Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քաղաքական վերնախավի գործողությունները գրեթե սինքրոն են իրավապահ մարմինների գործողությունների հետ»․ Արման Թաթոյան

«Քաղաքական վերնախավի գործողությունները գրեթե սինքրոն են իրավապահ մարմինների գործողությունների հետ»․ Արման Թաթոյան
175
Այսօր, 00:18

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․ «Այս պահին հստակ երևում է, որ՝
1) Իրավապահ մարմինների այսօրվա գործողությունները մինչև սկսելը համաձայնեցվել են ՔՊ կուսակցության քաղաքական վերնախավի հետ՝ վարչապետի գլխավորությամբ:
Դա հստակ երևում է նրանից, թե ինչպես են ՔՊ անդամ պաշտոնյաներն արձագանքում տեղի ունեցողին և ինչ բովանդակությամբ տեքստեր են հրապարակում:
Ժամանակային առումով քաղաքական վերնախավի գործողությունները գրեթե սինքրոն են իրավապահ մարմինների գործողությունների հետ:
Վարչապետի պաշտոն զբաղեղնող ՔՊ կուսակցության ղեկավարի, ՔՊ անդամ պատգամավորների հրապարակումներից հստակ երևում է նաև, որ նրանք նախապես ծանոթ են եղել Քննչական կոմիտեի հրապարակած տեքստի բովանդակությանը:
Ես կարծում եմ՝ իրական է հավանականությունը, որ նրանք էլ հենց մասնակցել են իրավապահ մարմնի անունից հրապարակված տեքստի կամ այդ տեքստի առանձին ձևակերպումների շարադրանքին:
Ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ նրանք գործում են կազմակերպված՝ դերերի հստակ բաշխումով:
2) Հայոց Եկեղեցու, ինչպես նաև Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող, նաև այսօր սկսված զարգացումները ՔՊ կուսակցության վերնախավի պաշտոնյա ներկայացուցիչներն օգտագործում են՝ ատելություն, անհանդուրժողականություն զանգվածաբար տարածելու համար, անում են ծանր վիրավորանքներ, այդ թվում՝ հայհոյանքներ պարունակող հրապարակումներ:
Նրանք այս ամենը հատկապես օգտագործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրենց ատելության արշավի համար՝ դրանով խորացնելով անհանդուրժողականությունն ու պառակտումը հասարակությունում:
3) Նրանք բացահայտ ցուցադրում են, որ իրենք ուղղորդում և համակարգում են իրավապահ մարմինների գործողությունները, որ հիմովին խախտում են անմեղության կանխավարկածը և ստեղծել են աղմուկ՝ ստվերելու կամ քողարկելու համար իրենց գործողությունների իրավաչափության հարցերը:
Բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք չունեն նման կերպ իրենց պահելու որևէ իրավունք, այսպիսի վարքագիծն ուղղակիորեն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:
ՔՊ կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների այս պահվածքը, վարչապետի գլխավորությամբ, ամբողջությամբ է ոտնահարում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացնում է իրավունքի գերակայությունը:
Հ.Գ. Ցանկացած դեպքում բռնության կոչը, մարդկանց վիրավորելն ու ատելությունն անթույլատրելի են եւ պետք է բացառել քաղաքական պրոցեսներում»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան