Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Իրանի ուղղությամբ հարվածների ֆոնին ՀՀ ղեկավարության անադեկվատությունն ուղղակի չռռում է»․ Սևակ Հակոբյան

«Իրանի ուղղությամբ հարվածների ֆոնին ՀՀ ղեկավարության անադեկվատությունն ուղղակի չռռում է»․ Սևակ Հակոբյան
334
Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 20:12

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Իրանի վրա հարվածների ֆոնին, որպես պատերազմական անմիջական սպառնալիքի տակ գտնվող երկիր, պետք է Հայաստանում լինեին այլ գործընթացներ՝ շատ տեսանելի։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հրավիրեր անվտանգության խորհրդի նիստ, գնահատեր իրավիճակը, քայլեր ձեռնարկեր, նախապատրաստական աշխատանքներ տաներ։ Այնինչ՝ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամին վերցրել է ու պետական միջոցներով, պետական ինքնաթիռով թռել Չեխիա՝ իբր ֆորումի։ Հայտարարել են, թե ելույթ կունենա՝ «Հայաստանը՝ փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը։ Խոսելու է, բնականաբար, «խաղաղության խաչմերուկ» կոչված ֆարսից։ Աշխարհը հենց հիմա փոփոխվում է, մեր կողքի հետ, էն զեկույցը, որ դու պատրաստել էիր կարդալու, էսօր էլ արդիական չէ։
Էսօր շատերն էին զարմացել, թե էդ ոնց է, որ Նիկոլն առավոտ շուտ կաթողիկոսի մասին գրառում չի արել։ Պատճառը, հաստատ, Իրանում պատերազմը չէ․ ըստ երևույթին՝ ինքնաթիռում կապ չի ունեցել։ Իրավիճակը թեժ է և սպառնալիքներ է ներկայացնում Հայաստանի համար, տնտեսական, ռազմական անվտանգային առումով։ Պատերազմի խորացման դեպքում սպառնում է Իրանի կողմից սահմանային անցման սահմանափակում, պարենային խնդիրներ, տնտեսական սահմանափակումներ, բեռների տարանցման սահմանափակում կամ չեղարկում։ Հայաստանի ցամաքային կապը մնում է փաստացի միայն Վրաստանի հետ, որն էլ տեսնում ենք, երբեմն արգելում է ապրանքի անցումը։ Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը թե ինչի վիճակում է, տեղեկություններ չունենք, բայց հաշվի առնելով, թե ովքեր են մեր երկիրը ղեկավարում, կարող ենք պատկերացում կազմել։
Բացի սրանից՝ Ադրբեջանը և Թուրքիան կարող են օգտվել առիթից՝ Հայաստանի վրա հարձակման համար։ Ամեն օր Թուրքիան հայտարարում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի՝ իրենց համար կարևորության մասին և շեշտում, որ Հայաստանը խոչընդոտ չէ, խոչընդոտ է Իրանը, որի դիրքորոշումը շատ կտրուկ բացասական է։ Իրանը խոստացել է ամեն գնով թույլ չտալ նման գործընթաց․ սակայն ծանր պատերազմի մեջ ներքաշվող Իրանը չի ունենա այդ ռեսուրսը՝ դեմ կանգնելու Զանգեզուրի միջանցքի ծրագրին։ Եվ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրենց ծրագիրն իրականացնել ռազմական ուժով։ Ռազմական վտանգի տակ են ընկնելու Սյունիքը, Երասխը, Ջերմուկը, Գեղարքունիքը՝ Վարդենիսի ու Սևանի հատվածում, Տավուշը։ ԱԽ քարտուղարն ասում է՝ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ճանապարհով, մենք այդ ձև ենք սպառնալիքները չեզոքցնելու․ կներեք, բայց դա անմեղսունակություն է․ «խաղաղության օրակարգը կկանգնեցնի պատերազմը» արտահայտությունը անհեթեթություն է։ Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են, հսկայական ռազմամթերք են կուտակել։ Միայն Հայաստանի օդային տարածքով Ադրբեջանը դեպի Նախիջևան կրկնապատկել է թռիչքները, հասկանում եք, չէ՞, ինչեր կարող են կուտակած լինել ու այսօր էլ կուտակել։
Սրանք, ժողովուրդ ջան, վտանգավոր զարգացումների դեպքում ծրագիր չունեն, լուծման ուղի չունեն, էլի ասելու են՝ 44-օրյա պատերազմից ո՞վ ա հետը զենք, կասկա, ֆորմա, բատինկա բերել, հագե՛ք, կազմե՛ք ջոկատներ ու գնացեք։
Նիկոլի՝ Ադրբեջանին հանձնված տարածքներում ռազմաբազաներ է կառուցված արդեն, օդանավակայաններ, ադրբեջանական, թուրքական, իսրայելական, պակիստանյան համատեղ զենքերի կուտակումներ են։ Դրանք թե՛ իրանի դեմ կարող են օգտագործվել, թե՛ Հայաստանի։ Հայաստանը դիմագրավելու ի՞նչ ուժ ունի, ո՞ւմ է դիմելու։ Մակրո՞նն է զենք ու զորքով գալու, թե՞ Թրամփը։ Ունե՞ս երեսատեղ Ռուսաստանին դիմելու։
Հայաստանի ղեկավարության անադեկվատությունն ուղղակի չռռում է․ Նիկոլը գնացել է Չեխիա՝ ֆորումի, արտգործնախարարը գնացել է Ֆրանսիա ֆորումի, ԱԽ քարտուղարը Հայաստանում է ֆորումի, պաշտպանության նախարարը մրսել-վատացել է, տեղակալներն էլ քննարկում են փողով բանակից ազատվելու հարցը։ Մի շարք երկրներ զորահավաք են հիմա անում, ինչ-որ բանի է ամեն մեկը պատրաստվում, Հայաստանը, որ անմիջական վտանգի տակ է, հենց էսօր քննարկում էր փողով բանակից ազատվելու հարցը։
Լավ, ասենք, թվարկածս պաշտոնյաները իրենց կաբինետներում էին, ի՞նչ էին անելու։ Նիկոլը, ասենք, չի գնացել Չեխիա, Իսրայել-Իրան պատերազմ է մեր քթի տակ, ի՞նչ էր անելու․ բացի նրանից, որ գրառում աներ կուսակրոնության մասին, ուրիշ բան անելո՞ւ էր։
Կարճ ասած, ժողովո՛ւրդ ջան, նայելով քարտեզին ու Հաաստանի ոչ բարով ղեկավարության դեմքերին, ավելի շատ եմ խղճում մեզ։ Մեզ համար ողբերգական է, որ այս իրավիճակում, էս խառը պահին Հայաստանը դեռևս սրանք են ղեկավարում։ Ժողովուրդ ջան, մենք սրանցով դատապարտված ենք։ Էն որ ասում են՝ մնացել ենք Աստծո հույսին, մեր վիճակն է»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան