«Արդար կլինի, որ անխուսափելի վտանգի դեպքում Մայր Աթոռը տեղափոխվի այլ վայր». Միհրան Հակոբյան
232
Այսօր, 03:12
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսական կայսրությունը շուրջ մեկ դար ամենաբարձր՝ ցարի ու Պետական խորհրդի մակարդակով քննարկել է Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի կարգավիճակի, ընտրության կարգի և նույնիսկ հրաժարականի ինստիտուտի հարցը: Ի տարբերություն Նիկոլի՝ Ռուսական Կայսրությունը քննարկել է ու հասկացել է, որ Հայ Եկեղեցուն և Վեհափառին հնազանդեցնելն ամենալավ միտքը չէ: Ռուսաստանում վերջին գործիչը, ով փորձել է 1836թ.-ի «Положение об управлении делами Армяно-Григорианской церкви в России» անվանումը կրող օրենքը փոփոխել, Ռուսական Կայսրության վարչապետ Պյոտր Ստոլիպինն է եղել: Օրենքի փոփոխությամբ 1905-1906 թվականներին Ստոլիպինը փորձում էր Հայ եկեղեցուն զրկել տիեզերական կարգավիճակից և դարձնել տեղային՝ զուտ Ռուսական Կայսրության տարածքում գործող Եկեղեցի, նաև Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու մեխանիզմ ներդնել, որով հնարավոր կլիներ Վեհափառին ուղիղ կախվածության մեջ դնել ցարից և կառավարությունից: Այսինքն՝ Ստոլիպինը ցանկանում էր անել այն, ինչ Նիկոլն է հիմա փորձում: Արխիվային փաստաթղթերն ապացուցում են, որ Ստոլիպինի նախաձեռնությանը կողմ է եղել Ռուսական Կայսրության Ներքին գործերի նախարարությունը, խիստ դեմ են եղել Արտաքին գործերի նախարարությունն ու տեղի՝ Կովկասի ռուսական իշխանությունն ի դեմս Կովկասի փոխարքա Իլարիոն Վորոնցով-Դաշկովի: Կայսրության Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Իզվոլսկին, հիմք ընդունելով Կոստանդուպոլսում Ռուսաստանի դեսպան Զինովևի դեպեշաներն ու նախարարության վերլուծական փաստաթղթերը, պնդում էր, որ Հայ Եկեղեցուն անհնար է օրենսդրորեն զրկել տիեզերական կարգավիճակից, որովհետև հնարավոր չէ գործածել օրենք, որը դեմ է պատմական ավանդույթին, միևնույնն է՝ Հայ Եկեղեցին չի հրաժարվելու իր ավանդույթից: Նաև նախարար Իզվոլսկին կարծում էր, որ ադմինիստրատիվ եղանակով Ռուսական Կայսրության հայերի հոգևոր կապը կտրելը Օսմանյան Կայսրության և այլ երկրների հայերից Ռուսաստանի շահերից չի բխում: Ի վերջո վտանգ կար, որ տիեզերական կարգավիճակը պահպանելու համար կարող է և Հայ Եկեղեցու միաբանությունը Ռուսական Կայսրության տարածքում գտնվող Էջմիածնից տեղափոխվել այլ վայր: Հատկապես, որ Հայ Եկեղեցին դրա պատմական փորձն ուներ: Իր հերթին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը կայսրության Պետական խորհրդում քննարկումների ժամանակ խստագույնս դեմ էր արտահայտվում Ստոլիպինի նախաձեռնությանը և պնդում էր, որ 1836-ի «պոլոժենիեն» փոխելն ու Հայ Եկեղեցու գործերի մեջ խառնվելը Կովկասում և ամբողջ Ռուսաստանում հայերի շրջանում հեղափոխական ու ապստամբական տրամադրություններ է խրախուսելու: Ի վերջո, Ստոլիպինն իր նախաձեռնությունից հրաժարվեց ու ցարին՝ Նիկոլայ Երկրորդին զեկուցեց, որ Հայ Եկեղեցու մասին 1836-ի օրենքը վերանայման ենթակա չէ: Ավելին՝ ցարին խնդրեցին լռելյան հետ կանչել Հայ Եկեղեցու «սեկուլյարիզացիայի», այլ կերպ ասած՝ եկեղեցական գույքի բռնագրավման հրամանը: Արձանագրենք, որ ի տարբերություն Նիկոլի ու նրա անկիրթ-անմակարդակ շայկայի՝ Հայ Եկեղեցուն ու Վեհափառին հնազանդեցնելու փորձերում ցարը և Ռուսական Կայսրության չինովնիկները իրենց խոսքերում և գործերում երբեք չեն իջել շրիշակի մակարդակի, առավել ևս՝ չեն մտել որևիցե մեկի տաբատի մեջ: Եվ, եթե 21-րդ դարում հայկական կոչվող պետությունում ժողովրդի 80 տոկոսը պետք է զզվի օտար նվաճողից ավելի զազրելի իր կառավարիչից, բայց չկարողանա ստոր ոտնձգություններից պաշտպանել իր սրբությունը՝ Մայր Աթոռն ու նրա տիեզերական էությունը, ապա արդար կլինի, որ անխուսափելի վտանգի դեպքում Մայր Աթոռը տեղափոխվի այլ վայր: Չէ որ Քրիստոսի Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալներն են հիմնադրել Առաքելական Եկեղեցին ու հիմնադրել են՝ որպես Տիեզերական Եկեղեցի, ոչ թե օրվա իշխանության գործիք ու կամակատար»: