Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Փաշինյանը, բացի բռնություններից, այլ կերպ իշխանություն պահելու բոլոր մեթոդները սպառել է»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Փաշինյանը, բացի բռնություններից, այլ կերպ իշխանություն պահելու բոլոր մեթոդները սպառել է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
177
Այսօր, 00:24

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը բռնակալ չդառնալու շանս այլևս չունի: Բացի բռնություններից այլ կերպ իշխանություն պահելու բոլոր տրամաբանությունները, եղանակները և մեթոդները նա այլևս սպառել է: Եթե ամենօրյա քաղաքական ռաբիզը թողնենք մի կողմ ապա խորքային առումով պատկերը հետևյալն է:
Երբ Ալիևը Բաքվում ցուցադրաբար դատում է Արցախի երեք նախագահներին, պետ. նախարարին և զինվորականներին նա անձանց չի դատում: Նա դատում է Արցախը, որպես երևույթ, նպատակ, որպես գաղափար, որը պետք է արմատախիլ արվի և դատապարտվի վերջնականորեն: Նա ցուցադրաբար դատում է հայկականության հաղթանակն ու վերելքը, նա փակում է դա ընդմիշտ, որպես հայկականության հաղթանակի և ազգային գաղափարականության կերպ ու ձգտում:
Ալիևի «հայկական ռազմավարը» նույնն անում է հենց Հայաստանում: Այդ գաղափարներն ու ձգտումները նա հողի վրա և պրակտիկորեն ճնշում և բանտարկում է՝ ի դեմս հայկականության հենասյուների սննկացման, որոնք այդ գաղափարների կրողն են և կարող են դառնալ դրանց վերակենդանացման լոկոմոտիվները:
Բագրատ Սրբազանի
Միքայել Սրբազանի
Սամվել Կարապետյանի
հանրային, քաղաքական, գաղափարական դիրքավորումները օրգանապես վտանգ էին այս իշխանությանը, եթե նույնիսկ նրանք դրա մասին բարձր և ուղիղ չհայտարարեին, որովհետև պարունակում են պոտենցիալ, որը մասամբ գործի էր դրվել, գործի էր դրվում և դեռ գործի չի դրվել: Նույն օրգանական վտանգն են իրենց մեջ պարունակում իշխանության համար նաև բոլոր այն քաղաքական կուսակցությունները, խմբերը, անձինք, ովքեր գործում են այս հորիզոնականներում: Նրանց արգելելը, փակելը, օրենքից դուրս հայտարարելը ու բանտ նետելը նույնպես ժամանակի հարց է:
Առայժմ Բագրատ և Միքայել սրբազաններին, Սամվել Կարապետյանին մեղսագրվող սին երևույթները, որոնց տրվել է քրեաիրավական և դատավարական տրագիկոմեդիկ դրամատուրգիա, բացառապես ծառայում է Փաշինյանի իշխանության անվտանգության մակարդակի բարձրացմանը, որն այլևս ենթադրում է յուրաքանչյուր ֆորմատի, ձևի, մտքի և հանդգնության ծայրահեղական որակում, որի մեջ կա քիչ թե շատ նույնիսկ տեսական սպառնալիք առ Փաշինյանի իշխանություն: Փաշինյանը լավ է հասկանում, որ դա արագ պետք է կանխել և արմատախիլ անել հողի վրա բռնակալական մեթոդներով ճիշտ այնպես, ինչպես Բաքվի դատավարություններում է արմատախիլ արվում ամեն Արցախյանը:
Իրական Հայաստանում նորաձև կրթվածների գաղափարական և հենասյունային առաքելությունը պետք է լինի հակասրբազանությունը և հակաազգակենտրոնությունը: Սա սիստեմատիկ հաշվետվության ֆորմատ է Ալիևի առջև առ այն, որ Բաքվի և Երևանի բանտերում համաժամանակյա իրականացվում է նույն օպերացիան՝ «Հայկականության գաղափարական վերածննդի հնարավորության սննկացում ու արգելում»: Միայն սա կերաշխավորի «իրական Հայաստանում» նորաձև կրթածների իշխանության քաղաքական և ֆիզիկական անվտանգությունը:
Այդ առաքելության ճանապարհին յուրաքանչյուր հավակնություն՝ նույնիսկ օրենքի և իրավունքի տառին համապատասխանող, կստանա քրեաիրավական տրագիկոմեդիկ դրամատուրգիական որակում: Լինի դա ընտրություններ, իմպիչմենտ, հանրային լայն ընդվզում, միևնույն է, որակվելու է որպես մարտահրավեր «իրական Հայաստան» կոչվածին: Այդ ամենին տրվելու է՝ կուզեք ահաբեկչության, կուզեք ռազմական հեղաշրջման, կուզեք իշխանության ուզուրպացման քրեաիրավական դրամատուրգիական որակում: Էական չէ դրան կհավատան, թե ոչ, դա արժանահավատ կլինի, թե ոչ կարևորը տրվի քրեաիրավական դրամատուրգիա և դա ամբողջությամբ օգտագործվի որպես քարոզչական տենդ: Նույնիսկ թավշյա, ժողովրդական, ոչ բռնի որևէ գործողություն որակվելու է՝ զինված, դրսից պարտադրված, ոչ ժողովրդավարական, տեռորիստական բռնի գործողություն: Այլևս իշխանական ամեն ավտոկրատ և դեսպոտիկ մեթոդի կիրառում հիմնավորվելու է որպես «իրական Հայաստան» ստեղծելու ճարահատյալ և պարտադիր մեթոդ, որ «նախկինները հետ չգան» կամ, որ «խաղաղություն լինի» երեսպաշտ մանիպուլյացիաների համար: Որպես դասական ավտորիտար իշխանություն՝ ում պետք է թշնամի և ում գոյությամբ նա կհիմնավորի իր քաղաքական գոյության անհրաժեշտությունը, նա գտել է «թշնամիներ», որոնց թիրախ դարձնելով հիմնավորում է իր իշխանության բնույթի և գոյության իմաստն ու անհրաժեշտությունը:
Երեսպաշտության բոլոր ռեկորդները հատած և հանուն ընտրազանգվածի պահպանման ամեն աբսուրդ այդ ընտրազանգվածին որպես իրականություն հրամցնող այս իշխանության համար որևէ տարբերություն՝ քաղաքական, թե բռնի մեթոդների, օրենքի և իրավունքի պահպանման, թե դրանց կոպիտ ոտնահարման առումով այլևս չկա: Այդ սահմանները լղոզվել ավիրվել ու դեֆորմացվել են նույն կերպ, ինչ կերպ Բաքվում ընթացող հայկականության դատի ընթացքում է լղոզվել, ավերվել և դեֆորմացվել ամեն ինչ:
ՎԵՋՆԱԽԱՂԻ ՄԵՋ ԵՆՔ
ԴԻՐՔԱՎՈՐՎԵՔ»: