Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Հայաստանի վարչապետը շատ վաղուց արդեն չունի այնպիսի հեղինակություն, որպեսզի փողոցով հարցեր լուծի»․ Թաթուլ Հակոբյան

«Հայաստանի վարչապետը շատ վաղուց արդեն չունի այնպիսի հեղինակություն, որպեսզի փողոցով հարցեր լուծի»․ Թաթուլ Հակոբյան
184
Այսօր, 02:42

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի վարչապետը շատ վաղուց արդեն չունի այնպիսի հեղինակություն, որպեսզի փողոցով հարցեր լուծի:
Օրինակ, 2018-2019 թվականներին, Նիկոլ Փաշինյանը կարող էր փողոցով նոր կաթողիկոս բերել, մանավանդ, որ մի քանի թեմակալ առաջնորդներ, ովքեր այսօր քննադատում են վարչապետին, նույն վարչապետի մոտ պատվիրակություններ էին ուղարկում՝ առաջարկելով Նոր Հայաստանում ունենալ նոր հայրապետ: Այսինքն, տապալել Ամենայն Հայոցին: Օրը գա, մանրամասն գրելու եմ այդ մասին: Անուն առ անուն:
Անուններ հիմա չեմ ուզում տալ, որովհետև հիմա դրա ժամանակը չէ:
Այդ նույն շրջանում Փաշինյանը Գարեգին Բ-ի հետ պատմական սելֆիներ էր անում և համբուրում Ամենայն Հայոց պարզած խաչը:
Մեր եկեղեցին, Մայր Աթոռը, նվիրապետական աթոռները, եթե կուզեք՝ կաթողիկոսներն ու պատրիարքներն ունեն բազում խոցելի տեղեր, բայց պետություն չէ, որ պիտի խառնվի դրանց և լուծումներ տա:
Պետությունն ինքն ունի հազար ու մի բացեր: Զբաղվեք Ձեր գործերով:
Ճիշտ այնպես, ինչպես Հայոց եկեղեցին չէ, որ պիտի փողոց իջնի և փորձի իշխանության գալ:
Մեր թեմակալ առաջնորդները քաղաքական գործիչներ են դառել:
Մտե՛ք եկեղեցի, մտե՛ք մարդկանց տներ, աղոթք ասե՛ք:
Եթե Փաշինյանը, լինելով պարտված ղեկավար, կարողանում է իր մեջ ուժ գտնել և դա, անձամբ ես բարձր եմ գնահատում եմ, ու խոսել Ալիևի ու Էրդողանի հետ, ապա վարչապետը կարող է նաև խոսել Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Մայր Աթոռի հետ:
Այլ ճանապարհ չկա:
Եթե անգամ գրոհով վերցնեք վեհարանը, դա չի լինելու լուծում:
Եթե անգամ Հայաստանում հավաքեք Գարեգին Բ-ից դժգոհ մեր հոգևորականներին ու փորձեք ձեր ձևով հարցը լուծել, դա նույնպես չի լինելու լուծում:
Եվ, ընդհանրապես, զբաղվեք պետության, անվտանգության հարցերով:
ՈՒ վերջ տվեք էդ ցածրամակարդակ ու անընդունելի բառապաշարին: Սա հավասարապես վերաբերում է և՛ վարչապետին, և՛ Մայր Աթոռին»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան