«Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցին վերածել կուսակցության»․ Հակոբ Բադալյան
175
Այսօր, 11:24
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում: Դա բնականաբար կներկայացվի որպես «հավատավոր հոտի» ներկայացուցիչների դժգոհություն: Իհարկե անմիտ է պնդել, թե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների շարքում չկան մեծ թվով մարդիկ, որոնք լինելով ՀԱԵ հետևորդ, այդուհանդերձ չեն վստահում Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Բայց, եկեղեցու՝ հոգևոր իշխանության հարցում առաջնորդվել քաղաքական իշխանության տրամաբանությամբ, այսինքն՝ «վարկանիշային» տրամաբանությամբ, մեղմ ասած սխալ է: Օրինակ, Սուրբ Աթոռի առաջնորդին ընտրում է մի քանի տասնյակ կամ հարյուրից մի քիչ ավելի կարդինալ, փակ սենյակում, և աշխարհի կաթոլիկները առաջինը նույնիսկ ոչ թե Պապին են տեսնում, այլ սպիտակկ ծուխը: Մոտ 1,5 միլիարդ կաթոլիկներից քանի՞ տոկոսն է վստահում որևէ Պապի: Երբևէ անցկացվե՞լ է այդպիսի հարցում: Թերեւս ոչ, որովհետեւ հոգեւոր համակարգի այդպիսի տրամաբանությամբ չափումը կլինի ոչ միայն անմիտ, այլ նաեւ վտանգավոր: Դա կնշանակի քանդել հոգևոր համակարգը հենց հանրային պատկերացումների շրջանակում: Այսինքն, ապամոնտաժվում է ոչ միայն կոնկրետ հոգևոր համակարգի դերը հասարակական հարաբերությունների կառուցվածքում, այլ ինքնին հոգևոր համակարգ հասկացության ընկալումները հասարակության պատկերացումներում: Բնականաբար կառաջանա հարց՝ իսկ ոչ բարեվարք հոգևորականները չե՞ն վնասում: Վնասում են, բայց չեն քանդում, առավել ևս չեն ապամոնտաժում հոգևոր համակարգի հանրային ընկալումները ընդհանրապես: Որովհետև, իրապես ՀԱԵ հետևորդները որևէ Կաթողիկոսի համար չէ, որ հետևել կամ հետևում են Հայ Առաքելական եկեղեցուն: Փաշինյանը փորձում է նույնացնել, ամփոփել եկեղեցին ու Կաթողիկոսը, բերել այն քաղաքական չափումների դաշտ, ըստ էության վերածել եկեղեցին կուսակցության, այդպիսով ստիպելով նաև, որ եկեղեցին անցնի «կուսակցական պաշպանության»: Ցավոք սրտի, այս ընթացքում նկատելի է, որ կա այդ հաշվարկների արդարանալու մեծ ռիսկ: Եկեղեցու «պաշտպանական շրջանակը»՝ անգամ ամենայն անկեղծությամբ, այդուհանդերձ պաշտպանությունը կազմակերպում է հենց կուսակցական-քաղաքական տրամաբանությամբ: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, կրկնեմ, որ ըստ իս, Փաշինյանի նետած մարտահրավերը եկեղեցին պետք է դիտարկի որպես հնարավորություն: Այո, շատ բարդ ու լուրջ մարտահրավեր, բայց հենց դրանով նաև որպես հնարավորություն՝ հետ բերել այն բաց թողնված ժամանակը, որ անհրաժեշտ էր օգտագործել նոր ժամանակների գլոբալ մարտահրավերներին պատրաստվելու և նոր ժամանակների անխուսափելի միջավայրում կենսունակ մարտավարություն ու ռազմավարություն ունենալու համար: Առայժմ կա «ստանդարտ», այսինքն՝ Փաշինյանի համար էլ միանգամայն կանխատեսելի պաշտպանություն: Պետք է արձանագրել, որ հարցը ամենևին Գարեգին Երկրորդին կաթողիկոսական գահին պահելը չէ: Այդ խնդիրը այսօր ավելի խոքային մարտահրավերի առերևույթ դրսևորումներից մեկն է միայն: Ըստ այդմ, երբ լուծման ուղղությամբ ամբողջ միտքը կենտրոնանում է Կաթողիկոսին պահել-չպահելու վրա, այդտեղ «կորում» է առավել ընդգրկունը, լայնը, խորը՝ եկեղեցին: Մինչդեռ, ավելի խորը խնդրում, խնդրի արմատում լուծումներ փնտրելով է, որ հնարավոր է ապահովել արդյունավետ պաշտպանություն արդեն մնացյալ, այդ թվում Կաթողիկոսի գահակալության հարցում: Հասկանում եմ, «նորաձև», առավել ևս այսօրվա համար «ստանդրտին համապատասխանող» մտքեր չեն: Միայն թե, տնտեսական, քաղաքական, մշակութային և հոգևորական վերնախավերում՝ գրեթե քառորդ դար «նորաձևությանը» տուրք տալն է եղել Հայաստանի անարդյունավետ ընթացքի պատճառը»: