«Թույլ չի տալիս, որ ներքաղաքական հակադրության «ջերմաստիճանն» իջնի»․ Սուրեն Սուրենյանց
107
Այսօր, 00:36
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը թեժ է պահում ներքաղաքական հակադրությունը. որո՞նք են նրա մոտիվները Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն թույլ չի տալիս, որ ներքաղաքական հակադրության «ջերմաստիճանն» իջնի, ինչի վկայությունն է Եկեղեցու դեմ արված վերջին գրառումը: Փաշինյանի վարքագիծը հոգևոր կառույցի նկատմամբ սոսկ իդեոլոգիկ հակասություն չէ։ Դա իշխանության պահպանման ռազմավարության մի մասն է՝ ուղղված ներքին քաղաքական մրցակիցների չեզոքացմանը և արտաքին աջակցության շարունակական ապահովմանը։ Փաշինյանն, անշուշտ, չի կարող չհասկանալ, որ իր այս վարքագիծը կարող է ընդհուպ քաղաքացիական բախումների պատճառ դառնալ, սակայն «հետևողական» է իր գծի մեջ, ինչն առնվազն նշանակում է՝ իշխանությունը պահպանելու ներքին և արտաքին ավելի հարմար գործիքներ չունի: Բնականաբար, Փաշինյանի համար առանցքային է գալիք ընտրական ցիկլը: Փաշինյանի կառավարությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, համաձայն վերջին սոցիոլոգիական հարցումների (օրինակ՝ «Կովկասյան բարոմետր»), վայելում են բնակչության ընդամենը 17%-ի աջակցությունը, մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին վստահություն ունի բնակչության 71%-ի շրջանում: Ըստ ամենայնի, Փաշինյանն իր համար մի սկզբունքային եզրահանգման է եկել, որ անգամ ավտորիտար համակարգը չի երաշխավորում իր թիմի վերարտադրությունը 2026-ի ընտրություններում և որոշել է անցում կատարել տոտալիտար կառավարմանը: Տոտալիտարիզմը տարբերվում է ավտորիտարիզմից իր ծայրահեղությամբ՝ ձգտելով վերացնել մարդկային բազմազանությունը և ստեղծել միատարր, լիովին վերահսկվող հասարակություն: Ավտորիտար ռեժիմներն ավելի սահմանափակ նպատակներ ունեն և չեն միջամտում հասարակության խորքային կառուցվածքին: Փաշինյանի կոնցեպտը, բնականաբար, չի կարող հանդուրժել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ իր այսօրվա սահմանադրական կարգավիճակով և փաստացի ազդեցությամբ: Մյուս կողմից, Փաշինյանի այսօրվա ներքին ագրեսիվ քաղաքականությունը սպասարկում է նաև նրա՝ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականությունը: Փաշինյանի կառավարությունը վերջին տարիներին ակտիվորեն ձգտում է խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ հեռանալով ռուսական ազդեցությունից: Եկեղեցին, որ նաև իշխանության քարոզչության միջոցով ընկալվում է որպես ռուսամետ կամ ավանդապաշտ, կարող է դիտվել որպես խոչընդոտ այս գործընթացում: Եկեղեցու դեմ հռետորաբանությունը կարող է լինել ազդանշան Արևմուտքի գլոբալիստական շրջանակներին, որ Փաշինյանի «առաջադիմական» թիմը պայքարում է «գուբերնիստների» դեմ: Քարոզչական այս կեղծ նարատիվը մեծ տարածում ունի Փաշինյանի կողմնակիցների, թիմակիցների խոսույթում: Եվ վերջապես, հայկական ինքնության ապամոնտաժմամբ Փաշինյանը փորձում է հաճոյանալ Բաքվին ու Անկարային: Ու առանձնապես էական չէ, Թուրքիայի և Ադրբեջանի օրակա՞րգն է Փաշինյանն իրականացնում, թե՞ ինքն է «փութաջանորեն» նետվում նրանց գիրկը»: