Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Որոշ հոգևորականներ Կաթողիկոսին առաջարկել են կարգալույծ անել Տավուշի թեմի առաջնորդին»․ Թաթուլ Հակոբյան

«Որոշ հոգևորականներ Կաթողիկոսին առաջարկել են կարգալույծ անել Տավուշի թեմի առաջնորդին»․ Թաթուլ Հակոբյան
260
Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 17:24

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գառումը․ «Անմեղության կանխավարկածը ԲՈԼՈՐԻ համար է, այդ պատճառով՝ երեկ լուռ եմ մնացել: Այսօր էլ շատ ասելիք չկա այս սարսափելի տեղեկատվական տեռորի հոսքերում:
Բայց, կարևոր է, մի քանի արձանագրումներ, որոնց մասին գրել եմ նաև նախկինում:
ա/ Եկեղեցին, Մայր Աթոռը, նրա թեմակալ առաջնորդներն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի վարչապետն իրավունք չունի մտնել ներեկեղեցական գործերի մեջ:
բ/ Երբ Տավուշի թեմի նախկին առաջնորդը մտավ ներքաղաքական ասպարեզ, այդ պահից Հայոց եկեղեցին դրվեց հարվածի տակ, սա պետք էր գիտակցել:
գ/ Երբ Տավուշի թեմի առաջնորդը դուրս եկավ փողոց, Մայր Աթոռը պետք է հստակ հայտարարեր, որ համաձայն չէ այդ որոշման հետ: Ի դեպ, իմ տեղեկություններով, Մայր Աթոռում որոշ հոգևորականներ Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկել են կարգալույծ անել թեմի առաջնորդին:
դ/ Մեր թեմակալ առաջնորդները, այո, ՀՀ քաղաքացիներ են, այո, մտահոգ են երկրի ճակատագրով, բայց անթույլատրելի է և դատապարտելի հեղաշրջման կոչեր անելը և այն անպարկեշտ բառապաշարը, որ օգտագործում էին վարչապետի և նրա թիմի հասցեին: Ճիշտ նույն անպարկեշտ բառապաշարն օգտագործում է վարչապետը և թիմը Ամենայն Հայոցի հասցեին, որ նույնպես դատապարտելի է:
ե/Ցավալիորեն, ընդդիմությունը հերթական առիթը տվեց, որպեսզի իշխանությունները գործեն այնպես, ինչպես իրենց սիրտն է ուզում:
զ/ Ամենայն Հայոց կաթողիկոսն ավելի խոցելի է և ավելի խոցելի է դառնում Տավուշի թեմի առաջնորդին հրապարակային աջակցությունից հետո:
Եվ, վերջապես, իշխանության և ընդդիմության փոխադարձ ատելությունը այն աստիճանի է, երեկվա տեղեկատվական տեռորը վկա, որ նրանք պատրաստ կլինեն երկիրը վարի տալ՝ միայն թե պահեն իշխանությունը կամ հասնեն իշխանության»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան