշխանիկները ամեն տեսակի ստեր տարածեցին Արցախցիների մասին։ Հիմա էլ հանկարծ ի հայտ են գալիս Օշականում ապրող ոմն Ռուստամ Ավագյանի նման արարածներ, որոնք հայտարարում են, թե «թող թուրքը գա, մեր ու մանուկ մորթի, մենակ թե Ղարաբաղցիները չգան...»: Արդյունքում թուրքը տիրացավ ամբողջ Արցախին ու հասավ նույնիսկ Ջերմուկ ու Տավուշ, թիրախավորեց Սիսիանը, Կապանն ու Վարդենիսը։ Ես վստահ եմ, 1918-ի Արևմտահայերի նման, հիմա էլ հենց Արցախցիները համառ պայքարով կփրկեն Արևելյան Հայաստանը' չնայած նրան, որ ինչպես 1918-ին, այնպես էլ հիմա այստեղ ամեն տեսակի ատելություն տարածում են ծննդավայրից զրկված ու տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ»։