«Կյանքեր փրկելու անմիջական լուծումներից է՝ հումանիտար օգնության մուտքը Գազա». Դավիթ Կարապետյան
176
Այսօր, 03:06
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհ, աշխարհ, Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ… 21-րդ դար, Գազա, ցեղասպանություն… Աշխարհի աչքի առաջ, «քաղաքակիրթ» աշխարհի լուռ համաձայնությամբ, աշխարհի թողտվության ու թքած ունենալու արդյունքում Պաղեստինի ժողովուրդը ցեղասպանվում է: Իսրայելը, ով ապրել է հոլոքոստ, նույնն անում է էթնիկ արաբների հետ: Առանց խղճի խայթի, առանց վարանելու: Եվ չի պատժվում: Մայիսի 27-ից ի վեր իսրայելական բանակի կողմից 1054 պաղեստինցի է սպանվել սնունդ հայթայթելու փորձի ժամանակ: Տոտալ բլոկադայի արդյունքում սովից մահացել ու հիմա էլ մահանում են հարյուրավոր երեխաներ: Հումանիտար միջանցքները գրեթե չեն գործում: Աղետի մասշտաբներն աննկարագրելի են: Ճգնաժամն ու քաոսն էլ ավելի է խորանում: Ողջ ազգը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի տակ: Ո՞րն է ելքը, լուծումը… Ներկայիս ճգնաժամի՝ հատկապես սովի, հումանիտար աղետի և քաղաքական փակուղու ելքերը բաժանվում են երեք հիմնական խմբի՝ հումանիտար, քաղաքական և միջազգային իրավունքի շրջանակում։ Ըստ իս, ճգնաժամի լուծումը պահանջում է միաժամանակ գործելու 4 քայլ՝ 1. Հումանիտար միջանցքների երաշխավորում 2. Քաղաքական ճնշում և դիվանագիտական համաձայնություն հրադադարի շուրջ 3. Գազայի ներսում քաղաքացիական կառույցների ներգրավում 4. Բանակցությունների վարում Կյանքեր փրկելու համար անմիջական լուծումներից է՝ անվտանգության երաշխիքներով լիարժեք և անվնաս հումանիտար օգնության մուտքը Գազա: Հետևաբար՝ մշտական օդային և ցամաքային օգնության ուղիների վերաբացումն առաջնահերթություն է: Պահանջվում է՝ ՄԱԿ-ի հսկողությամբ Իսրայելի կողմից բոլոր անցակետերի ամբողջական բացում, ներառյալ՝ Ջաբալիայի, Ռաֆահի և Էրեզի անցակետերը։ Համակարգված և անխոչընդոտ աշխատանք Կարմիր խաչի, Կարմիր Մահիկի, մարդասիրական կառույցների հետ: Սովի դեմ պայքարի հատուկ ծրագրի մշակում և իրականացնում WFP-ի կամ UNICEF առաջնորդությամբ: Ըստ Սոմալիի, Եմենի և Հարավային Սուդանի փորձի՝ «թիրախավորված սննդային ռեաբիլիտացիա» երեխաների համար։ Հրադադարի հաստատում միջազգային երաշխիքներով. Եգիպտոսը, Քաթարը կարող են հանդես գալ որպես զինադադարի հաստատման երաշխավորներ (առաջարկներ եղել են)։ Միջազգային քաղաքացիական առաքելության (մարդու իրավունքների պաշտպանություն, լրագրողների և բուժանձնակազմի անվտանգություն) հաստատում: Սակայն այս ամենը զրոյացվում է, եթե բացակայում է վերը թվարկվածը, հասցեական միջազգային ճնշումն և իրավական գործիքների կիրառումը: Աչքի առաջ ունենալով «քաղաքակիրթ» աշխարհի լուռումունջը (բլոկադայի միջոցով արցախահայերի սովի մատնումն ու էթնիկ զտումը, Ալավիների կոտորածը: Վերոնշյալի մարսումը միջազգային հանրության կողմից հիմք դրեց նոր ցեղասպանություններին)՝ ենթադրելի է, լավագույն դեպքում, համակերպվածության ու հանդուրժողականության կոմֆորտ դիրքերից մտահոգությունների տարափով հեռահար ցավակցումը: Այնպես որ՝ ի՞նչ ՄԱԿ, ինչ միջազգային հանրություն, ի՞նչ միջազգային իրավունք: Չնայած՝ թեպետ դեկլարատիվ, բայց Մակրոնը հայտարարում է, թե սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հանդիսավոր հայտարարությամբ պաշտոնապես կճանաչի Պաղեստինի անկախությունը: Համենայն դեպս՝ ողջունելի է: Արցախը, որն իր բոլոր ատրիբուտներով կայացած ու անկախ պետություն էր՝ նույն խոսքերին ու նման հանդուգն ու հաստատակամ որոշման չարժանացավ: Չնայած՝ պատճառը կա. Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկիր էր, նման քայլի գնալ չէր կարող): Բրիտանացի պատգամավորներն ևս ստորագրել են ուղերձ վարչապետ Քիր Սթարմերին՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու պահանջով։ ԱՄՆ-ի մասին խոսք անգամ չկա: Դա բացառում է: Գազայի մասով դիրքորոշումը գիտենք. «բարի առաջարկներով» էթնիկ զտման ենթարկել բնիկ պաղեստինցիներին, Գազան էլ նվիրել Իսրայելին: Դրա համր էլ Թրամփը հեգնում է թե՛ Մակրոնին, թե՛ բրիտանացի պատգամավորներին: Եվ հետո. նա վաղուց «լուծել» է Գազայի խնդիրը: Այնպես, ինչպես ի սպառ հանգուցալուծել է՝ ռուս-ուկրաինական, իսրայելա-իրանական, սիրիական կոնֆլիկտներն ու հրաշք գործել հայ-ադրբեջանական հակամարտությունում: Հա, ի դեպ. Թրամփը հայտարարել է Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն հաստատելու մտադրության մասին: Այդտեղ ևս շուտով հրաշք է լինելու… Այստեղ է ասված՝ գնա մեռի, արի սիրեմ… Աշխարհ, աշխարհ, Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ…»։