«Եթե չտարբերենք այս արժեքային հակադրությունը, ինքներս ենք դառնալու մեր կործանման մասնակիցը». Դավիթ Անանյան
57
Երեկ, 22:30
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօրվա օրը հասարակության մեջ առաջացրեց կոգնիտիվ դիսոնանս՝ ճակատագրական հակադրությամբ։ Մի կողմից, հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որն իր ամբողջ տրամաբանությամբ ուղղված էր հերթական ընտրությունների նախաշեմին հանրային դիրքավորումներ ապահովելուն։ Այդ ուղերձի հիմնական նշանակությունն ու գործառույթը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված խայտառակ փաստաթուղթը երկարատև խաղաղության հաստատման «պայմանագիր» ներկայացնելն էր։ Իրականում, սակայն, դա ոչ թե խաղաղության սկիզբն ազդարարող էր, այլ՝ Արցախի մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի և Արցախի հարցի լիարժեքորեն վերջնական թաղումն ազդարարող։ Նա իր խոսքի ենթատեքստում արդեն իսկ հանրությանը նախապատրաստում էր նոր տարածքային զիջումների գաղափարին, իսկ ներկա մռայլ իրականությունը մատուցվում էր իբրև 2021 թվականի իրենց նախընտրական խոստումների իրականացում, իսկ պետականության ուրվականային պատրանքը՝ որպես անփոփոխելի ձեռքբերում կամ ճշմարտություն։ Հակառակ դրան, դատարանում հնչեց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքը։ Այն ոչ թե քաղաքական հաշվարկով էր պայմանավորված, այլ բխում էր հոգևոր առաջնորդի անկեղծությունից։ Սրբազան հայրը դիմում էր դատարանի դահլիճում նստած արդարադատություն իրականացնողներին՝ զգուշացնելով, որ նրանց վարքագիծը անկեղծորեն մտահոգում է իրեն, քանզի այն ապագայում ակնհայտորեն դառնալու է պատմության խարան, որն անջնջելիորեն փակցվելու է այսօրվա իշխանությունների վրա։ Նա կոչ էր անում չդառնալ այս խայտառակության մասնակից, չթողնել, որ «չարդարադատությունը» դառնա նրանց համար կործանարար։ Նրա խոսքը հայրական էր, բայց նաև՝ քաղաքական իմաստով շատ ավելի արժեքավոր, քան իշխանության կեղծ խաղաղասիրական քարոզչությունը։ Այս երկուսի հակադրությունը խորհրդանշական է։ Մի կողմից՝ իշխանության խոսք, որը փորձում է պարտությունը ներկայացնել իբրև ձեռքբերում, իսկ մյուս կողմից՝ հոգևոր առաջնորդի խրատ, որը մերկացնում է ճշմարտությունը։ Եվ այստեղ է ծնվում մեր հանրության կոգնիտիվ դիսոնանսը։ Մենք լսում ենք երկու հայերեն բառ, բայց ընկալում ենք երկու տարբեր աշխարհներ։ Մեկում՝ հաշտեցում պարտության և նվաստացման հետ, մյուսում՝ պայքար հանուն արժանապատվության ու ազգային պատասխանատվության։ Հետևաբար հարց է ծագում, ինչպես կարող է նույն ազգի արգանդը ծնել նման ծայրահեղ տարբերություններ։ Մեկը՝ որպես հաշտեցված պարտվողականության քարոզիչ, մյուսը՝ որպես հավատի ու արժանապատվության պաշտպան։ Եթե մենք՝ որպես ժողովուրդ, չկարողանանք տարբերել այդ արժեքային հակադրությունը, ապա ինքներս ենք դառնալու մեր կործանման մասնակիցը։ Վայ մեզ, եթե չվերագտնենք ճշմարտությունը, վայ մեզ, եթե դարձի չգանք»: