Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ի՞նչ է արել Հայ Առաքելական եկեղեցին, որ Փաշազադեն համարում է սպառնալիք». Զոհրաբ Հարոյան

«Ի՞նչ է արել Հայ Առաքելական եկեղեցին, որ Փաշազադեն համարում է սպառնալիք». Զոհրաբ Հարոյան
291
Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 19:54

Լրագրող Զոհրաբ Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն օրերս հայտարարեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ստեղծեց ինֆորմացիան առիթ՝ եկեղեցիներն անվանելով «չուլան», որին արձագանքեցին հոգեւորականներն ու ամուսիններով սկսեցին հարձակումը եկեղեցու դեմ։
Ի՞նչ է արել Հայ Առաքելական եկեղեցին, որ Փաշազադեն համարում է սպառնալիք։
Վերջին ամիսներին Մայր Աթոռի ձեռնարկած 10 հրապարակային գործողություն, որոնք խանգարում են Ադրբեջանին
*Վաշինգթոնում կայացած Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին Գարեգին վարդապետ Համբարձումյանը ամերիկացի օրենսդիրներին հորդորել վճռական գործողություններ ձեռնարկել Արցախի բռնատեղահանված ժողովրդի հարցում։ Գարեգին վարդապետը ներկայացրել է մանրամասն զեկույցներ, որոնք փաստում են մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը:
*ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդը դիմել է ԱՄՆ նախագահին՝ խնդրելով աջակցել հայ գերիների ազատ արձակմանը։ Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում հայ գերիները ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։
*Ֆրանսիայի թեմը ղպտի և ասորի Քույր եկեղեցիների առաջնորդներին հետ պատկան մարմիններից պահանջել են գերիների անհապաղ ազատում:
*Ամենայն հայոց Կաթողիկոսի կոչով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում՝ Ժնևում, տեղի է ունեցել միասնական աղոթք՝ հանուն խաղաղության, գերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածների աջակցության:
*Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել Հայաստանի իշխանություններին, համահայկական և միջազգային կառույցներին մեկտեղել ջանքերը՝ ամեն գնով հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնությունները դադարեցնելու և նրանց ազատ արձակման համար։
*Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդը ութ այլ եկեղեցական առաջնորդների հետ նամակ է գրել վարչապետ Քիր Սթարմերին, որով կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շինծու մեղադրանքներով բանտարկված հայերին ազատ արձակելու համար։ Այս կոչ-նամակը տարածվել է բրիտանական լրատվամիջոցներով:
*Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը պաշտոնական նամակով դիմել է նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որում հայտնել է Բաքվի հայ գերիների հանդեպ անարդար ու անմարդկային վերաբերմունքի, նրանց ոտնահարվող իրավունքների մասին: Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը խնդրել է միջնորդել գերիների ազատ արձակմանը:
*Սուրբ Հարության տոնին Երուսաղեմում դեպի Հարության Տաճար ուղեւորվելիս հայ հոգեւորականներն ու ուխտավորները կրել են Արցախի դրոշը։
*Մայր Աթոռը դատապարտել է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառումը՝ այն համարելով փորձ, որով Ադրբեջանը ժխտում է Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։
* Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Ամենայն Հայոց կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։
*Վերջին ամիսներին մայր աթոռում 4 պաշտոնական ընդունելություն, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացրել է Արցախի ու գերիների հարցը
*Մայր Աթոռում Գերմանիայի նախագահին ընդունելիս Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։
*Ամենայն Հայոց Կաթողիկոսն վրացի, լիբանանցի, բուլղարացի եւ ֆրանսիացի փաստաբաններին ընդունելիս ներկայացրել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների մանրամասները։ Նա նաեւ անդրադարձել է արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, Արցախի հոգեւոր-մշակությաին ժառանգության պահպանմանը։
*Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում Վրաստանի նախագահին ընդունելիս իր գնահատանքն է հայտնել տասնհինգ հայ գերիներին վերադարձնելու ջանքերի համար։ Վրաստանի նախագահը հավաստիացրել է, որ իրենք կնպաստեն գերիների ազատ արձակմանը։
*Վեհափառ Հայրապետը Դատավորների եվրոպական միության ժողովի մասնակիցներին ընդունելիս կարևոր է համարել միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին։
*Այս ընթացքում Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Արտգործնախարարության, Մարդու Իրավունքների պաշտպանի կողմից հիմնականում չեն հնչել, կամ լղոզված, վախվորած հայտարարություններ են հնչել Արցախի բռնազավթման, Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հարցով։ Ընդդիմությունը պառակտված է, ձայնը՝ խլացված։ Գործնականում Ադրբեջանի ծրագրերին դիմադրության ամենաազդեցիկ կենտրոններից մեկը մնացել է Մայր Աթոռը։ Ադրբեջանի համար կենսական անհրաժեշտություն է կազմաքանդել Հայ Առաքելական եկեղեցին։
*Իսկ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա»:

Աղբյուրը`   Զոհրաբ Հարոյան